Տոներից առաջ փորձել ենք խոսել հիմնականում դրականի մասին, իսկ իրադարձություններից ընտրել ենք գործողությունները և ոչ թե հայտարարությունները (չէ՞ որ տնտեսությունը կոնկրետ առարկա է):
10. Ասիայից դեպի Եվրոպա առաջին օդային տարանցում: Դեկտեմբերի 27-ին մեկնարկած Աշխաբադ-Ֆրանկֆուրտ չվերթը կանգ է առնելու Երևանում: Հայաստանի իշխանությունները մի քանի տարի մտածում էին Ասիայի և Եվրոպայի միջև տարանցման մասին: Այս դաշտում մրցակիցներ շատ կան, խոչընդոտներն էլ քիչ չեն: Այդ թվում նեղ օդային միջանցքը (հատկապես երկրի հարավում): Այնուամենայնիվ, առաջին թռիչքը կայացավ:
9. Հայաստանի պատվիրակության պաշտոնական այցը Սիրիա: Հոկտեմբերի վերջին դեռ չազատագրած Սիրիա մեկնեց Հայաստանի պաշտոնական առաջին պատվիրակություններից մեկը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին ընդունեցին գործընկերներ Մուհամմադ Սամեր Խալիլը (էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար) և Բուշր Յազջին (զբոսաշրջության նախարար):
Կողմերը պայմանավորվեցին փոխանակել ապրանքների և արտադրանքի ցուցակները, որոնք առավել մեծ պահանջարկ ունեն երկու երկրների սպառողական շուկաներում, և զբոսաշրջությանը վերաբերող միջոցառումների շաբաթ անցկացնել:
Ե՞րբ է այդ ամենը լինելու: Շտապել, իհարկե, պետք չէ: Սակայն Դամասկոս-Երևան ուղիղ չվերթն արդեն հունիսի 28-ից վերականգնվել է:
8. Թուրքական լոլիկների վերադարձը Ռուսաստան` նոյեմբերի 1-ից: Այս երկու տարվա ընթացքում որքան կարողացան, լոլիկ արտահանեցին Հայաստանից: Ճիշտ է` մի փոքր էլ «գերակատարեցին». Ռոսսելխոզնադզորը մի քանի անգամ սահմանից հետ ուղարկեց թուրքական լոլիկ հիշեցնող հայկական լոլիկները:
7.Երկու խոշոր էլեկտրակայանների շինարարության սկիզբ: Առաջինը` Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկն է, որի հիմնարկեքը տեղի ունեցավ մարտին: Իտալացի ներդրող Renco ընկերությունը կայանը կկառուցի նոր տեխնոլոգիաների համաձայն, բարձր ՕԳԳ-ով (53%) և 234 ՄՎտ հզորությամբ:
Երկրորդը` նոր խոշոր ՀԷԿ-ն է: Այն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջինն է լինելու երկրում: Նախատեսվում է 76-124 ՄՎտ հզորությամբ կայան կառուցել: Իսկ կառուցելու է հայկական «Դեբեդ հիդրո» ընկերությունը` TheRobbinsCompany ամերիկյան ընկերության տեխնիկական աջակցությամբ:
Նախագիծն առաջինը դարձավ «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեջ, որի մեկնարկի մասին մարտի 25-ին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Ակումբի անդամներն են խոշոր հայ գործարարները, այդ թվում` «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը:
6. «Մեղրի» ազատ տնտեսական գոտու բացում: Այստեղ գործարար հատվածը կկարողանա առանց հարկերի արտադրանք տալ և արտահանել (եթե կառավարությանը համոզի, որ իր ծրագիրն արդյունավետ է): Իրանի սահմանին բացված տնտեսական գոտին լայն հորիզոն է բացում գործարար հատվածի համար. կարելի է եվրասիական շուկա ապրանք արտահանել` առանց տուրքեր մուծելու:
Բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և մի քանի նախարարներ: Իսկ ահա արտասահմանյան հյուրերը, որքան էլ զարմանալի է, շատ քիչ էին. ներկա էին Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչը, Հայաստանում Իրանի և Իրանում Հայաստանի դեսպանները, երկու երկրի գործարարները: Ուրիշ ոչ ոք չկար ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Իրանից, ո՛չ էլ ԱՄՆ-ից կամ եվրոպական երկրներից:
Եվ, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները հնչեցրին իրենց հայտարարությունը. սպասում են ներդրողներին և արտահանողներին:
5.Հարկային արտոնությունների ընդլայնում սթարթափերի համար: Դեռևս 2015 թվականին ՏՏ ոլորտի փոքր սկսնակ թիմերին ազատեցին գրեթե բոլոր հարկերից («Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենք): Ազատեցին երեք տարով, իսկ օրենքը պետք է գործեր մինչև 2020 թվականը: Այս տարի արտոնությունները 3 տարուց երկարաձգեցին մինչև 5 տարի, իսկ օրենքն անժամկետ դարձրին:
Օրենքն ամենաարդյունավետներից մեկն էր: 2014 թվականին Հայաստանում 16 ՏՏ սթարթափ ընկերություն հայտնվեց, իսկ 2015-2017 թվականներին դրանց թիվն արդեն գերազանցում էր 140-ը:
4. Հայաստանի պետական պարտքի կանոնների փոփոխություն: Այդքան էլ կարևոր չէ, թե որքան պարտք ունի ձեր երկիրը: Կարևորն այն է, թե ինչպես է այն (այսինքն մենք) կարողանում վերադարձնել: Այս է դեկտեմբերին ընդունած նոր օրենքի տրամաբանությունը:
Նախկին կանոնների համաձայն` կառավարությունն իրավունք չուներ ՀՆԱ-ի 60%-ից ավելի պարտք կուտակել: Թե այդ վարկերն ինչի վրա էին ծախսվում, և որքան գումար էր վերադարձի ենթակա, որևէ կերպ հաշվի չէր առնվում: Այժմ եթե պարտքը մեծ լինի, անհրաժեշտ կլինի ավելացնել կապիտալ ծախսերը` ճանապարհների, էլեկտրահաղորդման, ջրամբարների համար: Կառավարության կարծիքով, դա կօգնի հետագա աճին և եկամուտների ավելացմանը: Իսկ ընթացիկ ծախսերը ստիպված կլինեն սահմանափակել (չէ՞ որ որևէ բանի վրա ամեն դեպքում ստիպված կլինենք տնտեսել):
Այդպիսով, պարտքը կկարողանա գերազանցել ՀՆԱ-ի 60%-ը, եթե վարկերը հետագա զարգացում խոստանան:
Նշենք, որ 2017 թվականին կառավարության արտաքին պարտքն աճել է մոտ 660 մլն դոլարով, սակայն 2018 թվականին նոր արտաքին վարկերը կկրճատվեն մինչև 280 մլն: Կառավարության ընդհանուր պարտքը կկազմի շուրջ 6,6 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 54,1%-ը:
3. Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր: Ազատ առևտուր երկու երկրների միջև նախատեսված չէ, սակայն կմոտեցնեն տնտեսական օրենսդրությունն ու գործընթացները (այնտեղ, որտեղ դա չի հակասի եվրասիական ինտեգրմանը):
Հետագա ամիսներին և տարիներին շրջանակային պայմանագիրը կընդլայնվի կոնկրետ և ոլորտային համաձայնագրերով: Դրանցից առաջինն արդեն նախաստորագրել են: Դա Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրն է:
2. Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի պայմանավորվածությունը` գազի գնի պահպանման վերաբերյալ: Հայաստանին տրվող հազար խմ գազի դիմաց 150 դոլարը կպահպանվի նաև 2018 թվականին:
Երևանում երկու վարչապետների միջև հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ ստորագրվեցին նաև մի շարք այլ համաձայնագրեր: Դրանցից մեկը կարգավորեց ավտոմոբիլային փոխադրումները: Տարվա կտրվածքով հանվում են բեռնատարների մուտքի փոխադարձ սահմանափակումները: Իսկ ուղևորների թույլ են տվել տեղափոխել առաջին հերթին գրանցված կանոնավոր փոխադրողներին:
1. Իսկ առաջին տեղում մենք կնշենք Կարեն Կարապետյանի կառավարության նոր ագրարային քաղաքականությունը: Այն ուղղակիորեն առնչվում է ավելի քան 300 հազար գյուղացու և նրանց ընտանիքներին, առանց որոնց մենք ուտելու բան չենք ունենա:
2018 թվականից ամբողջությամբ փոխվում է սուբսիդավորման տրամաբանությունը. ինովացիոն են դառնում ավանդական «երեք ս»-երը (սելիտրա, սերմեր, սոլյարկա)` հակակարկտային ցանցեր, կաթիլային ոռոգում, օրգանական պարարտանյութեր։ Ինչպես նաև գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես, լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարում: Մի խոսքով` այն ամենի համար, ինչը կօգնի մեկ հա-ից հնարավորին չափ շատ բերք ստանալ: Սակավահող Հայաստանի համար սա շատ կարևոր է:
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։
Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Հայաստանը վաղուց է համալրել Պակիստանից մանդարին գնողների ցանկը։ Հեռավորասիական երկրում աճեցվող այդ ցիտրուսը տեղական շուկայում ամենևին էլ նորություն չէ։ Իսլամաբադից Երևան ամսական 50-80 տոննա մանդարին է ներմուծվում։ Այդ պատճառով հայ գործարարները տարակուսում են մանդարինի հետ կապված սոցցանցերում բարձրացած աղմուկի վերաբերյալ։

Ամեն ինչ սկսվեց սոցցանցերի հայկական տիրույթում որոշ օգտատերերի մեկնաբանություններից, նրանք վրդովված էին «շուկայում Հայաստանի համար թշնամական Պակիստանից մանդարինի հայտնվելու» առիթով։ Մասնավորապես, օգտատեր Իրինա Դանիելյանը գրել էր. «Երևանում գրեթե բոլոր սուպերմարկետներն ու խանութները վաճառում են մանդարին, որը մաքսանենգ ճանապարհով (ուրիշ ինչպե՞ս) բերվել է Ադրբեջանի և Թուրքիայի մտերիմ դաշնակից հանդիսացող երկրից։ Պակիստանը ոչ միայն մասնակցել է Արցախում հայերի դեմ վերջին պատերազմին, այլև միակ պետությունն է, որը դեռ չի ճանաչել Հայաստանը»։
Գործնականում պարզվեց, որ Հայաստանն առաջին տարին չէ, որ Պակիստանից մանդարին է ներմուծում, ընդ որում՝ մեծ քանակությամբ։
Վառ, նարնջագույն, հյութալի, փափուկ ու քաղցր։ Ահա Պակիստանից ներմուծվող մանդարինների գլխավոր տարբերությունը Վրաստանից կամ Հունաստանից ներմուծվող նույն մրգից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում մանդարինի աշխարհը բացահայտող այս հուշաթերթիկով կամ ուղեցույցով կիսվեց Պակիստանից մրգեր ներմուծողներից մեկը` Քամալ Մոհամադին (Kamal Mohammadi)։

Քամալ Մոհամադին Իրանում ծնված էթնիկ քուրդ է, 1992 թվականից ապրում է Հայաստանում։ Հայաստանի հետ նրան, պատկերավոր ասած, կապեցին մակարոնները, որոնք նա 90-ականներին ներմուծում էր Իրանից` հարևան երկրի վրա վաճառելու համար։ Ավելի ուշ ամուսնացավ հայուհու հետ և ընդմիշտ մնաց Հայաստանում։
Նրա հետ մենք ծանոթացանք Երևանի մեծածախ շուկաներից մեկում, ուր ուղևորվեցինք պարզելու համար հայկական վաճառասեղաններին պակիստանյան մանդարինի «օրինական» լինելու ու ծագման հարցը։

Մոհամադին հրավիրեց իր մեծածախ կետը, բացեց փայլփլուն մանդարիններով արկղը։ Նա բացատրեց, որ պակիստանյան մանդարինի մեկ կիլոգրամը ինքը, որպես մեծածախ վաճառքով զբաղվող անձ, այսօր վաճառում է 500 դրամով, այն դեպքում, երբ իրանական, վրացական կամ հունական մանդարին այս սեզոնին գրեթե անհնար է գտնել։
«Պակիստանից միայն ու միայն նարենգի (պակիստաներեն՝ մանդարին – խմբ.) ենք բերում, դրանք ավելի հեշտ է պահելը, քանի որ կեղևը հաստ է։ Բացի այդ, դրանք Պակիստանում շատ են, դրա համար ավելի էժան են վաճառում, քան հարևանները», – ասաց նա։
Դրանից բացի Պակիստանում մանդարինն աճեցնում են սեպտեմբերից մինչև մարտի վերջ։ Նրա խոսքով` քանի որ հայկական շուկան փոքր է, ապա ամեն ամիս մեր երկիր մանդարինի երեք բեռնատար է մտնում, այսինքն՝ 50-80 տոննա։

Մենք հրաժեշտ տվեցինք Մոհամադին ու ճանապարհվեցինք այլ տեղ փնտրելու պակիստանյան մանդարիններ։
Մեր ուշադրությունը գրավեց իրանական պետհամարանիշերով ու իրանցի վարորդով բեռնատարը, որը հարևան երկրից տարբեր մթերքներ էր բերել։ Այստեղ լոլիկով, կիվիով, սխտորով և այլ միրգ–բանջարեղենով արկղեր ու տոպրակներ կային։ Հետևի պլանում հաճախորդների ուշադրությունը գրավում էին նարնջագույն մանդարինները։

Վաճառակետի տերը, ով չցանկացավ ներկայանալ, պարզաբանեց, որ ոչ մի հայ Երևանից Իսլամաբադ չի գնա մանդարին բերելու։ Մատակարարները միրգը պատվիրում են իրանցի գործընկերներից։
«Մեզնից ոչ ոք Պակիստան չի գնում մանդարին բերելու։ Ինչպես տեսնում եք՝ բեռնատարներով և՛ մանդարին, և՛ այլ ապրանք են բերել։ Մանդարինը` Պակիստանից, իսկ մնացած ապրանքը` Իրանից», – ասաց տղամարդը։

Նա նշեց, որ նախկինում նաև թուրքական ապրանք էր բերում, սակայն սեպտեմբերի 27-ից դադարեցրել են մատակարարումները, քանի որ այդ տարբերակն անընդունելի են համարում։
Մենք դիմեցինք նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Գերատեսչությունում նշեցին, որ Հայաստանը պաշտոնապես արգելք չի դրել Պակիստանից ներմուծվող ապրանքի վրա, այդ պատճառով շուկայում իսկապես այդ երկրից ապրանքներ կան։

Տեսչական մարմինում հիշեցրին, որ արգելք է սահմանված Թուրքիայից ապրանքների ներմուծման վրա ու հավաստիացրին, որ ներկա պահին չկա ապրանք, որն այս տարի ներմուծված լինի Հայաստան հարևան երկրից։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց քաղաքականապես անաչառ չլինելու մեջ՝ հավելելով, որ նրա որդին Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից է:
«Տեղեկացնեմ ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ տանը պառկել է հիվանդ, ապա վիրահատվել է և հիմա հետհիվանդանոցային բուժում է ստանում՝ տանը պառկած: Եվ ձեր պնդումը, իմ գնահատմամբ, ընդամենը քայլ է փորձելու վիրավորելու, գոտկատեղից ներքև հարվածելու և իմ ընտանիքի անդամներին ներքաշելու այս պրոցեսին»,- ասաց Վարդազարյանը:
Նման վարքագիծը, նրա խոսքով, հարիր չէ պատգամավորին, ուստի ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում է՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին՝ իրենց ապագա գործունեության վերաբերյալ, նրանք նախ սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանը, որն այս պահին շարունակվում է, անցնում է շատ թեժ մթնոլորտում:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։
Սամվել Գրիգորյանը մարտի 2-ին ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:



