Հայկական ատոմակայան

Հաստատվել է ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը

16
Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքներն այս տարի կշարունակվեն։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները կշարունակվեն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կայք էջը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանի խոսքով` 2017թ. ընթացքում նախատեսվում են իրականացնել էներգաբլոկի սարքավորումների, համակարգերի և շինությունների արդիականացման նախագծային աշխատանքները, սարքավորումների մնացորդային պաշարի հաշվարկային հիմնավորումը, ճառագայթային անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Արդյունքում կմշակվի երկրորդ էներգաբլոկի սարքավորումների և համակարգերի արդիականացման նախագիծը, ինչպես նաև կհիմնավորվի չփոխարինվող ու չվերականգնվող սարքավորումների հետագա շահագործման հնարավորությունը:

Ըստ Արտեմ Պետրոսյանի, էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքները, որոնք նախատեսված էին 2016թ., հաջողությամբ ավարտել են։ Կատարվել է ավելի քան 4500 միավոր սարքավորումների, համակարգերի և բաղադրիչների զննում, ինչի արդյունքում հաստատվել է ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հնարավորությունը՝ սահմանված պայմաններով:

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների շրջանակներում իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում չեն հայտնաբերվել այնպիսի թերություններ, որոնք կխոչընդոտեն ռեակտորային տեղակայանքի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելուն:

 

16