Ավտոտեխզննման կտրոն

Ֆիննախը շտկել է ոստիկանների սխալ թվաբանությունը

50
(Թարմացված է 17:43 13.01.2017)
Ֆինանսների նախարարությունը տեխզննման լրացուցիչ կտրոններ է տպագրել՝ փորձելով հարթել 2016թ-ի վերջին օրերին ստղծված լարված վիճակը:

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարությունը 2016թ-ի տարեվերջում կազմակերպել էր տեխզննության կտրոնների լրացուցիչ խմբաքանակի տպագրություն: Դրանք արդեն տրամադրվել են բանկերին՝ ապահովելով տարեվերջին առաջացած պահանջարկը:

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ Ֆինանսների նախարարությունից՝ տեղեկացնելով նաև, որ վերլուծելով տարեվերջին առաջացած իրավիճակը և կանխատեսելով տեխզննության կտրոնների հնարավոր լրացուցիչ կարիքը, նախարարությունում որոշում է կայացվել լրացուցիչ խմբաքանակ տպագրել:

Հիշեցնենք, 2016թ-ի դեկտեմբերյան վերջին օրերին հայաստանցի ավտովարորդները սկսեցին բողոքել, որ ոստիկանությունը տուգանում է իրենց` տեխզննման կտրոնի ժամկետը սպառված լինելու հիմքով, իսկ նոր կտրոն բանկերը չեն տրամադրում՝ պատճառաբանելով, որ տպագրված կտրոնի ձևաթուղթ չունեն:

Պարզվեց՝ կտրոնները սպառվել էին, իսկ նորերը չէին տպագրվել:

Խնդիրն այն է, որ կտրոնների պտաքանակը որոշում է ճանապարհային ոստիկանությունը` հաշվարկելով տվյալ ժամանակահատվածում տեխզննման կարիք ունեցող ավտոմեքենաների թիվը:

Այս տվյալների հիման վրա էլ ֆինանսների նախարարությունը պատվիրում է տպագրությունն ու կտրոնները տրամադրում բանկերին:

Այսպիսով, տարեվերջին ստեղծված իրավիճակը, որից տուժել էին վարրոդները, ոստիկանության սխալ թվաբանության հետևանք էր: Նոր կտրոնների տպագրությամբ Ֆինանսների նախարարությունը փորձել է շտկել ոստիկանների սխալը:

 

 

50