Արփինե Հովհաննիսյան

Նոր կոռուպցիոներները կպատժվեն, հները կվայելեն ապօրինի հարստությունը

52
(Թարմացված է 20:04 20.10.2016)
Նոր կոռուպցիոներները կպատժվեն, հները՝ ոչ: Լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ապօրինի հարստացումը քրեականացնելու կարգը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ օրենքին հետադարձ ուժ չի տրվի:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Ապօրինի հարստացումը կքրեականացվի, բայց հետադարձ ուժ չի ունենա, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ համաձայն ՀՀ օրենսդրության և Սահմանադրության` եթե խոսքը պատժի խստացման մասին է, այն չի կարող հետադարձ ուժ ունենալ:

Այսպիսով` նախկինում ապօրինի հարստացածները պատասխանատվության չեն ենթարկվի, բայց նախարարը վստահեցրեց, որ առաջիկա ամիսներին օրենսդրական փոփոխությունը կարվի, և նոր հարստացողներն արդեն քրեական պատիժ կկրեն:

ՙԱպօրինի հարստացումը քրեականացնելու համար կառավարության ծրագրում եռամսյա ժամկետ է տրված: Դա օր առաջ իրականացնելը, կարծում եմ, լրջորեն կվկայի ապօրինի հարստացման դեմ պայքարելու` կառավարության քաղաքական կամքի մասին,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Բայց արդարադատության նախարարը խորհուրդ տվեց միայն հանցանքը քրեականացնելուց մեծ արդյունքների չսպասել: Դրանից հետո, նրա խոսքով, կարիք կլինի սահմանափակել նաև պաշտոնյաների կանխիկ գործառնությունների իրավունքը, օրինակ, թանկարժեք գույքը կամ մեծ գումարները որպես նվիրատվություն ձևակերպելու տարածված սովորույթը: Պաշտոնյաների եկամուտների հայտարարագրումն էլ պետք է լրացվի շահերի բախման, փոխկապակցված անձանց շրջանակի ընդլայնմամբ: Այս ամենը, կառավարության ծրագրով, կկատարվի առավելագույնը 1 տարում: Կոռուպցիան, սակայն, մեկ տարուց չի վերանա, քանի որ, նախարարի ձևակերպմամբ, այն ամբողջ աշխարհում է տարածված, բայց կնվազի:
ՙ
Կոռուպցիայի ռիսկն ու գայթակղությունը շեշտակի կվերանա, որովհետև դրա համար կա քրեական պատասխանատվություն: Օրինակ` ցանկացած հրապարակում, որ կարձանագրի` պաշտոնյայի եկամուտն անհամաչափ է նրա հայտարարագրած ծախսի հետ, ապօրինի հարստացման քրեականացման պարագայում իրավապահ համակարգին իրավունք կվերապահի պաշտոնյային հարցնել՝ որտեղի՞ց՚,- ասաց նա:

Հիշեցնենք` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր առաջարկել էր վավերացնել ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիան, որը վերաբերում է պետական պաշտոնյաների ապօրինի հարստացմանը, իսկ դրա 20-րդ հոդվածը՝ օժտված է նաև հետադարձ ուժով:

52