Уборка картофеля

Փորձագետի խորհուրդը. ձմռանը հացի փոխարեն կարտոֆիլ կերեք

122
Ագրարա-գյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանի խոսքերով` արտարժույթի փոխարժեքի տատանման, էլեկտրաէներգիայի և ջրի թանկացման պատճառով կարտոֆիլի գներն աճել են, սակայն այն շարունակում է մնալ ամենամատչելի սննդամթերքներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում կարտոֆիլի բերքատվությունն այս տարի նախատեսվում է անցյալ տարվանից 20% քիչ, սակայն, այնուամենայնիվ, լիովին կապահովի ներքին շուկայի պահանջարկը, լրագրողներին երեքշաբթի ասաց ագրարա-գյուղացիական միության նախագահ  Հրաչյա Բերբերյանը։

Նրա խոսքերով` Հայաստանը վերջին 2-3 տարիներին կարտոֆիլով ապահովում է բնակչությանն` առանց կողմնակի ներկրման, իսկ երկու տարի առաջ նույնիսկ գրնացվել են արտահանման աննախադեպ ծավալներ` 46 հազար տոննա։

«Այս տարի 60-65 ամառային չոր օրերի պատճառով բերքի շուրջ 20%-ը փչացել է, սակայն դա չի ազդի ներքին շուկայի պահանջարկի վրա», – ասաց Բերբերյանը։

Նա նշեց, որ արտարժույթի փոխարժեքի տատանման, էլեկտրաէներգիայի և ջրի սակագների բարձրացման պատճառով անցյալ տարվա համեմատ կարտոֆիլի գներն աճել են գրեթե 18%-ով, այնուամենայնիվ այն շարունակում է մնալ ամենամատչելի սննդամթերքներից մեկը։

«Կարտոֆիլի միջին գինը հայկական շուկայում ներկա պահին տատանվում է 250-300 դրամի սահմաններում (50-60 ցենտ) մեկ կիլոգրամի դիմաց, ինչը կրկնակի էժան է հանրապետությունում հացի մեկ կիլոգրամից», – ասաց Բերբերյանը` կատակով առաջարկելով ձմռանը հացի փոխարեն ուտել կարտոֆիլ։

Հայկական շուկայում վերջին երկու շաբաթում կարտոֆիլի գների փոքր–ինչ բարձրացումը Բերբերյանը բացատրել է նրանով, որ Արարատի մարզի հարավից ստացված ողջ բերքն արդեն սպառվել է, իսկ ավելի հյուսիսային շրջաններից կարտոֆիլը դեռ շուկա չի մտել։ Նրա կանխատեսումների համաձայն` կարտոֆիլը շուտով կէժանանա, իսկ ձմռանը մի փոքր կբարձրանա, սակայն չի գերազանցի 250 դրամը մեկ կիլոգրամի համար։

Բերբերյանը նաև նշեց, որ սերմնաբուծության զարգացման ծրագրի շնորհիվ հայ արտադրողները նոյեմբերից կսկսեն Ռուսաստան մատակարարել բարձրորակ կարտոֆիլի սերմ, ընդ որում կրկնակի էժան, քան Եվրոպայից։

«Դա կարտոֆիլի ընտիր տեսակներ են, որոնք աճեցվել են 2 հազար մետր բարձրության վրա, ինչը բացառում է պարազիտներով կարտոֆիլի հնարավոր վարակվելը և զգալի նվազեցնում է պեստիցիդների և քիմիկատների օգտագործումը», – ընդգծեց Բերբերյանը։

Գյուղատնտեսության նախարարության տվյալների համաձայն` հուլիսի վերջին  հանրապետությունում ընդհանուր առմամբ բանջարեղենի բերքատվությունը կազմել է մոտ 260 հազար տոննա, պտուղներինը` 161 հազար տոննա։ Ընդ որում, կարտոֆիլի բերքը կազմել է մոտ 76 հազար տոննա։

122