Կառավարության նիստ

Վարչապետ. Բուժհիմնարկները չպետք է անաշխատունակության կեղծ հիվանդաթերթիկներ տան

32
(Թարմացված է 15:53 29.12.2016)
Դեկտեմբերի 29–ին կայացած ՀՀ կառավարության նիստում քննարկվել մի շարք հարցեր` առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտից։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik.  ՀՀ կառավարության դեկտեմբերի 29-ին կայացած նիստում ընդունված հայեցակարգի համաձայն` տղաներին եւ աղջիկներին անվճար կսովորեցնեն նշանառություն բռնել ու կրակել։

Հայեցակարգը նախատեսում է Երեւանում եւ ՀՀ մարզերում 2018-2024 թվականներին, անհրաժեշտության դեպքում նաեւ շարունակաբար, անվճար հիմունքներով գործող ուսուցողական-մարզումային հրաձգարանների եւ վճարովի հիմունքներով գործող ժամանցային հրաձգարանների կառուցում, որտեղ ոչ միայն կծանոթանան զենքին, կսովորեն նշանառություն ու կրակել, այլ նաեւ պարբերաբար վարժանքներ կանցկացնեն, ինչպես նաեւ նախատեսում է եղած հրաձգարանների վերանորոգում, զինամթերքով ապահովում: Անհրաժեշտ է իրականացնել տարեկան երեքից չորս հրաձգարանի վերանորոգում:

Կառավարության` այսօր կայացած նիստի մյուս հարցը առողջապահական ոլորտից էր։ Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ Հայաստանի հիվանդանոցները եւ պոլիկլինիկաները չպետք է անաշխատունակության կեղծ հիվանդաթերթիկներ տան: Նա աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարին ու կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեին հանձնարարեց անաշխատունակության նպաստների նշանակման եւ վճարման ընթացակարգերի կենտրոնացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել: Առողջապահության նախարարությանը ու մարզպետներին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց եւ առաջարկեց ուժեղացնել հսկողությունը և պարզել, թե բուժհաստատություններն ինչ հիմունքներով են տալիս ժամանակավոր անաշխատունակության հիվանդաթերթիկները:

Կառավարության այսօրվա նիստի մյուս որոշման համաձայն` ՀՀ Առողջապահության նախարարությունից 11 մեքենա կօտարեն հետագա վաճառքի համար։

Գրավոր հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 11 ծառայողական մարդատար ավտոմեքենաները շահագործվում են և գտնվում են սարքին վիճակում: Բայց դրանց շահագործումը նպատակահարմար չէ, քանի որ պահանջում է լրացուցիչ ծախս` վառելիք, վերանորոգում և այլն:

Նիստի ժամանակ, անդրադառնալով թոշակային ստաժի խնդրին, Կարեն Կարապետյանը հայտարարեց, Հայաստանում թոշակային ստաժը պետք է հաշվեգրվի միայն արժանահավատ փաստաթղթերով: Նա աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, Աշխատանքի նախարարության սոցապահովման ծառայությանը եւ Ազգային արխիվին հանձնարարել է ստեղծել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն: Նույն նպատակով Կարապետյանը հանձնարարել է աշխատել քաղաքացիների աշխատանքային գրքույկների թվայնացման ուղղությամբ: Աշխատանքի եւ ֆինանսների նախարարություններին հանձնարարվել է բացահայտել ոչ արժանահավատ փաստաթղթերով թոշակի հաշվեգրման դեպքերը:

32