электрические сети

ՀՀ և ՌԴ էներգետիկայի նախարարությունները համաձայնեցրել են ՀԷՑ–ի աուդիտի Տեխնիկական առաջադրանքը

207
Մրցութային հայտերը կներկայացվեն մինչև 2015թ. սեպտեմբերի 30-ը։ Աուդիտի արդյունքները կհրապարկվեն և հասանելի կլինեն հանրության համար

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի– Sputnik. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և ՌԴ էներգետիկայի նախարարությունը համաձայնեցրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի  գործունեության աուդիտի անցկացման Տեխնիկական առաջադրանքը, հաղորդում է ՀՀ ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նշենք, որ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ և ՀՀ վարչապետ  Հովիկ Աբրահամյանի` ՌԴ Կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ 2015թ. հուլիսի 9-ի հանդիպման ժամանակ։

Հաղորդագրության մեջ նշված է, որ Տեխնիկական առաջադրանքը նպատակաուղղված է ստանալ անկախ միջազգային հեղինակություն վայելող խորհրդատվական կազմակերպության կարծիքը հետևյալ երեք խնդիրների վերաբերյալ։ Առաջին խնդիրը՝ ընկերության 2009-2014թթ ծախսերի հիմնավորվածության մասին եզրակացությունն է, առևտրային և տեխնոլոգիական կորուստների մակարդակի ուսումնասիրությունն է,  երկրորդ խնդիրը՝ իրականացված ներդրումային ծրագրերի արդյունավետության, ինչպես նաև անշարժ գույքի և ավտոտրանսպորտային միջոցների վարձակալության վճարների հիմնավորվածության ուսումնասիրությունն է, երրորդ խնդիրը՝ ընկերության կառավարման գործողությունների արդյունավետության գնահատումն է:   

«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտարարել է բաց մրցույթ՝ աուդիտորական ծառայությունների մատուցման համար և հաղթող կազմակերպությունը պայմանագիր ստորագրելուց 4 ամիս անց կավարտի իր ուսումնասիրությունը և դրանից 30 օր անց կներկայացնի վերջնական հաշվետվությունը: Մրցութային հայտերը կներկայացվեն մինչև 2015թ. սեպտեմբերի 30-ը:   

Աուդիտի արդյունքները կհրապարկվեն և հասանելի կլինեն հանրության համար:

207