Կարեն Կարապետյան

«Հրշեջների» կաբինետը. Կարեն Կարապետյանի կառավարության ձեռքբերումներն ու բացթողումները

69
(Թարմացված է 23:40 09.04.2018)
Կարապետյանի գլխավորած նախարարների կաբինետին հաջողվեց կանխել հետաճը, սակայն կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարը չի կարելի հաջողված անվանել։ Այսպես են կարծում փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik, Դավիթ Գալստյան. Կարեն Կարապետյանը 1, 5 տարի է վարչապետի պաշտոնում եղել։ Թե ինչի՞ է նրա օրոք հասել նախարարների կաբինետն ու ինչն էր նրա ուժերից վեր, Sputnik Արմենիան փորձել է վերլուծել փորձագետների հետ։

Ապրիլի 9-ին Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը հրաժարական տվեց։ Այն ընդունեց նախագահ Արմեն Սարգսյանը։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը կարծում է` իր աշխատանքի կարճ ժամկետի ընթացքում Կարեն Կարապետյանի կաբինետը լավ է աշխատել։ Հիմնականում լուծվել են մակրոտնտեսական խնդիրները, որոնք ներկայացված էին 2016 թվականի ծրագրի շրջանկում։

«Հիմնական խնդիրն էր` կայունացնել ֆինանսական, մակրոտնտեսական ոլորտները, որոնք նախորդ կառավարությունից հետո անմխիթար վիճակում էին։ Որոշ քայլեր են արվել բիզնեսի ոլորտը բարելավելու ու ներդրումային ոլորտը ակտիվացնելու համար` հատկապես տեքստիլի արտադրության, շինարարության ու գյուղատնտեսական ոլորտները», — ասաց Մարգարյանը։

2017 թվականի արդյունքները, նրա կարծիքով, կարելի է տպավորիչ համարել։ Այս մասին են վկայում մակրոտնտեսական ցուցանիշները։

Մասնավորապես դա վերաբերում է 7,5 տոկոսանոց տնտեսական աճին, որը երկու անգամ գերազանցում է համաշխարհային տնտեսական աճը, գերազանցում է ԵԱՏՄ այլ երկրների ցուցանիշներն ու նաև եվրոպական երկրների մեծ մասի ցուցանիշները։

Открытие свободной экономической зоны (15 декабря 2017). Мегри
© Sputnik / Aram Nersesyan
Մեղրիում ազատ տնտեսական գոտու բացումը
«Գրանցվել է նաև արտաքին ակտիվություն, մասնավորապես արտահանման աճ։ Իսկ Հայաստանը փոքր շուկայի պայմաններում կարող է իրացնել իր տնտեսական ներուժը միայն արտահանման զարգացմամբ», — ասաց Մարգարյանը։

Արտաքին տնտեսական ու քաղաքական ձերքբերումների շարքում է ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրությունը, որը դիվերսիֆիկացնում է Հայսատանի կապերը։ Բացի այդ, տնտեսության մեջ մեծ դեր կարող է ունենալ Մեղրիում Ազատ տնտեսական գոտու ստեղծումը, նաև Գյումրիում ու Վանաձորում տեխնոլոգիական միավորումների բացումը։

Տնտեսագետը ներկայիս կառավարության ձեռքբերումներից է համարում նաև մինչև 2030 թվականը ռազմավարական ծրագրի ստեղծումը, թեև այն դեռ չի ներկայացվել լայն հասարակական քննարկման։

Ինչ վերաբերում է այն ոլորտներին, որտեղ Կարապետյանի կառավարությունը ձախողել է, ապա, ըստ Մարգարյանի, դրանց թվում են հասարակական ոլորտը, աղքատության ցուցանիշի աճը, կոռուպցիայի դեմ պայքարը։

«Սրանք այն հարցերն են, որոնք պետք է ապագայում լուծվեն։ Համենայն դեպս ռազմավարական խնդիրների լուծման համար պայմաններ են ստեղծվել», — նշեց Մարգարյանը։

Նրա կարծիքով` ընդհանուր առմամբ ձեռքբերումները նպաստել են ներկայիս կառավարության, նաև իր` Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշի ձևավորմանը։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ուշադրություն է հրավիրում այն բանին, որ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Կարապետյանը զգուշացրել էր` տնտեսությունը ծանր վիճակում է գտնվում։

Նրա խոսքով` Կարապետյանի նշանակման պահից գրեթե մեկ տարի կառավարությունը գույքագրում էր անցկացնում։ Սահմանվել էին այն ուղղությունները, որտեղ կարճ ժամկետում հնարավոր էր առաջընթացի հասնել։

Станция в один МВт запущена в селе Шеник Армавирской области.
© Sputnik / Asatur Yesayants
Արմավիրի մարզի Շենիք գյուղում գործարկվեց մեկ ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանը
«Կառավարությունը հիմնականում լուծում էր օպերատիվ ու մարտավարական խնդիրները` որոշ դեպքերում ռազմավարական նպատակներ դնելով։ Կարելի է ասել, որ Կարապետյանը փորձում էր տնտեսության «հրդեհը մարել», դադարեցնել համընդհանուր հետաճը», — ասաց Հակոբյանը։

Այս առումով Կարապետյանի կառավարությունը որոշակի հաջողության է հասել։ Առաջխաղացում է գրանցվել բիզնեսի ոլորտում, մանավանդ որ ամենասկզբից հայտարարվել էր «մենեջերների կառավարության» մասին։

Քաղտեխնոլոգի խոսքով` բիզնեսի ներկայացուցիչների հայտարարությունները ևս վկայում են այն մասին, որ որոշակի փոփոխություններ են եղել այնպիսի «քրոնիկական» ոլորտներում, ինչպիսին են` հարկային ու մաքսային ոլորտները։

«Որոշակի տնտեսական կայունություն է ապահովվել, գրանցվել է զգալի (եթե համեմատենք նախորդ տասը տարիների ցուցանիշների հետ) տնտեսական աճ։ Հետընթացը կանխվել է, դրվել են տնտեսական աճի հիմքերը (եթե, իհարկե, այս քաղաքականությունը շարունակվի), — ասաց Հակոբյանը։

Որոշակի գործունեություն (թեև ոչ այդքան հաջող) իրականացվել է «ստվերային» տնտեսության նվազեցման ուղղությամբ, սակայն, Հակոբյանի խոսքով, սա ավելի շատ քաղաքական, քան տնտեսական հարց է։

«Չհաջողվեց զգալի դարձնել կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարը։ Այդ գործընթացի մասին հայտարարվել է, սակայն տեմպերը բավականին փոքր են։ Միաժամանակ պետք է հասկանալ, որ կան հարցեր, որոնք չափազանց մենաշնորհային երկրում կախված են քաղաքական կամքից, և դրանք լուծվում են բոլորովին այլ նստավայրում», — ասաց Հակոբյանը։

Բացի այդ, որոշակի թյուրիմացություն է եղել ներդրումների ծավալի հաշվարկում։ Կառավարությունը դրանք հաշվարկում է այլ բանաձևով (շատ ցուցանիշներ ներառելով), իսկ քննադատները` բոլորովին այլ։

Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո կառավարության անդամները շարունակելու են ժամանակավոր կատարել իրենց պարտականությունները, մինչև Ազգային ժողովը նոր վարչապետի կընտրի։ Նոր Սահմանադրության համաձայն` հաջորդ կառավարությունը կձևավորվի վարչապետի ընտրությունից հետո հինգ օրվա ընթացքում։ Վարչապետի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին։

69