Ինքնաթիռ

«Armenia» VS «Պոբեդա». ինչպես կիսել երկինքը

677
(Թարմացված է 21:19 01.11.2016)
«Armenia» ավիաընկերությունը խնդրում է Հայաստանի իշխանություններին պարզել իրավիճակը երկրի ավիաշուկայում և խոստանում է շուտով ոչ միայն նոր չվերթեր բացել, այլև ի լուր աշխարհի հայտարարել իր մասին։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

«Armenia» ավիաընկերությունը որոշ դժվարությունների է բախվել և ինչպես կառավարության, այնպես էլ ավիացիոն իշխանությունների աջակցությունն է պահանջում ավիաընկերությունների աշխատանքի հավասար պայմաններ ստեղծելու հարցում։ Հակառակ դեպքում հարկ կլինի դիմել այլ ատյաններ, այդ թվում` դատական։

«Մենք բոլորովին այլ ծրագրեր ունեինք, բայց գործնականում ամեն ինչ այլ կերպ ստացվեց։ Մեր բիզնես ծրագիրը նախատեսված էր ավելի շատ ինքնաթիռների և չվերթերի համար` ներառյալ եվրոպական ուղղությունները, քան այսօր ունենք»,- ասաց «Armenia» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը։

Роберт Оганесян
Лаура Саркисян
Ռոբերտ Հովհաննիսյան

Մեղավորը բաց երկնքի քաղաքականությո՞ւնն է

Բաց երկնքի քաղաքականությունը մինչև հիմա չի հարմարվել հայկական ավիացիոն իրողություններին։ Այդ քաղաքականության արդյունավետության մասին վեճերը չեն դադարում մինչ օրս։ «Armenia»-ի գլխավոր տնօրենը կարծում է, որ բաց երկնքի քաղաքականությունը լավ է միայն ավիափոխադրողների իրավահավասարության պայմաններում։

«Երբ մենք հայտ ներկայացրինք ավիացիոն շուկա մուտք գործելու համար, քաղաքացիական ավիացիան խոստացավ մեզ պաշտպանել դեմպինգից և հավասար պայմաններ տրամադրել ավիափոխադրողներին»,- ասաց Հովհաննիսյանը։

Սակայն խնդիրն այն է, որ ռուսական փոխադրողի համար չվերթի ինքնարժեքն ավելի էժան է, քան հայկականի համար։ Հովհաննիսյանը բացատրեց, որ «Armenia»-ն որևէ առավելության հույս չունի, թեև միակ հայկական ավիաընկերությունն է։

Տնօրենի միակ պահանջը փոխադրողների համար նույն գները հաստատելն է։ Միջկառավարական համաձայնագրերի համապատասխան` դա հնարավոր է նույնիսկ բաց երկնքի քաղաքականության շրջանակում։

«Միջկառավարական համաձայնագրերի համաձայն` ավիափոխադրողները պետք է աշխատեն հավասար պայմաններում, որոնք կորոշեն այդ համաձայնագրի անդամ-երկրները»,- ասաց Հովհաննիսյանը։

Չնայած Հայաստանի և Ռուսաստանի միջև նման համաձայնագրի առկայությանը` «Armenia»-ում կարծում են, որ իրավահավասարությունը խախտվում է։ Օրինակ, եթե «Վիմ-Ավիան» թռիչքի համար վճարում է պայմանական 500 դոլար, ապա «Armenia»-ն ևս «Վնուկովո» օդանավակայան չվերթ իրականացնելիս պետք է վճարի նույն գումարը, այլ ոչ թե 10 անգամ ավել։

Եթե ոչինչ չփոխվի, ավիաընկերությունը կդիմի այլ ատյաններ` հակամենաշնորհային ծառայություն կամ դատարան։ Երկրի կառավարությունն ամեն կերպ աջակցում է ավիաընկերությանը և խոստանում կարգավորել այդ հարցը։

«Armenia» VS «Պոբեդա»

«Armenia»-ն պատրաստ է մրցակցել նույնիսկ «Պոբեդայի» հետ, եթե պայմանները հավասար լինեն բոլորի համար։
«Եթե «Պոբեդան» իր մոտ 100 դոլար է վճարում, ապա ես նույնպես, միջկառավարական համաձայնագրերի համաձայն, պետք է նույն գումարը վճարեմ»,- ասաց նա։

Նույն ուղղությունների համար ավիաընկերությունների առաջարկած գների միջև տարբերությունը Հովհաննիսյանը բացատրում է նրանով, որ ի տարբերություն Գյումրու «Շիրակ» օդանավակայանի` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձր հարկեր են սահմանված։ 

Դա բացատրվում է ոչ միայն նրանով, որ Երևանից Գյումրի ճանապարհը տևում է գրեթե երկու ժամ, այլև նրանով, որ ի տարբերություն «Պոբեդայի»` «Armenia» ավիաընկերության տոմսի մեջ մտնում է 25 կգ ուղեբեռ և 10 կգ ձեռքի ուղեբեռ, ինչպես նաև սնունդ։

«Եթե լուծվեն մեզ խանգարող բոլոր հարցերը, ապա բոլորը կիմանան, որ Հայաստանն ունի իր ավիափոխադրողը, թեկուզ այն չունի ազգայինի կարգավիճակ»,- նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` ազգային ավիաընկերությունը կհավակնի ավիափոխադրողի կարգավիճակի այն դեպքում, եթե բոլոր ավիափոխադրողների համար պայմանները նույնը լինեն, և այն կաշխատի առողջ մրցակցության պայմաններում։

Նոր շունչ և համագործակցություն Վրաստանի հետ

Ընկերությունը կսկսի ակտիվ աշխատել դեկտեմբերին, իսկ գարնանը մտադիր է թափ հավաքել։ Դեկտեմբերի 16-ից Երևան-Մինվոդի և Երևան-Թեհրան գործող ուղղությունների հետ մեկտեղ շաբաթական երկու թռիչք կիրականացնի դեպի Վորոնեժ, իսկ դեկտեմբերի 15-ին «կվերագործարկի» ժամանակավորապես սառեցված Երևան-Մոսկվա չվերթը։

«Վորոնեժում մեծ թվով հայեր են բնակվում, մեր շատ հայրենակիցներ մեկնել են այնտեղ արտագնա աշխատանքի։ Ուստի մենք որոշել ենք ուղիղ չվերթ բացել, որը կհեշտացնի Վորոնեժի հայերի կապը հայրենիքի հետ»,- ասաց Հովհաննիսյանը։

Ավիաընկերությունը դիտարկում է Ղազախստանի ավիաշուկայում աշխատելու հնարավորությունը, իսկ ամանորյա տոների նախաշեմին չարտերային չվերթեր կբացվեն դեպի Գոա, Հռոմ, Եգիպտոս և Հորդանան։ Ինչ վերաբերում է դեպի Թել-Ավիվ և Լոնդոն չվերթերին, այդ հարցն առայժմ բաց է։

«Մենք ստանձնել ենք Թբիլիսիում մեր օդանավերից մեկի հրամանատարությունը։ Այդ բարտերը գործում է մեր և վրացական «Աիրզենա» ավիաընկերության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում»,- նշեց Հովհաննիսյանը։

Ավիաընկերության բիզնես ծրագիրը, նախատեսված հինգ տարվա համար, ենթադրում է վեց ինքնաթիռի առկայություն և ամսական 75 չվերթի իրականացում։ Առայժմ ավիապարկում կա երկու Բոինգ 737-500 և 737-700։ «Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51 տոկոս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Հովհաննիսյանը (25 տոկոս)։

677