ԱԺ

ԱԺ-ի բյուջեն կրճատվել է 54 մլն դրամով

43
(Թարմացված է 12:38 01.11.2016)
ԱԺ-ի բյուջեն կրճատվել է, բայց աշխատանքը դրանից չի տուժի: Այս մասին այսօր 2017թ-ի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը` հավելելով, որ խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար կկահավորվի ևս 2 դահլիճ:

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. 2017 թ.-ի պետական բյուջեի նախագծով նախագահի աշխատակազմին հատկացվելու է 4,5 միլիարդ դրամ, որից 3,86-ը` ապարատի պահպանման համար, ԱԺ-ին` 4,662 միլիարդ դրամ, որից 4,1-ը` ապարատի պահպանման համար, կառավարությանը` 11, 6 մլրդ, որով իրականացվելու է 29 ծրագիր, Սահմանադրական դատարանին կհատկացվի 584, 8 միլիոն դրամ, Քննչական կոմիտեին` 562 մլն, Դատական դեպարտամենտին՝ 8.6 մլն և քաղաքացիական ծառայության խորհրդին՝ 475 միլիոն դրամ:

Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորներին հայտնեց Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը նկատեց, որ Ազգային ժողովի 2017թ-ի բյուջեն այս տարվա բյուջեից 54 միլիոն դրամով պակաս է և այդ առնչությամբ դժգոհություն հայտնեց:

«Խնդրում եմ՝ վերականգնեք մեր 54 միլիոն դրամը»,- ասաց նա:

Ըստ Ատոմ Ջանջուղազյանի` բյուջեի կրճատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2017թ-ի ապրիլին նախանշված խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավորների թիվը կարող է 131 չլինել, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ:

«Իսկ եթե պատգամավորների թիվը կլինի ավելի շատ, կքննարկվի լրացուցիչ հատկացումների հարցը»,- ասաց նա:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ հետաքրքրվեց` արդյոք կառավարությունում արդեն գիտե՞ն, թե քանի պատգամավոր է ունենալու ապագա խորհրդարանը:

«Եթե գիտեք կոնկրետ թիվը, ասեք` հանրությունն էլ տեղյակ լինի։ Մեզ ասվում է, որ նույնիսկ 198 էլ կարող է լինել»,- ասաց նա:

Ատոմ Ջանջուղազյանը հիշեցրեց, որ Սահմանադրությամբ նախատեսված նվազագույն թիվը 101-ն է, իսկ ավելին լինելու դեպքում բյուջեն կվերանայվի:

Այդուհանդերձ, անգամ կրճատված բյուջեով ԱԺ-ն 2017թ-ին նախատեսում է կահավորել ևս երկու դահլիճ, ինչպես ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը` մշտական հանձնաժողովների աշխատանքը արդյունավետ դարձնելու համար:

«Անհրաժեշտ է, որ երկու դահլիճ կահավորվի մոտավորապես այնպես, ինչպես լիագումար նիստերի դահլիճն է»,- նշեց Հրայր Թովմասյանը` հավելելով, որ դրա համար 4 միլիոն դրամի կարիք կլինի:

43