Կարեն Կարապետյան

Ինձ միլիցիա մի սարքեք, կամ գնա, հուպ տուր. Վարչապետը նոր թևավոր խոսքեր շրջանառեց

443
(Թարմացված է 00:43 14.01.2017)
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը։ Լրջացավ, բարկացավ ու ծիծաղեց. լրագրողների բազմատեսակ հարցերը գործադիրի ղեկավարի մոտ էմոցիաներ առաջացրին։ Այս անգամ էլ վարչապետն արտահայտություններ արեց, որոնք շուտով «խոստանում» են վերածվել թևավոր խոսքերի։

Գոհար Սարգսյան, Sputnik.

Ինձ միլիցիա մի սարքեք

Պետեկամուտների կոմիտեն դեռ նախորդ տարվա վերջին էր հաղորդագրություն տարածել, որ Ռուսաստանից Հայաստան բանան ներմուծել ցանկացողը խոչընդոտների է բախվել։ Լրագրողը հարցրեց` արդյո՞ք վարչապետը տեղյակ է` խոչընդոտողը պատասխանատվության ենթարկվե՞լ է, թե՞ ոչ։

«Ես չգիտեմ պատիժ կրել է, թե ոչ։ Ինձ համար դա կարևո՞ր հարց է. ոչ։ Ինձ համար կարևոր է այդ տենդենցը, եթե նույնիսկ խոչընդոտ էլ եղել է, էլ չլինի։ Այս պահին կա՞, չկա։ Ունեք օրինակ, բերեք ինձ ասեք, բայց ինձ միլիցիա մի սարքեք. ես իմ ֆունկցիան դրանում չեմ տեսնում։ Այդ մարդը դիմե՞լ է ոստիկանություն։ Եթե դիմել է, ու ոստիկանությունը չի արձագանքում, ապա ինձ ասեք, որ կա բողոք, ոստիկանությունը չի արձագանքում»,-զայրացավ վարչապետը։

Կամայական տնտեսական կապերն օգնում են հարաբերություն հաստատել

Ներդրումների մասին խոսելիս` Կարեն Կարապետյանը խոստովանեց, որ ռուս գործընկերների հետ սերտ կապերն օգնում են աշխատանքում։

«Կա՞ն ծրագրեր ՌԴ գործընկերների հետ, այո։ Մանրամասները դուք կիմանաք»,-ասաց նա։

2018 թվականին գաք, կխոսենք

Նոր սահմանադրության համաձայն, վարչապետը պետք է վերջին 4 տարին բնակություն հաստատած լինի Հայաստանում։

«Այդ հարցին մաքսիմալ պատասխանել եմ։ 2018 թվականին գաք, կխոսենք, կլինեմ, թե՞ չեմ լինի վարչապետ։ Ամենաշատ հուզող հարցը դա՞ է։ Գնում ենք առաջ։ Եթե հնարավորություն չեմ ունենա, չեմ լինի, տրամադրվա՞ծ եմ լինելու, եթե էֆեկտիվ աշխատենք, այո»,-ասաց նա։

Շուշո, լա՞վ եմ պատասխանում այս հարցին

Վարչապետ Կարապետյանը համոզված է, որ ինչպես էլ հարցերին պատասխանի, իր խոսքը կարող են կոնտեքստից կտրել ու սխալ ներկայացնել։ Նա շրջվեց ու դիմեց իր խորհրդական Շուշան Սարդարյանին։

«Շուշո, լա՞վ եմ պատասխանում այս հարցին։ Շուշոն դեմոկրատ մարդ է, ընդհանրապես բան չի ասում։ Հակառակը, ես ասում եմ` ի՞նչ խորհուրդ ունես տալու, ասում է` խորհուրդ չունեմ, գնա, «հուպ տուր», ինչ ուզում ես, ասա»,-ծիծաղելով ասաց գործադիրի ղեկավարը։

Երբ օրենք ես ընդունում, հետ վերադառնալը ռևանշիզմ է

Վարչապետ Կարեն Կարապետյանը հաստատեց Sputnik Արմենիայի այն տեղեկությունը, որ ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծի ընդունումից առաջ հարստացողները պատժի չեն ենթարկվելու։

«Երբ օրենք ես ընդունում, հետ վերադառնալը ռևանշիզմ է։ Դա անկանխատեսելիություն է»,-ասաց նա։

Ղարաբաղի հետ կապված. իմ ծագումից ելնելով` պրակտիկորեն, պատասխանեցիք հարցին

Լրագրողներից մեկը վարչապետ Կարապետյանին հարցրեց, թե ինչ կարծիք ունի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին` նկատելով նաև, որ վարչապետն արմատներով Լեռնային Ղարաբաղից է։

«Ղարաբաղի հետ կապված, իմ ծագումից ելնելով պատասխանեցիք ձեր հարցին։ Ես վստահ եմ, որ մենք ունենք տարբերակ, երբ մեր ինքնասիրությունն, անվտանգությունը, հաղթանակը կարող ենք պաշտպանել ու պահել համապատասխան բանակցությունների արդյունքում»,-ասաց նա։

Կարեն Կարապետյանի ամփոփիչ ասուլիսը հագեցած էր, տևեց շուրջ 2 ժամ։ Վարչապետը վերջում նկատառում արեց` ինքը ցանկություն ունի հաճախ հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, իսկ ոմանք դա դիտում են որպես շոու կամ տեսախցիկների առաջ հաճախ հայտնվելու ցանկություն։ Նման հանդիպումները նա կարևորում է, քանի որ հենց լրագրողների ազնիվ ու օբյեկտիվ աշխատանքի շնորհիվ կառավարության ուղերձները հասնում են հանրության լայն շրջանակներին։

Վարչապետը բարի աշխատանքային օր ու հաջողություն մաղթելով` հեռացավ։

Русская версия

 

443