Ազգային ժողով

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգիրքը

25
(Թարմացված է 12:23 15.06.2016)
Չնայած նախագծի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած ակտիվ քննադատություններին` խորհրդարանական մեծամասնությունն ապահովեց Օրենսգրքի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Բուռն քննարկումներից հետո ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց երկրի նոր Հարկային օրենսգիրքը։ «Կողմ» քվեարկեց 68 պատգամավոր, «դեմ»` 21, ձեռնպահ էր 18 պատգամավոր։

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը մինչև օրենսգրքի ընդունումը հայտնել էր, որ այն քվեարկության է դրվել խախտումներով, քանի որ ուղեկցող փաստաթղթերը չեն պարունակում տնտեսության վրա օրինագծի ազդեցությունը։ Նա առաջարկել էր հանել հարցը քննարկումից։

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ձեռնպահ կքվեարկեն և առաջարկությունների փաթեթ կներկայացնեն։

Օրենսգրքի ընդունման դեմ հանդես եկան նաև «Համախմբում», «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «ՀԱԿ», «Օրինաց երկիր» կուսակցությունների պատգամավորները, ինչպես նաև մի շարք անկախ խորհրդարանականներ։

Նրանց խոսքով` Օրենսգրքի ընդունումը երկրում տնտեսական իրավիճակի վատթարացման և հարկատուների բեռի մեծացման կբերի։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին հայտնեց, որ Օրենսգիրքը մանրամասն կշարունակեն քննարկել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո, և երկրորդ ընթերցման ժամանակ հաշվի կառնվեն խորհրդարանականների առաջարկները։

25