ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանում նոր ներդրումները խթանելու նպատակով մեկ հարկի տակ էին հավաքվել հայ ու արտասահմանցի գործարարները, կառավարության անդամներն ու դիվանագետները։
Իտալացի գործարար Ֆիլիպո Դուցիոնին Հայաստանում գործունեությունը սկսել է 3 տարի առաջ` ճանապարհաշինության բնագավառում։ Ավելի ուշ փոխել է գործունեության ասպարեզն ու որոշել է հայ սպառողներին իսկական իտալական պիցցա առաջարկել։
«Մեր հիմնական նպատակը սառեցված պիցցայի արտադրությունն է Հայաստանում և մեր արտադրանքի արտահանումը։ Համոզված ենք, որ կկարողանանք սրանով խթանել նաև Հայաստանի տնտեսությունը».- ասաց գործարարը։
Հայաստանում աշխատելու միակ դժվարությունն իտալացի գործարարը համարում է իսկական իտալական պիցցայի տեխնոլոգիայի ներդրումը։ Մնացած ամեն ինչից, այդ թվում` հարկային դաշտից Դուցիոնին գոհ է և նույնիսկ վստահեցնում է, թե Իտալիայում աշխատելն ավելի դժվար է, քան Հայաստանում։
Իտալացի գործարարի լավատեսությունը մեր երկրում այնքան էլ չեն կիսում։ Գործարարության աջակցության գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը նշեց, որ ներդրումներ գրավելն ու արտասահմանցի գործարարներին Հայաստան բերելն այնքան էլ հեշտ չէ և կարող է ավելի դժվարանալ նոր Հարկային օրենսգրքի ընդունումից հետո։
«Դիվիդենտներն այսուհետ 10 տոկոսով հարկվելու են, արդյունքում արդեն օտարերկրյա ներդրողների համար հետաքրքիր չի լինի Հայաստանում ներդրումներ իրականացնելը, քանի որ աշխատելու համար կգտնեն այլ երկրներ»,- ասաց նա։
ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, սակայն, ճիշտ հակառակ կարծիքի է։ Նրա համոզմամբ` նոր օրենսգրքի նպատակը հենց ներդրումները խթանելն է։
«Մենք փորձում ենք բիզնեսի ներկայացուցիչների առաջարկները, նկատառումները, դիտողությունները հաշվի առնել և մինչև երկրորդ ընթերցում տանել ԱԺ, դրանից հետո նոր կկարողանանք ավելի մանրամասն խոսել դրա մասին։ Բայց կարող եմ վստահեցնել, որ նոր հարկային օրենսգիրքը մի նպատակ ունի` նպաստել բիզնես միջավայրին ու ավելի կառավարելի, տեսանելի դարձնել բիզնեսի ապագան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահը։
Իսկ ներդրումները խթանելու և գործարարության առաջ ծառացած խնդիրները հարթելու նպատակով Հայաստանում շուրջ մեկ տարի առաջ ստեղծվել էր Եվրոպական բիզնես ասոցիացիան, որն այսօր մեկ հարկի տակ էր հավաքել ՀՀ գործարարներին, կառավարության անդամներին ու դիվանագետներին։
«Բիզնեսի հեռանկարները, խոչընդոտներն ու հնարավորությունները Հայաստանում» խորագրով գործարար համաժողովի բացմանն իր ելույթում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի օտարարերկրյա ներդրողներն իրենց հարմարավետ ու ապահով զգան Հայաստանում։
Ըստ վարչապետի` Հայաստանը կարևոր դեր ունի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հարաբերություններում։
«Հաշվի առնելով ՀՀ-ի` ԵԱՏՄ անդամակցությունից, մյուս կողմից` ԵՄ-ի հետ առևտրում GSP+ արտոնյալ առևտրային արտոնյալ ռեժիմից օգտվելու հնարավորությունները` Հայաստանը կարող է յուրօրինակ կամուջ դառնալ ԵԱՏՄ և ԵՄ միջև»,- ասաց վարչապետը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ևս ընդգծեց, որ կամրջաշինության ասպարեզում հայտնի հայերն ի զորու կլինեն Հայաստանն ու Եվրոպան իրար կապող կամուրջ ստեղծել։ Սվիտալսկին հույս հայտնեց նաև, որ առաջիկա ամիսներին Եվրոպական բիզնես ասոցիացիայի և եվրոպական համայնքի ջանքերով կհաջողվի նոր էջ բացել Հայաստանի ու արտերկրի գործարարների հարաբերություններում:
«Հայերն իրենց գենետիկ կոդով արդեն իսկ ձեռնարկատիրական ջիղ ունեն, ընդամենը նրանց համար պետք է տարածք, ապահովություն և կանխատեսելի օրենսդրություն ապահովել»,- ասաց Սվիտալսկին։
Իսկ Հայասստանում ստեղծված քաղաքական միջավայրը, դեսպան Սվետալսկու համոզմամբ, նպաստավոր է բիզնեսի զարգացման համար։ Իսկ նոր ներդրողներ գտնելու հարցում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոստացավ ոչ միայն իր, այլև Հայստանում ներկայացված եվրոպական դիվանագիտական ողջ կորպուսի աջակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Իտալական «Ռենկո» ընկերության` 2018թ–ի մայիսին խոստացած 300 մլն դոլարի ներդրումն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Ներդրումային համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
Հարցն ընդունվեց լուռումունջ` առանց զեկուցման ու քննարկման։ Իսկ կառավարությա կայքում հրապարակված նախագծում ներդրումային ծրագրի իրականացման նոր ժամկետը նշված չէ։ Նշվում է միայն, որ ժամկետները հետաձգելու անհրաժեշտությունն առաջացել է կորոնավիրուսային համաճարակի բռնկման, Արցախում պատերազմի ու Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության պատճառով։
«Մասնավորապես, մատակարարման շղթաների էական խաթարումը, որն ազդել է Հայաստան նյութեր մատակարարելու հնարավորության վրա, միջազգային ճանապարհորդության սահմանափակումները, օտարերկրյա անձանակազմի ներգրավման անհնարինությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է երկարաձգել Շրջանակային համաձայնագրի «Նախատեսված կոմերցիոն շահագործման ամսաթիվը», ինչպես նաև ճանաչել նախկինում հետաձգված «Հետաձգող պայմանների վերջնաժամկետի» և «Ֆինանսական ամփոփման ծայրահեղ ամսաթվի» հետաձգումները»,– նշված է որոշման մեջ:
«Ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր». Քերոբյանը խոստանում է` մարդկանց կյանքը կփոխվի
Հիշեցնենք` խոսքը Երևանում նոր ՋԷԿ–ի կառուցման ծրագրի մասին է, որի շուրջ 2018թ–ի մայիսին պայմանավորվածություն էին ձեռք բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իտալական «Ռենկո» ընկերության գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին: Գործարարը նշել էր, որ ծրագրի արժեքը շուրջ 300 մլն դոլար է և այն նախատեսվում է իրականացնել 2-2.5 տարվա ընթացքում։ Այսինքն` ըստ այդ պայմանավորվածության` 250 մեգավատտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանը Հայաստանում արդեն պետք է կառուցված լիներ, հավելյալ պետք է բացված լինեին 1000 նոր աշխատատեղեր։
Նշենք, որ հայկական կողմից ծրագրի իրագործմանը մասնակցում է «Արմփաուեր» ՓԲԸ-ն։
Փաշինյանն իտալական ընկերությանը հրահանգեց շուտ պատասխանել` այո կամ ոչ
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Դավիդ Կամպանյան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Տեղեկությունը հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։
«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Կամպանյային և իր մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալ ենք, Կամպանյա: Մաղթում ենք հաջողություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Դավիդ Կամպանյան ֆուտբոլային թիմը գլխավորում էր 2020 թվականից:
«Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ անցկացրել է 18 խաղ, տոնել 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի և կրել 6 պարտություն:



