Հայաստանն Իրանի հետ ավելի շատ ընդհանրություններ ունի, քան թվում է: Ինչպես այնտեղ, այնպես էլ այստեղ գործարարները չեն սիրում ռիսկի դիմել և շտապել: Այդ պատճառով ռուսական շուկայում (որտեղ մրգերի երկու երրորդն ու բանջարեղենի մեկ երրորդը ներկրվում են) Հայաստանը, անգամ նույնիսկ Իրանը զիջում են Ռուսաստանի ավելի հեռավոր և պակաս բարեկամական գործընկերներին:
Պատահական չէ, որ երբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մեղրիում Իրանի հետ սահմանին բացում էր ազատ տնտեսական գոտին, ավելի շատ գործարարներ էին ժամանել հենց իրանական կողմից:
Թեև նրանցից շատերը «յուրային են». նրանք Հայաստան են գալիս արդեն երկու տասնյակ տարի, բացի այդ նաև հայերեն են լավ խոսում:
Նրանցից մեկը Ջավադ Բիմեգդարն է: Հայաստան նրա ընկերությունը լվացող միջոցներ և մթերք է ներկրում, իսկ Իրանում սկսել է թեյի արտադրությամբ զբաղվել:
«Հետաքրքիր կլինի Հայաստան բերել թեյի տերևներն ու այստեղ չորացնել, փաթեթավորել: Իսկ հետո արդեն կարելի կլինի առանց տուրքերի այդ արտադրանքը հանել Եվրասիական միության ողջ տարածք», — նկատեց նա:
Հենց այսպիսի հնարավորություն է տալիս ազատ տնտեսական գոտին: Պայմանով, որ ապրանքը ավել քան կիսով չափ արտադրված լինի Հայաստանում: Այդ ժամանակ նա հայկական «գրանցում է» ստանում և կարելի է ազատ արտահանել ԵԱՏՄ երկրներ, իսկ պարզեցված` ԵՄ երկրներ(GSP+ համակարգի միջոցով):
Ապրանքի մշակման տոկոսը հանրապետության առևտրաարդյունաբերական պալատն է որոշում: Այն տարիներով բանակցություններ է վարում իրանական բիզնեսի հետ:
«Իրանցի գործընկերների հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մենք հիշեցնում ենք, որ արտադրությունն այստեղ ազատված է հարկերից, իսկ արտադրանքը կարելի է հեշտությամբ արտահանել եվրոպական և եվրասիական շուկա», — ասում է պալատի ներկայացուցիչ Մարտին Սարգսյանը:
«Հնարավորությունները քիչ չեն», — կրկին լավ հայերենով համաձայնում է հայ-իրանական առևտրային պալատի անդամ Ռեզա Նաֆեզին: Նաֆեզին նույնպես վաղուց է Հայաստանում աշխատում, Iran Khodro-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարն է: Ընկերությունը «Պեժոյի» արտոնագրով ավտոմեքենաներ և բեռնատարեր է հավաքում:
«Կարելի է նաև մտածել այստեղ հավաքման արտադրություն հիմնելու մասին: Սակայն մի շարք հնարավորություններ կան նաև այլ ոլորտներում, այդ թվում` արդյունաբերական», — ավելացրեց նա:
Երկու ձեռնարկություն արդեն իսկ ցանկանում են այստեղ աշխատել. Մեկը՝ տոմատի մածուկ արտադրել, մյուսը` ջերմոցների համար նախատեսված սարքավորումներ:
Մի քանի հայկական ընկերություն էլ նման կերպով ցանկանում է Իրանում «աշխատել»: Հայաստանի սահմանից մի քանի կմ-ի վրա և Նախիջևանի սահմանին շատ մոտ, Իրանում գործում է «Արաս» ազատ գոտին, որը թույլ կտա տեղի շուկա դուրս գալ: Այդ պատճառով ոչ հապշտապ բանակցություններ՝ համեմված սիրալիր ժպիտներով և ձեռք սեղմելով, դեռ շատ կլինեն:
2016 թվականին Հայաստանը դեպի Ռուսաստան մրգի արտահանման ընդհանուր ծավալում զբաղեցրել է 1%-ից մի փոքր պակաս, Իրանը` 3%-ից մի փոքր պակաս, իսկ բանջարեղենի ներկրման մեջ` համապատասխանաբար 1,5%-ից և 7%-ից մի փոքր ավել:
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։
Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Հայաստանը վաղուց է համալրել Պակիստանից մանդարին գնողների ցանկը։ Հեռավորասիական երկրում աճեցվող այդ ցիտրուսը տեղական շուկայում ամենևին էլ նորություն չէ։ Իսլամաբադից Երևան ամսական 50-80 տոննա մանդարին է ներմուծվում։ Այդ պատճառով հայ գործարարները տարակուսում են մանդարինի հետ կապված սոցցանցերում բարձրացած աղմուկի վերաբերյալ։

Ամեն ինչ սկսվեց սոցցանցերի հայկական տիրույթում որոշ օգտատերերի մեկնաբանություններից, նրանք վրդովված էին «շուկայում Հայաստանի համար թշնամական Պակիստանից մանդարինի հայտնվելու» առիթով։ Մասնավորապես, օգտատեր Իրինա Դանիելյանը գրել էր. «Երևանում գրեթե բոլոր սուպերմարկետներն ու խանութները վաճառում են մանդարին, որը մաքսանենգ ճանապարհով (ուրիշ ինչպե՞ս) բերվել է Ադրբեջանի և Թուրքիայի մտերիմ դաշնակից հանդիսացող երկրից։ Պակիստանը ոչ միայն մասնակցել է Արցախում հայերի դեմ վերջին պատերազմին, այլև միակ պետությունն է, որը դեռ չի ճանաչել Հայաստանը»։
Գործնականում պարզվեց, որ Հայաստանն առաջին տարին չէ, որ Պակիստանից մանդարին է ներմուծում, ընդ որում՝ մեծ քանակությամբ։
Վառ, նարնջագույն, հյութալի, փափուկ ու քաղցր։ Ահա Պակիստանից ներմուծվող մանդարինների գլխավոր տարբերությունը Վրաստանից կամ Հունաստանից ներմուծվող նույն մրգից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում մանդարինի աշխարհը բացահայտող այս հուշաթերթիկով կամ ուղեցույցով կիսվեց Պակիստանից մրգեր ներմուծողներից մեկը` Քամալ Մոհամադին (Kamal Mohammadi)։

Քամալ Մոհամադին Իրանում ծնված էթնիկ քուրդ է, 1992 թվականից ապրում է Հայաստանում։ Հայաստանի հետ նրան, պատկերավոր ասած, կապեցին մակարոնները, որոնք նա 90-ականներին ներմուծում էր Իրանից` հարևան երկրի վրա վաճառելու համար։ Ավելի ուշ ամուսնացավ հայուհու հետ և ընդմիշտ մնաց Հայաստանում։
Նրա հետ մենք ծանոթացանք Երևանի մեծածախ շուկաներից մեկում, ուր ուղևորվեցինք պարզելու համար հայկական վաճառասեղաններին պակիստանյան մանդարինի «օրինական» լինելու ու ծագման հարցը։

Մոհամադին հրավիրեց իր մեծածախ կետը, բացեց փայլփլուն մանդարիններով արկղը։ Նա բացատրեց, որ պակիստանյան մանդարինի մեկ կիլոգրամը ինքը, որպես մեծածախ վաճառքով զբաղվող անձ, այսօր վաճառում է 500 դրամով, այն դեպքում, երբ իրանական, վրացական կամ հունական մանդարին այս սեզոնին գրեթե անհնար է գտնել։
«Պակիստանից միայն ու միայն նարենգի (պակիստաներեն՝ մանդարին – խմբ.) ենք բերում, դրանք ավելի հեշտ է պահելը, քանի որ կեղևը հաստ է։ Բացի այդ, դրանք Պակիստանում շատ են, դրա համար ավելի էժան են վաճառում, քան հարևանները», – ասաց նա։
Դրանից բացի Պակիստանում մանդարինն աճեցնում են սեպտեմբերից մինչև մարտի վերջ։ Նրա խոսքով` քանի որ հայկական շուկան փոքր է, ապա ամեն ամիս մեր երկիր մանդարինի երեք բեռնատար է մտնում, այսինքն՝ 50-80 տոննա։

Մենք հրաժեշտ տվեցինք Մոհամադին ու ճանապարհվեցինք այլ տեղ փնտրելու պակիստանյան մանդարիններ։
Մեր ուշադրությունը գրավեց իրանական պետհամարանիշերով ու իրանցի վարորդով բեռնատարը, որը հարևան երկրից տարբեր մթերքներ էր բերել։ Այստեղ լոլիկով, կիվիով, սխտորով և այլ միրգ–բանջարեղենով արկղեր ու տոպրակներ կային։ Հետևի պլանում հաճախորդների ուշադրությունը գրավում էին նարնջագույն մանդարինները։

Վաճառակետի տերը, ով չցանկացավ ներկայանալ, պարզաբանեց, որ ոչ մի հայ Երևանից Իսլամաբադ չի գնա մանդարին բերելու։ Մատակարարները միրգը պատվիրում են իրանցի գործընկերներից։
«Մեզնից ոչ ոք Պակիստան չի գնում մանդարին բերելու։ Ինչպես տեսնում եք՝ բեռնատարներով և՛ մանդարին, և՛ այլ ապրանք են բերել։ Մանդարինը` Պակիստանից, իսկ մնացած ապրանքը` Իրանից», – ասաց տղամարդը։

Նա նշեց, որ նախկինում նաև թուրքական ապրանք էր բերում, սակայն սեպտեմբերի 27-ից դադարեցրել են մատակարարումները, քանի որ այդ տարբերակն անընդունելի են համարում։
Մենք դիմեցինք նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Գերատեսչությունում նշեցին, որ Հայաստանը պաշտոնապես արգելք չի դրել Պակիստանից ներմուծվող ապրանքի վրա, այդ պատճառով շուկայում իսկապես այդ երկրից ապրանքներ կան։

Տեսչական մարմինում հիշեցրին, որ արգելք է սահմանված Թուրքիայից ապրանքների ներմուծման վրա ու հավաստիացրին, որ ներկա պահին չկա ապրանք, որն այս տարի ներմուծված լինի Հայաստան հարևան երկրից։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ԱԺ-ն այսօր նիստից առաջ 120 կողմ ձայնով միաձայն հաստատեց «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» հայտարարությունը:
Հայտարարության մեջ նվում է, որ Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով ողջ միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորություններ, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների պահանջները՝ թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելի կերպով ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը, փաստացիորեն վերածելով վերջիններիս պատանդների՝ զրկված դատական պաշտպանության որևէ արդյունավետ միջոցից:
Հիշեցվում է նաև, որ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետում ամրագրված է, որ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում։ «Հայկական կողմերն ամբողջությամբ իրականացրել են միջազգային մարդասիրական իրավունքից բխող իրենց պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է հայրենադարձել իր մոտ ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելին, Ադրբեջանը, շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով, փորձում է զրկել իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Ժնևի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ չտրամադրելով վերջիններիս նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները և այլ երաշխիքները:
«ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը և արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը և վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը»,– ասված է հայտարարության մեջ:
Ընդունած հայտարարությամբ Ազգային ժողովը մտադիր է բոլոր միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ողջ միջազգային հանրությանը և միջազգային և տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ անել խիստ գնահատականի և դատապարտման արժանացնել Ադրբեջանի վերը նշված վարքագիծը:
Հիշեցնենք` հայտարարության նախագիծը խորհրդարանին առաջարկել էին մի խումբ անկախ պատգամավորներ: Մարտի 2-ի նիստում որոշվեց այն քննարկել դռնփակ կարգով, ինչը և տեղի է ունեցել երեկ երեկոյան:



