ղազանչեցոց եկեղեցի, ադրբեջանցի, գնդակոծություն, արցախ, novosti, arcax, xazanchecoc, ekexeci, gndakocutyun
Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին. արխիվային լուսանկար

Վանդալիզմը շարունակվում է. ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը

1254
(Թարմացված է 21:30 14.12.2020)
Հուշարձանների պղծման դեպքերի մասին տվյալները կներկայացվեն ռուսական խաղաղապահ կորպուսի հրամանատարությանը՝ նման փորձերին հակազդելու համար։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը։ Այս մասին տեղեկություններ են տարածել մի շարք լրատվական կայքեր։

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Արցախի մշակույթի նախարարության ներկայացուցիչ Արման Գրիգորյանը, հրապարակված լուսանկարներից դատելով, գնդակոծվել է եկեղեցու գլխավոր գմբեթը, որը ռազմական գործողությունների ժամանակ անվնաս էր մնացել։

«Այս տեղեկությունը մենք կցել ենք տվյալների արխիվին, որը պատրաստվում ենք առաջիկայում ներկայացնել ռուսական խաղաղապահ կորպուսի հրամանատարությանը»,-նշեց Գրիգորյանը։

Նախարարությունն իր արխիվներից տվյալներ է տրամադրել Արցախի տարածքում գտնվող պատմության և մշակույթի մոտ երկու հազար հուշարձանների մասին, որոնք դեռևս գտնվում են ադրբեջանա-թուրքական օկուպացիայի տարածքներում: Դրանց թվում են քրիստոնեական տաճարներ, մզկիթներ, ամրոցներ, հին շինություններ, Հայրենական մեծ պատերազմի հուշարձաններ։ Այդ տվյալները կներկայացվեն խաղաղապահների հրամանատարությանը՝ դրանց պահպանման հնարավորությունը քննարկելու համար։

Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքում մոտավորապես նույն քանակով հուշարձաններ կան։

Թշնամու ձեռագիրը. սուրբ Ղազանչեցոցի պատերին գրառումներ են հայտնվել

1254
թեգերը:
ռմբակոծություն, Ադրբեջան, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի)
Ըստ թեմայի
Սուրբ Ղազանչեցոցում արյան հետքեր են. ի՞նչ վիճակում է եկեղեցին 2–րդ հրթիռակոծությունից հետո
Արցախի ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծումների վերաբերյալ
Ամենալուրջ խնդիրը կապված է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ
Տիգրան Մանսուրյան

Մանսուրյանի «Քավարանը». հայ դասականը դիմել է իտալացի դասականին

38
(Թարմացված է 15:58 24.06.2021)
Անվանի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործության պրեմիերան տեղի կունենա Իտալիայում` Դանթե Ալիգիերիի 700-ամյակին նվիրված հեղինակավոր փառատոնի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանի պետական կամերային երգչախումբը իտալացի մեծ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ գործող սիմֆոնիկ նվագախմբի հետ Ռավեննայում կայանալիք փառատոնին կկատարեն  Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունը։

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հետ կապված սահմանափակումների պատճառով երկարատև լռությունից հետո Իտալիայում այս տարի վերականգնվում են երաժշտական միջոցառումները։  Ադրիատիկ ծովի ափին` Ռավեննա քաղաքում, հուլիսին 31-րդ անգամ կկայանա օպերային և սիմֆոնիկ երաժշտության Եվրոպայի ամենահեղինակավոր փառատոներից մեկը։ Այս անգամ փառատոնը նվիրված կլինի իտալացի մեծ բանաստեղծ, մտածող, աստվածաբան և գրական իտալերենի հիմնադիրներից մեկի` Դանթե Ալիգիերիի 700-ամյակին։

Կազմակերպիչների պնդմամբ` փառատոնը կբացվի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի 41-րդ դո մաժոր սիմֆոնիայի (ավելի հայտնի է որպես «Յուպիտեր») հանդիսավոր և հիասքանչ կատարմամբ։

Սա կլինի առաջին մեծ երաժշտական միջոցառումը, որն ամռանը կգրավի տասնյակ հազարավոր հանդիսատեսների ամբողջ աշխարհից։

«Կերգենք դասականների մի շարք ստեղծագործություններ, որոնց թվում է նաև մեր դասական Տիգրան Մանսուրյանը իր նոր հիասքանչ աշխատանքով։ Աշնանը նոր ելույթներ են սպասվում ինչպես Իտալիայում, այնպես էլ Երևանում` նույն կազմով։ Մուտիից հանճարեղից բացի՝ այլ բան ակնկալել չարժե։ Ուրախ ենք, որ նա մեզ նկատեց, ցանկացավ համագործակցել, և կրկնակի ուրախ ենք մաեստրո Մանսուրյանի համար, ով շարունակում է մեր ազգը ներկայացնել ամբողջ աշխարհում ամենաբարձր մակարդակով»,- ասաց Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։

«Կաֆկայի երազը» հայկական անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Հելսինկիի միջազգային փառատոնում

Տիգրան Մանսուրյանն իր հերթին ընդգծեց ինչպես փառատոնի, այնպես էլ Դանթեի և նրա «Աստվածային կատակերգության» կարևորությունը։

«Ինչպես գիտեք, Դանթեի ստեղծագործությունը բաղկացած է երեք մասից. «Դրախտ», «Քավարան» և «Դժոխք», փառատոնի ղեկավարությունն ինձ խնդրեց երաժշտություն գրել «Քավարանի» համար։ Մաեստրո Մուտին ցանկություն հայտնեց ներկայացնել  այդ ստեղծագործությունը ինչպես Իտալիայում, այնպես էլ Երևանում, ինչը շատ է ինձ ուրախացնում», – ասաց Մանսուրյանը։

Մանսուրյանն ու Մլքեյանը համագործակցում են ավելի քան 30 տարի, սակայն Ռավեննայի փառատոնում Մուտիի նվագախմբի հետ համատեղ ելույթը կլինի առաջին անգամ։

38
թեգերը:
փառատոն, Իտալիա, Տիգրան Մանսուրյան
Ըստ թեմայի
Մեծն Արամ Խաչատրյանը, որ չէր թողնում երևանցիներին գիշերը քնել
Գիտնականներն ասել են` ինչու է ուղեղը հիշում կպչուն մեղեդիները
Հայ-ճապոնական արմատներով մոդելը ԱՄՆ–ում աստղ է դարձել և քարոզում է Կոմիտասի երաժշտությունը
Կոնստանտին Օրբելյան

Կոնստանտին Օրբելյանը կշարունակի՞ ղեկավարել օպերայի թատրոնը. մաեստրոն փակագծեր է բացել

152
(Թարմացված է 20:01 19.06.2021)
Մաեստրոն ասում է, որ Երևանի օպերային թատրոնի ստեղծագործական գործունեության համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն: Նա նախատեսում է թատրոնի ստեղծագործական կյանքում ներգրավել արտերկրում աշխատող հայ արտիստներին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը Հայաստան կվերադառնա հունիսի վերջին: Այդ ժամանակ էլ կորոշվի՝ նա կմնա ներկայիս պաշտոնում, թե կհեռանա պաշտոնից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր ու հիմա գտնվում է ԱՄՆ-ում:

Sputnik Արմենիայի հետ զրույցում մաեստրոն նշեց, որ նոր նշանակումն իր համար մասնագիտական գործունեության ևս մեկ կարևոր փուլ է դարձել, որը պատասխանատու և ստեղծագործական ներդրում է պահանջում: Օրբելյանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է ստանձնել այդ աշխատանքը։ Նա վստահ է, որ ստեղծագործական մեծ կոլեկտիվի հետ կկարողանա նոր բարձունքների հասնել։

«Հայրենիքում իմ հետագա գործունեության հետ կապված շատ հարցեր պարզ կդառնան որոշ ժամանակ անց, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ստեղծագործական գործունեության ընթացքում համատեղելիությունը շատ առումներով կարող է օգտակար լինել ավելի մեծ արդյունքների հասնելու համար»,-ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով՝ համատեղումը շատ գործնական և լայնորեն կիրառվող տարբերակ է միջազգային պրակտիկայում։ Դիրիժորը հորդորեց սպասել երկրում ընթացող իրադարձությունների զարգացմանը (ընտրությունների արդյունքներին. խմբ.), ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արձագանքին ու առաջարկություններին՝ իր հետագա գործունեության հետ կապված:

Օրբելյանն ընդգծեց, որ Երևանի օպերային թատրոնում աշխատելու ընթացքում իրեն հաջողվել է տասնյակ լայնածավալ նախագծեր իրականացնել: Սակայն հանգամանքների բերումով շատ նախագծեր անավարտ են մնացել։

«Սկզբում մեր գործունեությանը խանգարեց բոլորին հայտնի նախարարի պաշտոնակատարը, չնայած որ նա իր առջև միանգամայն այլ նպատակներ պետք է դներ։ Հետո՝ համավարակը, պատերազմը»,-ավելացրեց նա։

Թատրոնի թատերախումբը փորձում էր փոխել իր գործունեության ձևաչափը, և պատերազմի ժամանակ նրանք փորձում էին հնարավորինս օգտակար լինել ռազմաճակատի համար։ Օրբելյանը խոստովանեց, որ մտահղացումներն ամբողջությամբ իրականացնել չի հաջողվել, միաժամանակ հույս հայտնեց, որ կկարողանա ավարտել սկսածը:

Նրա խոսքով` թատրոնը նոր ներկայացումների կարիք ունի, եղածներից մի քանիսն էլ պետք է նորից բեմադրել։ Օպերային բեմադրությունների ոլորտը ենթադրում է աշխատանքների 3-5 տարվա պլանավորում, սակայն հիմա դա գրեթե անհնար է դարձել, քանի որ շատ բան կախված է երկրում տեղի ունեցող իրադարձություններից։

Օրբելյանը պարզաբանեց, որ երկիրն առայժմ անցումային փուլում է, ուստի շատ հարցեր դեռ պարզ չեն: Չնայած դրան՝ 2020 թ․-ից թատրոնը փորձում է գործունեությունը պլանավորել այնպես, որ ժամանակին համընթաց ընթանա։

«Վերջերս մենք առաջնախաղ ունեցանք, և եթե ամեն բան լավ լինի, մենք կկարողանանք իրագործել անավարտ ծրագրերը։ Շատ պլաններ կան, իսկապես շատ աշխատանք կա, պարզապես պետք է բարենպաստ մթնոլորտ լինի, և այդ դեպքում մենք ամեն ինչ կանենք, որ հանրությունը շարունակի բարձրագույն էսթետիկ հաճույք ստանալ Երևանի օպերայի և բալետի թատրոնում»,-ասաց դիրիժորը։

Նա նախատեսում է թատրոնի ստեղծագործական աշխատանքում ներգրավել արտերկրում աշխատող հայ արտիստներին։

Մաեստրոն կարծում է, որ Երևանի օպերային թատրոնը աշխարհի միակ ստեղծագործական օջախն է, որը պարտավոր է միավորել ամբողջ աշխարհի հայերի գեղարվեստական ներուժը, հօգուտ Հայաստանի օգտագործել օպերայի, բալետի արտիստների, կոմպոզիտորների, դիրիժորների հնարավորությունները։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե երբ կվերադառնա Երևան, Օրբելյանը պարզաբանեց, որ մեծ հույս ունի Երևանում լինել հունիսի վերջին։

Հիշեցնենք՝ Օրբելյանի լիազորությունները որպես թատրոնի տնօրեն դադարեցվել էին 2019թ․-ի մարտի 29-ին՝ այն ժամանակվա մշակույթի նախարարի ժ․պ․ Նազենի Ղարիբյանի որոշմամբ, ինչն առաջացրել էր թատրոնի աշխատակիցների և շարքային քաղաքացիների դժգոհությունը։ Ընդ որում՝ Օրբելյանը շարունակում էր մնալ թատրոնի գեղարվեստական ղեկավար։ 2020թ․-ի փետրվարին նրան վերականգնեցին տնօրենի պաշտոնում, սակայն դրանից հետո նա հեռացավ Հայաստանից։

Կոնստանտին Օրբելյանը շահել է դատն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության

152
թեգերը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Կոնստանտին Օրբելյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Կգրկեմ ու կհամբուրեմ Նազենի Ղարիբյանին». Օրբելյան
«Օրբելյանը փողը չի՞ տվել». ինչո՞ւ է Օպերային թատրոնի երգչախումբը վրդովված
Կվերադառնա «աշխարհի միակ թատրոն»․ Օրբելյանի անկեղծ պատասխանները «վատ հարցերին»
Փաստաբանների պալատի զինանշանը

Փաստաբանների պալատը պատրաստ է իրավաբանական օգնություն տրամադրել հայ ռազմագերիներին

0
(Թարմացված է 20:15 24.06.2021)
Հայ ռազմագերիների ընտանիքի անդամները՝ Ադրբեջանում ՀՀ փաստաբանի միջոցով ներկայացված լինելու ցանկության դեպքում կարող են դիմել ՀՀ փաստաբանների պալատ։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ փաստաբանների պալատը հունիսի 24-ին կազմակերպել է խորհրդակցություն Ադրբեջանում ընթացող դատավարություններում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու արդյունավետության հարցի շուրջ:

ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, նախագահի առաջին տեղակալ Մանե Կարապետյանը, նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը, փաստաբաններ Հայկ Ալումյանը և Արա Ղազարյանը, ներկա են գտնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ներկայացուցչի տեղակալ Լիպարիտ Դրմեյանը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը փաստաբաններին ընդհանուր տեղեկություններ է տրամադրել հայ ռազմագերիների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործերի ընթացքի մասին:

«Փաստաբանները քննարկել են Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու, ինչպես նաև հնարավոր խախտումները բացահայտելու և հիմնավորելու անհրաժեշտության և արդյունավետության հարցը: Փաստաբանները մտահոգություն են հայտնել առ այն, որ Ադրբեջանը խոչընդոտելու է ՀՀ փաստաբանների կողմից հայ ռազմագերիներին իրավաբանական օգնության տրամադրումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Հեշտ չէ, բայց գործընթացը շարունակվում է»․ Տիգրան Ավինյանը՝ գերիների վերադարձի մասին

Քննարկման արդյունքում Փաստաբանների պալատը որոշել է դիմել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, Ադրբեջանի իրավասու մարմիններին, Ադրբեջանի փաստաբանների միությանը, ինչպես նաև միջազգային այլ կառույցներին՝ հայ ռազմագերիներին Հայաստանի Հանրապետության փաստաբանների միջոցով իրավաբանական օգնություն ցույց տալն ապահովելու, ՀՀ փաստաբանների մուտքը Ադրբեջան թույլատրելու և նրանց անվտանգությունը երաշխավորելու հարցերով:

«Վերոգրյալը հաշվի առնելով խնդրում ենք մինչև 2021թ. հունիսի 29-ը Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավական օգնություն ցույց տալու պատրաստակամություն ունեցող քրեաիրավական մասնագիտացման փաստաբաններին՝ info@advocates.am էլեկտրոնային փոստին գրություն ուղարկելու միջոցով տեղեկացնել այդ մասին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հայ ռազմագերիների ընտանիքի անդամները՝ Ադրբեջանում ՀՀ փաստաբանի միջոցով ներկայացված լինելու ցանկության դեպքում կարող են դիմել ՀՀ փաստաբանների պալատ։

0
թեգերը:
Փաստաբանների պալատ, գերի
Ըստ թեմայի
ԱԳՆ–ն կոչ է անում միջազգային գործընկերներին Ադրբեջանի դեմ քայլեր ձեռնարկել գերիների հարցով
Գերի ընկած կանայք տանջամահ են արվել ադրբեջանական բանտերում. Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Ռուսաստանն արել և անում է անհնարինը, որ գերիները վերադարձվեն. Կոպիրկին