Министр сельского хозяйства РА Серго Карапетян

Նախարար. Հայաստանի համար կարևոր է կենդանիների համարակալման և հաշվառման իրականացումը

5
Գյուղնախարարը նման հայտարարություն է արել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ Ջոնաթան Կատզի հետ հանդիպման ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի–Sputnik. Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ԱՄՆ կատարած  աշխատանքային այցի շրջանակում երկուշաբթի Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ Ջոնաթան Կատզի հետ, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ըստ հաղորդագրության` հանդիպման ընթացքում նախարարը նշել է, որ այժմ կարևոր և արդիական է համարում հատկապես կենդանիների համարակալման և հաշվառման իրականացումը, որը կնպաստի մսամթերքի հետագծելիության ապահովմանը:  

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագրերը մեծապես նպաստում են մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը»,- նշել է Կարապետյանը:

Նախարարը նաև անհրաժեշտ է համարել ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակները, մշակել ու իրագործել նոր համատեղ ծրագրեր` դրանցում ներառնելով ոլորտի թիրախային խնդիրները։

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել փոխգործակցության ներկա մակարդակը, քննարկել են USAID-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ միջև հետագա համագործակցության հեռանկարները:

«Վերջին տարիներին միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում հաջողվել է բարելավել սննդամթերքի անվտանգության ենթակառուցվածքները», – նշել է Սերգո Կարապետյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ձկնաբուծության բնագավառում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն համակարգերի ներդրման հարցերը:

5