Спортивно-концертный комплекс им.К.Демирчяна

Մկրտիչ Մինասյան. մարզահամերգային համալիրի պահպանությունը չպետք է լինի կառույցի և շրջակա տարածքի խեղաթյուրման հաշվին

724
Ճարտարապետների միության նախագահը կարծում է, որ շինարարությունը չի մեկնարկի հապճեպորեն, քանի որ նման նախագծերը, ընդունված կարգով, պետք է դրվեն քննարկման:

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Երևանի Մարզահամերգային համալիրի պահպանությունը չպետք է լինի համալիրի և շրջակա տարածքի խեղաթյուրման հաշվին,  «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նա նշել է, որ մարզահամերգային համալիրը դժվար պահվող օբյեկտ է, որի պահպանման համար  լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ, որը պետությունը չի կարողանում հատկացնել:

Ըստ նրա` որոշման մեջ հստակ նշված չէ, թե ինչպիսի փոփոխություններ կլինեն և որտեղ կկառուցվեն նախատեսված համալիրները:

«Մենք բացառում ենք, որ հենց համալիրի ներսում կլինեն նման մեծ փոփոխություններ, կարող է ինտերիերի հետ կապված ինչ-որ փոփոխություններ լինեն, բայց այն պետք է մնա իր ֆունկցիոնալ դերակատարման մեջ, ինչի համար նախատեսված է: Մնացած բոլոր ծրագրերի՝ հյուրանոցի, ջրաշխարհի և այլնի առումով, որևէ կոնկրետ առաջարկ չկա, թե որտեղ պետք է լինեն դրանք», — ասել է նա:

Ճարտարապետը բացառում է, որ նոր շինությունները կառուցվեն այնպիսի հատվածներում, որ խանգարեն թե՛ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին, թե՛ Մարզահամերգային համալիրի բուն էությանը, թե՛ վերացնեն անտառաշերտը: 

Մկրտիչ Մինասյանը դժվարանում է ասել, թե Մարզահամերգային համալիրի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում արդյոք կա՞ն հավելյալ տարածքներ, որտեղ հնարավոր լինի կառուցապատում իրականացնել:

«Մենք չենք իմանում, թե այդ ծրագրում որ հատվածներն են ընդգրկված, գիտենք, որ այդ ամբողջ տարածքում պահպանվում է  անտառաշերտը, որովհետև անտառաշերտը քայքայելը նույնն է, ինչ կառույցը: Հնարավոր է` ճանապարհի իջնող հատվածներում ինչ-որ տեղեր լինեն, բայց առայժմ հստակեցված չէ, թե որտեղ պետք է կառուցվեն դրանք», — նշել է բանախոսը:

Այն դիտարկմանը, թե այս որոշումն ընդունելու համար արդյոք այն չպե՞տք է դրվեր հանրային քննարկման, ճարտարապետը նկատում է՝ նման կարգի համալիրների վերաբերյալ մինչև որոշում ընդունելը պետք է լինի հանրային քննարկում, համենայն դեպս՝ մասնագիտական շրջանակում:

«Քանի որ այստեղ հասարակությունը ևս հետաքրքրվածություն ունի, ուստի նրան պետք է ծանոթացնել, թե ինչ խնդիրներ պետք է լուծվեն, եթե փոխվում է հասցեատերը: Հիմա այդ ամենն արված չէ, ուղղակի փոխվում է սեփականատերը և գալիս է նորը՝ իր մեծ ծրագրերով», — նկատել է Մինասյանը:

Այնուհանդերձ, Ճարտարապետների միության նախագահը կարծում է, որ շինարարությունը չի մեկնարկի հապճեպորեն, քանի որ նման նախագծերը, ընդունված կարգով, պետք է դրվեն քննարկման:

Հայաստանի խոշորագույն համերգային հարթակներից մեկը 30 մլն դոլարով վաճառելու որոշումը հավանության էր արժանացել կառավարության կողմից օգոստոսի 13–ին։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նոր սեփականատերը` «NTA INVESTMENT GROUP» ընկերությունը, պարտավորվում է ներդնել 100 մլն դոլար։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը Երևանում կառուցվել է 1983 թվականին։ Բացումից մեկուկես տարի անց համալիրում բռնկված ուժեղ հրդեհից հետո ՄՀՀ–ն փակվել է ընդհուպ մինչև վերակառուցում 1987 թվականի վերջին։ 1999 թվականին, Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի ժամանակ զոհվեց Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, համալիրը կոչվեց նրա անունով։

2005 թվականի հոկտեմբերի 9–ին համալիրը 5.7 մլն դոլարով վաճառվել է ռուսական ԲԱՄՕ հոլդինգին, որը պարտավորվել է այն վերակառուցել։ Նոր վերակառուցումը տևել է գրեթե 3 տարի, իսկ արժեքը կազմել է մոտ 42 մլն դոլար։ Սակայն կուտակված պարտքերի պատճառով ՄՀՀ–ն դարձավ պետության սեփականություն և փոխանցվեց ՊՆ–ին։

724