ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Երկու գերտերությունների` Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները սրվում են երկրաչափական պրոգրեսիայով։
Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ու ՌԴ-ի տնտեսական իրավիճակի վատթարացումը չի կարող չանդրադառնալ նաև Հայաստանի վրա։ Sputnik Արմենիան զրուցել է փորձագետների հետ այն մասին, թե ինչպես են զագանալու իրադարձությունները և արդյո՞ք հնարավոր է Երրորդ համաշխարհային պատերազմ լինի։
Նշենք` այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո ռուբլին սկսել է ավելի շատ անկում ապրել։ Դոլարն արդեն արժե 65 ռուբլի, իսկ եվրոն` 80, 5 ռուբլի։ Թրամփը հայտնել է Սիրիային հարված հասցնելու իր մտադրության մասին ու կանխատեսելով, որ Ռուսաստանը կկործանի Սիրիայում ամերիկյան հրթիռները` Twitter-ում գրել է` Վաշինգտոնը կօգտագործի նոր և «խելացի» սպառազինություն։
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` իրավիճակն ընդհանուր առմամբ կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար։
«Դա շատ վտանգավոր գործընթաց է, մենք նոր Կարիբյան ճգնաժամ ենք ապրում, և դա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։ Ժամանակակից աշխարհում անհնար է կանխագուշակել այս կամ այն գործողությանը ինչ հակահարված կհաջորդի։ Երրորդ համաշխարհային պատերազմի լուրջ վտանգ կա», — ասաց Բոզոյանը։
Փորձագետի խոսքով` բոլորը հասկանում են, որ այդպիսի պատերազմը ամբողջ մարդկության համար հավանական վտանգ է ներկայացնում, բայց ո՞վ է ասել, որ այդ գործընթացը չի կարող բռնկվել պատահական իրադրաձությունների շղթայի արդյունքում։
Եթե չհաշվենք Կարիբյան ճգնաժամը, սառը պատերազմի ժամանակ անգամ այսպիսի իրավիճակ չի եղել։
«Կարծում եմ` դա կանդրադառնա ոչ միայն Հայաստանի վրա` ճգնաժամի սպառնալիքով, այլև ողջ աշխարհի։ Սա աննախադեպ վիճակ է։ Եթե գերտերությունները չկարողանան սթափ մոտենալ հարցին, ապա կարող է համաշխարհային ողբերգություն տեղի ունենալ», —ասաց Բոզոյանը։
Նա հիշեցրեց, որ Առաջին համաշխարհային պատերազմը պատահական է սկսվել` Սարաևոյում տեղի ունեցած սպանությունից, թեև շատերը կարծում են, որ երկրները պատրաստվում էին դրան։ Քաղաքագետի խոսքով` տեղեկատվական ժամանակաշրջանն առանձնանում է պահի իրավիճակից դրդված որոշումների կայացմամբ, ոչ ոք չի կարող ասել` ինչի դրանք կհանգեն։
Ինչ վերաբերում է ռուսական տնտեսությանը, ապա Բոզոյանի խոսքով` այն արդեն հարմարվել է պատժամիջոցներին, հատկապես 2014-15 թվականենրից հետո, երբ դրան գումարվեց նավթի գնի անկումը։
«Ռուսաստանը դուրս է եկել շոկային վիճակից։ Մեծ հաշվով այն կարողանում է դիմակայել պատժամիջոցներին, եթե, եիհարկե, ոչ մի աղետ տեղի չունենա։ Հիմնական գործոնը, որը կարող է ազդել իրավիճակի վրա, Մոսկվայի անջատումն է SWIFT համակարգից», — ասաց Բոզոյանը։
Մյուս կողմից էլ սա հակամարտության, փաստացիորեն պատերազմի այլ մակարդակ է։ Մոսկվան հայտարարել է, որ պատրաստ է դրան։
«Կարծում եմ` ռուբլու անկումը կարճաժամկետ կլինի, նավթի գինն աճում է, և Ռուսաստանի ֆինանսական համակարգը պետք է դիմակայի դրան», —ասաց Բոզոյանը։
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այդքան լավատեսորեն տրամադրված չէ։ Նրա կարծիքով` եթե առճակատումը ձգձգվի, և ռուս-ամերիկյան հարաբերություններում խնդիրներին լուծում չտրվի, Հայաստանը կարող է «գլորվել-հասնել» 2014 թվականի իրավիճակին։
«Հիմա մենք ավելի շատ ենք ինտեգրված Եվրասիական միությունում, և ռուբլու անկումը կզրկի հայ արտահանողներին մրցակցային առավելություններից», — ասաց Խաչատրյանը։
Նա ուշադրություն հրավիրեց Բելառուսի հայտարարությանն այն մասին, որ իրավիճակի խորացման դեպքում այդ պետությունը ստիպված կլինի արհեստականորեն արժեզրկել սեփական տարադրամը, որպեսզի կարողանա մրցակից մնալ Ռուսաստանին։ Հայաստանը չի կարող այդպիսի քայլի դիմել, տնտեսության կառուցվածքը թույլ չի տալիս։ Մասնավորապես խնդիրներ կառաջանան ապրանքների արտահանման հետ, այդ ապրանքների գները կաճեն։
Տնտեսագետի խոսքով` եթե Հայսատանին հաջողվեր ստեղծել մրցունակ, արտահանման վրա հիմնված տնտեսություն, ապա իրավիճակը այլ կլիներ։
«Մենք այդ քայլերը չարեցինք, նույնիսկ հարկային ոլորտում բարեփոխումներ չենք իրականացրել` տեղացի արտադրողներին պաշտպանելու համար, ինչպես դա Ռուսաստանն է անում», —ասաց Խաչատրյանը։
Նա նշեց, որ արդյունքում նույնիսկ ռուսական ապրանքներն են սկսել ճնշել հայկականին հենց Հայաստանում։
Հաշվի առնելով, որ Հայաստանը սպառել է նոր վարկեր գրավելու հնարավորությունները, իշխանությունները պետք է նոր պաշարներ գտնեն, որպեսզի օգնեն տնտեսությանն ու տնտեսվարող սուբյեկտներին։ Առաջին հերթին դա վերաբերում է հարկային ոլորտին։
Չի կարելի մոռանալ նաև այն մասին, որ ռուբլու երկարատև անկումը կարող է վատ անդրադառնալ Ռուսաստանից արված փոխանցումների ծավալների վրա, ինչպես դա եղավ 2016 թվականին։
Խաչատրյանը ուշադրություն հրավիրեց ևս մեկ փաստի` պատժամիջոցների սպառնալիքի տակ է նաև «Ռուսալ-Արմենալ» ընկերությունը։ Պատժամիջոցների տակ հայտնված «Ռուսալի» դուստր ընկերությունն ԱՄՆ-ում է արտադրություն իրականացնում։ Տնտեսագետի կարծիքով` հաշվի առնելով ընկերության դերը Հայաստանի տնտեսությունում` պետք է ամերիկացիների հետ բանակցություններում նոր լուծումներ գտնել։
Ապրիլի 6-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել 38 ռուս գործարարների, պաշտոնական անձանց ու ընկերությունների համար, այդ թվում նաև` «Ռուսալի», որի դուստր-ընկերությունը` «Ռուսալ Արմենալը», Հայաստանի ամենախոշոր արտահանողներից է։
Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ռուսական ռուբլու հետագա դեվալվացիան աղետ չի համարում` միաժամանակ ընդունելով, որ դա կարող է բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար։
«Լա՞վ է, թե՞ վատ է, որ մեզ համար հասկանալի շուկայում պրոբլեմներ կան։ Իհարկե` վատ է։ Բայց դա կատաստրոֆա՞ է, իհարկե` ոչ», — ասել է նա։
Կարապետյանը համարում է, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միություն մտնելու որոշումը ճիշտ էր, քանի որ այս ընտրությունը հայկական ապրանքների համար ելք է ապահովել 180 միլիոնանոց շուկա։
Նա հավելեց, որ ի պատասխան ռուսական ֆինանսական շուկայի փոփոխությունների` Հայաստանի տնտեսական իշխանություններն աշխատում են այլ շուկաների հետ։
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։
Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Հայաստանը վաղուց է համալրել Պակիստանից մանդարին գնողների ցանկը։ Հեռավորասիական երկրում աճեցվող այդ ցիտրուսը տեղական շուկայում ամենևին էլ նորություն չէ։ Իսլամաբադից Երևան ամսական 50-80 տոննա մանդարին է ներմուծվում։ Այդ պատճառով հայ գործարարները տարակուսում են մանդարինի հետ կապված սոցցանցերում բարձրացած աղմուկի վերաբերյալ։

Ամեն ինչ սկսվեց սոցցանցերի հայկական տիրույթում որոշ օգտատերերի մեկնաբանություններից, նրանք վրդովված էին «շուկայում Հայաստանի համար թշնամական Պակիստանից մանդարինի հայտնվելու» առիթով։ Մասնավորապես, օգտատեր Իրինա Դանիելյանը գրել էր. «Երևանում գրեթե բոլոր սուպերմարկետներն ու խանութները վաճառում են մանդարին, որը մաքսանենգ ճանապարհով (ուրիշ ինչպե՞ս) բերվել է Ադրբեջանի և Թուրքիայի մտերիմ դաշնակից հանդիսացող երկրից։ Պակիստանը ոչ միայն մասնակցել է Արցախում հայերի դեմ վերջին պատերազմին, այլև միակ պետությունն է, որը դեռ չի ճանաչել Հայաստանը»։
Գործնականում պարզվեց, որ Հայաստանն առաջին տարին չէ, որ Պակիստանից մանդարին է ներմուծում, ընդ որում՝ մեծ քանակությամբ։
Վառ, նարնջագույն, հյութալի, փափուկ ու քաղցր։ Ահա Պակիստանից ներմուծվող մանդարինների գլխավոր տարբերությունը Վրաստանից կամ Հունաստանից ներմուծվող նույն մրգից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում մանդարինի աշխարհը բացահայտող այս հուշաթերթիկով կամ ուղեցույցով կիսվեց Պակիստանից մրգեր ներմուծողներից մեկը` Քամալ Մոհամադին (Kamal Mohammadi)։

Քամալ Մոհամադին Իրանում ծնված էթնիկ քուրդ է, 1992 թվականից ապրում է Հայաստանում։ Հայաստանի հետ նրան, պատկերավոր ասած, կապեցին մակարոնները, որոնք նա 90-ականներին ներմուծում էր Իրանից` հարևան երկրի վրա վաճառելու համար։ Ավելի ուշ ամուսնացավ հայուհու հետ և ընդմիշտ մնաց Հայաստանում։
Նրա հետ մենք ծանոթացանք Երևանի մեծածախ շուկաներից մեկում, ուր ուղևորվեցինք պարզելու համար հայկական վաճառասեղաններին պակիստանյան մանդարինի «օրինական» լինելու ու ծագման հարցը։

Մոհամադին հրավիրեց իր մեծածախ կետը, բացեց փայլփլուն մանդարիններով արկղը։ Նա բացատրեց, որ պակիստանյան մանդարինի մեկ կիլոգրամը ինքը, որպես մեծածախ վաճառքով զբաղվող անձ, այսօր վաճառում է 500 դրամով, այն դեպքում, երբ իրանական, վրացական կամ հունական մանդարին այս սեզոնին գրեթե անհնար է գտնել։
«Պակիստանից միայն ու միայն նարենգի (պակիստաներեն՝ մանդարին – խմբ.) ենք բերում, դրանք ավելի հեշտ է պահելը, քանի որ կեղևը հաստ է։ Բացի այդ, դրանք Պակիստանում շատ են, դրա համար ավելի էժան են վաճառում, քան հարևանները», – ասաց նա։
Դրանից բացի Պակիստանում մանդարինն աճեցնում են սեպտեմբերից մինչև մարտի վերջ։ Նրա խոսքով` քանի որ հայկական շուկան փոքր է, ապա ամեն ամիս մեր երկիր մանդարինի երեք բեռնատար է մտնում, այսինքն՝ 50-80 տոննա։

Մենք հրաժեշտ տվեցինք Մոհամադին ու ճանապարհվեցինք այլ տեղ փնտրելու պակիստանյան մանդարիններ։
Մեր ուշադրությունը գրավեց իրանական պետհամարանիշերով ու իրանցի վարորդով բեռնատարը, որը հարևան երկրից տարբեր մթերքներ էր բերել։ Այստեղ լոլիկով, կիվիով, սխտորով և այլ միրգ–բանջարեղենով արկղեր ու տոպրակներ կային։ Հետևի պլանում հաճախորդների ուշադրությունը գրավում էին նարնջագույն մանդարինները։

Վաճառակետի տերը, ով չցանկացավ ներկայանալ, պարզաբանեց, որ ոչ մի հայ Երևանից Իսլամաբադ չի գնա մանդարին բերելու։ Մատակարարները միրգը պատվիրում են իրանցի գործընկերներից։
«Մեզնից ոչ ոք Պակիստան չի գնում մանդարին բերելու։ Ինչպես տեսնում եք՝ բեռնատարներով և՛ մանդարին, և՛ այլ ապրանք են բերել։ Մանդարինը` Պակիստանից, իսկ մնացած ապրանքը` Իրանից», – ասաց տղամարդը։

Նա նշեց, որ նախկինում նաև թուրքական ապրանք էր բերում, սակայն սեպտեմբերի 27-ից դադարեցրել են մատակարարումները, քանի որ այդ տարբերակն անընդունելի են համարում։
Մենք դիմեցինք նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Գերատեսչությունում նշեցին, որ Հայաստանը պաշտոնապես արգելք չի դրել Պակիստանից ներմուծվող ապրանքի վրա, այդ պատճառով շուկայում իսկապես այդ երկրից ապրանքներ կան։

Տեսչական մարմինում հիշեցրին, որ արգելք է սահմանված Թուրքիայից ապրանքների ներմուծման վրա ու հավաստիացրին, որ ներկա պահին չկա ապրանք, որն այս տարի ներմուծված լինի Հայաստան հարևան երկրից։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և համակարգային խնդիրներ բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը:
Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝
Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես՝
Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։



