Հայաստան, Կոնստանտին Օրբելյան, դիրիժոր, konstantin orbelyan, dirijor, novosti armenii
Կոնստանտին Օրբելյան

Կոնստանտին Օրբելյանը Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր է նշանակվել

100
(Թարմացված է 15:37 08.06.2021)
Կոնստանտին Օրբելյանն ընդգծել է, որ սիրով է համաձայնել նոր պաշտոնին: Օպերայի տնօրենն էլ համոզմունք է հայտնել, որ մաեստրոն իր դերակատարումը կունենա Նյու Յորքի օպերան ամերիկյան ու միջազգային օպերային արվեստում նոր բարձունքների հասցնելու գործում:

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր: Տեղեկությունը հրապարակվել է Նյու Յորքի օպերայի պաշտոնական կայքում:

Մաեստրո Օրբելյանի մասնակցությամբ առաջին օպերան՝ նոր շունչ ստացած «Ռիգոլետտոն» կցուցադրվի օգոստոսի 29-ին:

«Շատ ուրախ ենք, որ աշխարհահռչակ մաեստրո Կոնստանտին Օրբելյանը դառնում է Նյու Յորքի քաղաքային օպերայի ընտանիքի անդամ: Նա իր հետ բերում է դիրիժորության իր տասնամյակների փորձառությունը և ապագայում մեզ ու մեր հանդիսատեսին կառաջարկի շատ բարձր մակարդակի ներկայացումներ»,- ասել է օպերայի տնօրեն Մայքլ Կապասոն։

Կապասոն համոզմունք է հայտնել, որ մաեստրոն իր դերակատարումը կունենա Նյու Յորքի օպերան ամերիկյան ու միջազգային օպերային արվեստում նոր բարձունքների հասցնելու գործում:

Օրբելյանն ընդգծել է, որ սիրով է համաձայնել նոր պաշտոնին:

«Սա լավ հնարավորություն է՝ օգնելու այս պատմական ու մշակութային տեսանկյունից կարևոր երաժշտական հաստատությունը վերադառնալ կյանք՝ կորոնավիրուսի մարտահրավերներով լի ժամանակներից հետո: Մենք հնարավորություն կընձեռենք օպերայի սիրահարներին լսել ԱՄՆ–ի և ողջ աշխարհի ամենալավ երգիչներին»,- ասել է նա:

Օրբելյանի խոսքով` իրենք հավատարիմ կմնան Նյու Յորքի քաղաքային օպերայի ավանդույթներին և հարթակ կտրամադրեն ժամանակակից կոմպոզիտորներին։

Հիշեցնենք, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը 2019 թվականի մարտի 26-ի երեկոյան ՀՀ մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու տնօրենի պաշտոնը։ Թատրոնի կոլեկտիվը ապրիլի 1–ին բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարության շենքի դիմաց` ի պաշտպանություն Օրբելյանի։

Օրբելյանը դատի էր տվել ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը`  պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից  ազատելու` մարտի 28–ի հրամանը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ էր կայացրել հօգուտ Օրբելյանի։

Կոնստանտին Օրբելյանը խոսել է իր և նախարարության դատական գործի մասին

100
թեգերը:
պաշտոն, դիրիժոր, ԱՄՆ, Կոնստանտին Օրբելյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Կաֆկայի երազը» հայկական անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Հելսինկիի միջազգային փառատոնում
«Չմոռանաս ինձ»․ բրիտանական պարբերականը ֆիլմ է ներկայացրել հայկական մշակույթի մասին
Միայն հրդեհը հանգցնելուց հետո կարող ենք խոսել մշակույթի մասին. Արամայիս Ավետիսյան
Հասարակության զգալի մասը չունի կորստի խորքային գիտակցում. ինչպես ոտքի հանել վիրավոր երկիրը
Տիգրան Մանսուրյան

Մանսուրյանի «Քավարանը». հայ դասականը դիմել է իտալացի դասականին

52
(Թարմացված է 15:58 24.06.2021)
Անվանի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործության պրեմիերան տեղի կունենա Իտալիայում` Դանթե Ալիգիերիի 700-ամյակին նվիրված հեղինակավոր փառատոնի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանի պետական կամերային երգչախումբը իտալացի մեծ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ գործող սիմֆոնիկ նվագախմբի հետ Ռավեննայում կայանալիք փառատոնին կկատարեն  Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունը։

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հետ կապված սահմանափակումների պատճառով երկարատև լռությունից հետո Իտալիայում այս տարի վերականգնվում են երաժշտական միջոցառումները։  Ադրիատիկ ծովի ափին` Ռավեննա քաղաքում, հուլիսին 31-րդ անգամ կկայանա օպերային և սիմֆոնիկ երաժշտության Եվրոպայի ամենահեղինակավոր փառատոներից մեկը։ Այս անգամ փառատոնը նվիրված կլինի իտալացի մեծ բանաստեղծ, մտածող, աստվածաբան և գրական իտալերենի հիմնադիրներից մեկի` Դանթե Ալիգիերիի 700-ամյակին։

Կազմակերպիչների պնդմամբ` փառատոնը կբացվի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի 41-րդ դո մաժոր սիմֆոնիայի (ավելի հայտնի է որպես «Յուպիտեր») հանդիսավոր և հիասքանչ կատարմամբ։

Սա կլինի առաջին մեծ երաժշտական միջոցառումը, որն ամռանը կգրավի տասնյակ հազարավոր հանդիսատեսների ամբողջ աշխարհից։

«Կերգենք դասականների մի շարք ստեղծագործություններ, որոնց թվում է նաև մեր դասական Տիգրան Մանսուրյանը իր նոր հիասքանչ աշխատանքով։ Աշնանը նոր ելույթներ են սպասվում ինչպես Իտալիայում, այնպես էլ Երևանում` նույն կազմով։ Մուտիից հանճարեղից բացի՝ այլ բան ակնկալել չարժե։ Ուրախ ենք, որ նա մեզ նկատեց, ցանկացավ համագործակցել, և կրկնակի ուրախ ենք մաեստրո Մանսուրյանի համար, ով շարունակում է մեր ազգը ներկայացնել ամբողջ աշխարհում ամենաբարձր մակարդակով»,- ասաց Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։

«Կաֆկայի երազը» հայկական անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Հելսինկիի միջազգային փառատոնում

Տիգրան Մանսուրյանն իր հերթին ընդգծեց ինչպես փառատոնի, այնպես էլ Դանթեի և նրա «Աստվածային կատակերգության» կարևորությունը։

«Ինչպես գիտեք, Դանթեի ստեղծագործությունը բաղկացած է երեք մասից. «Դրախտ», «Քավարան» և «Դժոխք», փառատոնի ղեկավարությունն ինձ խնդրեց երաժշտություն գրել «Քավարանի» համար։ Մաեստրո Մուտին ցանկություն հայտնեց ներկայացնել  այդ ստեղծագործությունը ինչպես Իտալիայում, այնպես էլ Երևանում, ինչը շատ է ինձ ուրախացնում», – ասաց Մանսուրյանը։

Մանսուրյանն ու Մլքեյանը համագործակցում են ավելի քան 30 տարի, սակայն Ռավեննայի փառատոնում Մուտիի նվագախմբի հետ համատեղ ելույթը կլինի առաջին անգամ։

52
թեգերը:
փառատոն, Իտալիա, Տիգրան Մանսուրյան
Ըստ թեմայի
Մեծն Արամ Խաչատրյանը, որ չէր թողնում երևանցիներին գիշերը քնել
Գիտնականներն ասել են` ինչու է ուղեղը հիշում կպչուն մեղեդիները
Հայ-ճապոնական արմատներով մոդելը ԱՄՆ–ում աստղ է դարձել և քարոզում է Կոմիտասի երաժշտությունը
Կոնստանտին Օրբելյան

Կոնստանտին Օրբելյանը կշարունակի՞ ղեկավարել օպերայի թատրոնը. մաեստրոն փակագծեր է բացել

152
(Թարմացված է 20:01 19.06.2021)
Մաեստրոն ասում է, որ Երևանի օպերային թատրոնի ստեղծագործական գործունեության համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն: Նա նախատեսում է թատրոնի ստեղծագործական կյանքում ներգրավել արտերկրում աշխատող հայ արտիստներին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը Հայաստան կվերադառնա հունիսի վերջին: Այդ ժամանակ էլ կորոշվի՝ նա կմնա ներկայիս պաշտոնում, թե կհեռանա պաշտոնից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր ու հիմա գտնվում է ԱՄՆ-ում:

Sputnik Արմենիայի հետ զրույցում մաեստրոն նշեց, որ նոր նշանակումն իր համար մասնագիտական գործունեության ևս մեկ կարևոր փուլ է դարձել, որը պատասխանատու և ստեղծագործական ներդրում է պահանջում: Օրբելյանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է ստանձնել այդ աշխատանքը։ Նա վստահ է, որ ստեղծագործական մեծ կոլեկտիվի հետ կկարողանա նոր բարձունքների հասնել։

«Հայրենիքում իմ հետագա գործունեության հետ կապված շատ հարցեր պարզ կդառնան որոշ ժամանակ անց, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ստեղծագործական գործունեության ընթացքում համատեղելիությունը շատ առումներով կարող է օգտակար լինել ավելի մեծ արդյունքների հասնելու համար»,-ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով՝ համատեղումը շատ գործնական և լայնորեն կիրառվող տարբերակ է միջազգային պրակտիկայում։ Դիրիժորը հորդորեց սպասել երկրում ընթացող իրադարձությունների զարգացմանը (ընտրությունների արդյունքներին. խմբ.), ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արձագանքին ու առաջարկություններին՝ իր հետագա գործունեության հետ կապված:

Օրբելյանն ընդգծեց, որ Երևանի օպերային թատրոնում աշխատելու ընթացքում իրեն հաջողվել է տասնյակ լայնածավալ նախագծեր իրականացնել: Սակայն հանգամանքների բերումով շատ նախագծեր անավարտ են մնացել։

«Սկզբում մեր գործունեությանը խանգարեց բոլորին հայտնի նախարարի պաշտոնակատարը, չնայած որ նա իր առջև միանգամայն այլ նպատակներ պետք է դներ։ Հետո՝ համավարակը, պատերազմը»,-ավելացրեց նա։

Թատրոնի թատերախումբը փորձում էր փոխել իր գործունեության ձևաչափը, և պատերազմի ժամանակ նրանք փորձում էին հնարավորինս օգտակար լինել ռազմաճակատի համար։ Օրբելյանը խոստովանեց, որ մտահղացումներն ամբողջությամբ իրականացնել չի հաջողվել, միաժամանակ հույս հայտնեց, որ կկարողանա ավարտել սկսածը:

Նրա խոսքով` թատրոնը նոր ներկայացումների կարիք ունի, եղածներից մի քանիսն էլ պետք է նորից բեմադրել։ Օպերային բեմադրությունների ոլորտը ենթադրում է աշխատանքների 3-5 տարվա պլանավորում, սակայն հիմա դա գրեթե անհնար է դարձել, քանի որ շատ բան կախված է երկրում տեղի ունեցող իրադարձություններից։

Օրբելյանը պարզաբանեց, որ երկիրն առայժմ անցումային փուլում է, ուստի շատ հարցեր դեռ պարզ չեն: Չնայած դրան՝ 2020 թ․-ից թատրոնը փորձում է գործունեությունը պլանավորել այնպես, որ ժամանակին համընթաց ընթանա։

«Վերջերս մենք առաջնախաղ ունեցանք, և եթե ամեն բան լավ լինի, մենք կկարողանանք իրագործել անավարտ ծրագրերը։ Շատ պլաններ կան, իսկապես շատ աշխատանք կա, պարզապես պետք է բարենպաստ մթնոլորտ լինի, և այդ դեպքում մենք ամեն ինչ կանենք, որ հանրությունը շարունակի բարձրագույն էսթետիկ հաճույք ստանալ Երևանի օպերայի և բալետի թատրոնում»,-ասաց դիրիժորը։

Նա նախատեսում է թատրոնի ստեղծագործական աշխատանքում ներգրավել արտերկրում աշխատող հայ արտիստներին։

Մաեստրոն կարծում է, որ Երևանի օպերային թատրոնը աշխարհի միակ ստեղծագործական օջախն է, որը պարտավոր է միավորել ամբողջ աշխարհի հայերի գեղարվեստական ներուժը, հօգուտ Հայաստանի օգտագործել օպերայի, բալետի արտիստների, կոմպոզիտորների, դիրիժորների հնարավորությունները։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե երբ կվերադառնա Երևան, Օրբելյանը պարզաբանեց, որ մեծ հույս ունի Երևանում լինել հունիսի վերջին։

Հիշեցնենք՝ Օրբելյանի լիազորությունները որպես թատրոնի տնօրեն դադարեցվել էին 2019թ․-ի մարտի 29-ին՝ այն ժամանակվա մշակույթի նախարարի ժ․պ․ Նազենի Ղարիբյանի որոշմամբ, ինչն առաջացրել էր թատրոնի աշխատակիցների և շարքային քաղաքացիների դժգոհությունը։ Ընդ որում՝ Օրբելյանը շարունակում էր մնալ թատրոնի գեղարվեստական ղեկավար։ 2020թ․-ի փետրվարին նրան վերականգնեցին տնօրենի պաշտոնում, սակայն դրանից հետո նա հեռացավ Հայաստանից։

Կոնստանտին Օրբելյանը շահել է դատն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության

152
թեգերը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Կոնստանտին Օրբելյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Կգրկեմ ու կհամբուրեմ Նազենի Ղարիբյանին». Օրբելյան
«Օրբելյանը փողը չի՞ տվել». ինչո՞ւ է Օպերային թատրոնի երգչախումբը վրդովված
Կվերադառնա «աշխարհի միակ թատրոն»․ Օրբելյանի անկեղծ պատասխանները «վատ հարցերին»
Ռեջի Բուշն ու Լիլիթ Ավագյանը

Հայտնի հայուհու հայրիկի և դստեր ակրոբատիկ կատարումը հուզել է օգտատերերին. տեսանյութ

0
(Թարմացված է 16:48 25.06.2021)
Հոլիվուդի ամենագեղեցիկ հայուհիներից մեկն իր հորն անվանել է «հանրագիտարան» և աշխարհի ամենասիրող պապիկ: Նա նաև խոստովանել է, որ իր բախն անասելի բերել է, որ նման հայր ունի:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Ամերիկյան ֆուտբոլի հայտնի աստղ Ռեջի Բուշի կինը՝ հոլիվուդյան պարուսույց Լիլիթ Ավագյան-Բուշը, համացանցում հրապարակել է, թե ինչպես է իր հայրը խաղում և զվարճանում թոռների հետ:

Հատկապես մեծ արձագանք է ստացել այն տեսանյութը, որում Լիլիթի հայրը՝ տարեց, բայց շատ ուժեղ և կայուն մի տղամարդ, մի ձեռքով բարձրացնում է իր թոռնուհուն՝ 8-ամյա Բրայսին: Եվ դա տեղի է ունենում շքեղ լողավազանում ՝ ծաղիկների և կակտուսների ֆոնին:

View this post on Instagram

A post shared by Lilit Bush (@lilitslife)

Լիլիթի հետևորդներին հատկապես գրավել է փոքրիկի ճկունությունը: Պապիկի ու թոռնիկի կատարումը գրեթե պրոֆեսիոնալ մակարդակի է:

Մեկ այլ լուսանկարում պապը զվարճացնում է թոռներին ծովափում:

Իր հրապարակումը Լիլիթը մակագրել է. «Papik» (պապիկ):

Ֆուտբոլի ամերիկյան լիգայի խաղացողի երեխաները հայերեն գրել են սովորում․ տեսանյութ

Ռեջի Բուշի կնոջ երկրպագուները չեն թաքցրել իրենց հիացմունքը հայ պապիկի հանդեպ և մաղթել են նրան քաջառողջություն: Իսկ աղջկան համեմատել են ջրահարսի հետ: Ինչ-որ մեկն էլ նկատել է. «Papiks are the best!» (պապիկները լավագույնն են):

Գրառումներից մեկում Լիլիթն իր հորն անվանել է «հանրագիտարան» և աշխարհի ամենասիրող պապիկ: Նա նաև խոստովանել է, որ իր բախտն անասելի բերել է հոր հարցում:

Ռեջի Բուշն ու Լիլիթ Ավագյանը հանդիպել են 2011 թվականին, իսկ երեք տարի անց ամուսնացել: Այժմ նրանք ունեն երեք երեխա՝ 8-ամյա Բրիսեյսը, 6-ամյա Ուրիան և 4-ամյա Էյջիմանգը:

View this post on Instagram

A post shared by Lilit Bush (@lilitslife)

Լիլիթը համարվում է Հոլիվուդի ամենագեղեցիկ հայ կանանցից մեկը: Նա ներառվել է  Միացյալ Նահանգների պրոֆեսիոնալ ամերիկացի ֆուտբոլիստների ամենագեղեցիկ կանանց տասնյակում:

Ավագյանը վարում է առողջ ապրելակերպ և շատ ակտիվ է սոցցանցերում: Շատերը նրան համեմատում են Ռեջիի նախկին կրքի՝ հայտնի Քիմ Քարդաշյանի հետ, ում հետ նա ժամադրվում էր 2007-ից 2010 թվականներին:

0
թեգերը:
Լիլիթ Ավագյան–Բուշ, թոռ, պապիկ, հայ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը սիրավեպ է սկսել ռուսաստանցի սուպերմոդելի հետ
«Հավերժ սիրում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քանյե Ուեսթի ծննդյան օրը
Նրանք հրաշալի տղամարդիկ են. Հայրերի օրվա առթիվ Քիմ Քարդաշյանը նաև Ուեսթին է շնորհավորել