Կարեն Կարապետյան

33 էջ` առանց «կախարդական փայտիկի»

254
(Թարմացված է 09:12 19.10.2016)
Կարեն Կարապետյանի թիմը, որն իշխանության եկավ առանց «կախարդական փայտիկի» տնտեսությունը վերակենդանացնելու խոստումով, այսօր վերջապես հրապարակեց այն բաղադրատոմսը, որով «չափազանց ծանր» վիճակում գտնվող «հիվանդը» պետք է կազդուրվի: Բժիշկը պերճախոս է, բայց խոստումներ չի շռայլում: Իսկ ապաքինման ընթացքը տարիներ կտևի:

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հոկտեմբերի 20-ին կեսօրից ԱԺ-ում կմեկնարկի ՀՀ կառավարության գործունեության ծրագրի քննարկումը: Խորհրդարան ուղարկված ծրագրի նախագիծը բաղկացած է 33 էջից, իսկ դրանում ընդգրկված որոշ միջոցառումների իրականացման վերջնաժամկետը հասնում է մինչև 2021թ.-ը:

Դա այն դեպքում, երբ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունն իրականում գործելու է 6 ամիս` մինչև 2017թ.-ի ապրիլին նախանշված խորհրդարանական ընտրությունները, որից հետո արդեն ձևավորվելու է նոր կառավարություն` գործունեության նոր ծրագրով:

Բացի հեռանկարային լինելուց` ծրագիրը ևս մեկ առանձնահատկություն ունի: Ի տարբերություն նախորդ կառավարությունների` Կարապետյանի գլխավորած կառավարությունը տնտեսական հստակ խոստումներ ծրագրում չի տալիս: Օրինակ` Տիգրան Սարգսյանի թիմն իր 2013-17 գործունեության ծրագրում խոստանում էր համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոսի չափով տնտեսական աճ ապահովել, կրկնապատկել նվազագույն աշխատավարձը, ստեղծել 100 հազարից ավելի նոր աշխատատեղ, Հովիկ Աբրահամյանի թիմն էլ մինչև 2017թ. խոստանում էր 5 տոկոսի տնտեսական աճ ապահովել, նվազագույն աշխատավարձն ավելացնել 10 000 դրամով և 10 տոկոսով կրճատել աղքատությունը: Կարեն Կարապետյանի թիմի հրապարակած նախագծում չկան ո՛չ տնտեսական աճի, ո՛չ էլ սոցիալական այլ ցուցանիշների թվային արտահայտություններ:

Փոխարենը կառավարությունը խոստանում է վերանայել գազի սակագնային քաղաքականությունը, այն է` մինչև 2016 թվականի ավարտը կներդրվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումներ: Իսկ ջերմոցային, գյուղմթերքի վերամշակման և մի շարք այլ տնտեսությունների և որոշակի ծավալից ավելի գազ սպառող խոշոր ձեռնարկությունների համար կսահմանվեն արտոնյալ սակագներ: Բայց թե դրանց արդյունքում որքանով կշահեն սպառողներն ու վերջնական ինչ սակագին կսահմանվի նրանց համար, ծրագիրը չի գաղտնազերծում:

Առաջիկա 3 ամսում նախատեսվում է վերանայել նաև անապահովության գնահատման մեթոդաբանությունը: Իսկ ընտանեկան նպաստների վերանայման մասին ծրագիրը լռում է անգամ ավելի երկարաժամկետ հատվածում:

Կառավարությունը խոստանում է վերջնականապես լուծել նաև 28 տարի շարունակ ձգձգվող` աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը: Ըստ ծրագրի` 2017 թվականին Գյումրիում անօթևան ընտանիք այլևս չի մնա:

Դե, իսկ պետության առողջացման համար կառավարությունը պատրաստակամություն է հայտնում պայքարել կոռուպցիայի ու դրա առանձին դրսևորումների` հովանավորչության, յուրացումների, կաշառակերության դեմ` դրանք վերացնելու համար առավելագույն ջանքեր գործադրելով:

Իսկ մինչ կոռուպցիան Հայաստանից կվերանա, կառավարությունն առաջարկում է ավելի խիստ պատժել կոռուպցիոներներին: Օրինակ` մինչև 2016թ. ավարտը քրեականացնել ապօրինի հարստացումը, իսկ 2017թ. ընթացքում ավելի խստացնել պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համար նախատեսված պատիժները:

Հանուն ճշմարտության ասենք, որ տնտեսական ոլորտում գործադիրն, այնուամենայնիվ, որոշ թվային տվյալներ ներկայացնում է. խոստանում է իրականացնել գործարար միջավայրի և տնտեսական զարգացման այնպիսի քայլեր, որոնք 2017թ-ին Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության ինդեքսում (Global Competitiveness Index) և Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու (Doing Business) վարկանիշում Հայաստանի դիրքը կբարձրացնեն առնվազն 4 կետով:

Իսկ որպեսզի օրինապահ հարկատուներն առավել բարենպաստ պայմաններում աշխատեն, կառավարությունը խոստանում է 6 ամսվա ընթացքում արմատապես բարեփոխել հարկային և մաքսային ծառայողի կերպարը, այդ մարմինների գործունեությունը դարձնել թափանցիկ, արդյունավետ և հաշվետվողական:

Կառավարության ներկայացրած տնտեսության առողջացման բաղադրատոմսը դեռ ավելի մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա առաջիկա օրերին` ԱԺ-ում ու դրանից դուրս: Բայց, քանի որ այն երեկ արդեն արժանացել է իշխող կուսակցության հավանությանը, անկախ ամեն ինչից` կհաստատվի նաև ԱԺ-ի կողմից: ՀՀ շարքային քաղաքացիներին էլ այլ բան չի մնա, քան սպասել, թե այս անգամ որքանով կկատարվեն 33 էջում շարադրված բարի ցանկությունները: Հատկապես եթե հիշենք, որ դրանց հիմնական պատասխանատուն արդեն հայտարարել է` վիճակը «չափազանց ծանր» է, ինքն էլ «կախարդական փայտիկ» չունի:

254