ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Անվանի խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովի արվեստին սիրահարված վրացի ռեժիսոր Գիա Ալավիձեն, որն ավելի հայտնի է Խոսե Մաջիներե կեղծանունով, ամեն ամիս իր աշխատավարձից գումար է տնտեսում թբիլիսահայ հանճարի մասին ֆիլմ նկարահանելու համար։
Խոսեն Սերգեյ Փարաջանովի մասին ֆիլմաշարի (16 ֆիլմ) հեղինակն է: Դրանք միավորված են մեկ անվան տակ` «Զրույցներ Փարաջանովի մասին», գրում է Sputnik Գրուզիան։

Սյունակագիր Եկատերինա Միկարիձեին տված հարցազրույցում Մաջիներեն պատմել է, որ տասը տարի երազել է ֆիլմ նկարահանել Փարաջանովի մասին։ Առաջին ֆիլմից հետո հասկացել է, որ այդքանով չի սահմանափակվի և շարունակել է նկարահանել։ Այդպես ստեղծվել է 16 ֆիլմ թբիլիսահայ հանճարի մասին։
«Առաջին սցենարս գրված էր տրագիկոմիկ ֆարսի ժանրում և երկու մասից էր բաղկացած։ Առաջինը կերտեցի Յուրի Մեչետովի լուսանկարների հիման վրա, և ցույց տվեցի, որ փարաջանովյան Թբիլիսին հեռանում է, այն չկա։ Իսկ երկրորդ մասում փորձեցի պայմանականորեն ասված մաեստրոյին «վերադարձնել» հայրենիք», – ասում է Խոսեն։
Սցենարը հետևյալն էր. ռեժիսորը Սերգեյ Փարաջանովի դագաղը տանում է մշակույթի նախարարություն, և այնտեղից նրան բնականաբար դուրս են անում։ Այնուհետև նա դագաղով գնում է այն հասցեով, որտեղ ապրել է Փարաջանովը` Մթածմինդա, այնտեղից ևս նրան վտարում են։ Իսկ հետո նա որոշում է բարձրանալ Փարաջանովի ծնողների գերեզմանի մոտ` Վերայի գերեզմանատուն և հանճարի աճյունը հանձնել հարազատ հողին։ Սակայն այստեղ էլ է դիմադրության բախվում։ Կարճ ասած, աճյունով վերադառնում է Հայաստան։
«Ընկերներս ինձ ասացին` Խոսե, քեզ շատերը չեն հասկանա, քաղաքը կալեկոծես, սկանդալ կառաջանա։ Եվ ես որոշեցի այլ կերպ նկարահանել։ Բայց միևնույն է չէի սպասում, որ մի ֆիլմից 16 սերիա կծնվի, և սա դեռ վերջը չէ», – ասել է նա։
Ռեժիսորն արդեն ևս 20 մարդու է ձայնագրել, առջևում դեռ այլ հետաքրքիր զրուցակիցներ են սպասվում։ Նա համոզված է, որ Փարաջանովը հսկա «բեկոր» է, որին միանգամից և ամբողջությամբ «գրկելը» շատ դժվար է։ «Օրինակ` ձայնագրում ես Սերգոյին լավ ճանաչող մի մարդու, և նա խոսակցության ընթացքում այնպիսի մի բան կասի, որ դա թեմա կդառնա հաջորդ ֆիլմի համար։ Ֆիլմերս այդպես էին ծնվում։ Մի հարցազրույցից մյուսն էր բացվում, երկրորդից` երրորդն ու այդպես շարունակ։ Վախենում եմ`ողջ կյանքս չհերիքի ամբողջը պատմելու համար», – ասում է նա։
Նա նշել է, որ տեսագրում է մարդկանց, որոնք հիշում են Սերգեյին, կարող են նրա մասին ինչ–որ հետաքրքիր բան պատմել։
Խոսեն անկախ ռեժիսոր, օպերատոր և մոնտաժող է։ Սկզբում ֆիլմը նկարահանելու համար նամակներ էր ուղարկում դեսպանատուն, տարբեր կազմակերպությունների, մշակույթի նախարարություն, իսկ հետո հասկացավ` ոչ մեկից ոչինչ չի խնդրել պետք չէ, կսկսի անձամբ, սեփական միջոցներով նկարահանումներն իրականացնել։
Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը
Խոսեն աշխատում է Կովկասյան տանը, ֆիլմեր է նկարահանում, դասավանդում է կիրակնօրյա դպրոցում, որում սովորում են Վրաստանի հակամարտող շրջաններում բնակվող ընտանիքների երեխաները։ Փարաջանովի մասին ֆիլմ նկարահանելու համար նա ամեն ամիս իր աշխատավարձից որոշակի գումար է տնտեսում։
Փարաջանովի առաջին ֆիլմը, որը նա դիտել էր «Աշուղ Ղարիբն» էր։ Այն ժամանակ ռեժիսորը զարմացել էր, թե ինչպես գեղեցկությունը, որը նա տեսավ էկրանին, դուրս մղեց իր միջից ողջ սև, բացասական էներգիան։
«Դա թերապիա է, մոգական ուժ, որով օժտված էր Փարաջանովը։ Յուրաքանչյուր մարդու մեջ խոսում է կա՛մ աստված, կա՛մ սատանան։ Նա հաղորդիչ է, որի միջով անցնում է էներգիան։ Սերգոն իր արվեստի միջոցով հանդիսատեսին հասցնում էր աստվածային մակարդակի։ Եվ խոսում այն մասին, որ աստված գեղեցկություն է, գեղեցկության սկիզբը։ Դա այն շղթան է, որը Դոստոևսկուց սկսած փրկության է տանում», – ասում է Խոսեն։
Նա նշել է, որ վաղուց էր իր մեջ հասունացել Փարաջանովի մասին ֆիլմ նկարահանելու ցանկությունը, այդ պատճառով շատ էր խոսում դրա մասին ծանոթների և ընկերների մոտ։ Այդպես նա ծանոթացել է «Աշուղ Ղարիբ» ֆիլմի մոնտաժող Լուիզա Նիազյանի հետ։ Եվ որոշել է այսպիսի կադր նկարահանել, իբրև թե Լուիզան փնտրում է այն տունը, որտեղ ապրել է Փարաջանովը։ Լուիզան համաձայնել է։
«Մենք հաջողությամբ նկարահանեցինք նրա վերելքը։ Լուիզան շրջվեց և ցած գնաց։ Հանկարծ կանգ առավ մի պատշգամբի մոտ։ Ես ավարտել էի նկարահանումը, բայց ականջակալները դեռ ականջիս էին, և ես լսում էի` ինչպես է նա Փարաջանովի մասին հարցնում մի երիտասարդի», – պատմում է Խոսեն։
«Մեչիտովը կարծում է, որ Փարաջանովն ինքն է, բայց Փարաջանովը ես եմ»
Իսկ տղան պատշգամբից նրան պատասխանում է. «Իհարկե գիտեմ։ Նա իմ քեռին է»։ Այստեղ Խոսեն վերցնում է տեսախցիկն ու վազում նրանց մոտ։
«Զարմիկը շատ նման է քեռուն` Աշուղ Ղարիբի հերոսին։ Յուրան այսօր ընտանիքի հետ Դանիայում է ապրում։ Տունդարձի ճանապարհին ես մտածում էի, որ Սերգոն ամեն ինչ տեսնում և ողջունում»։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» ծրագրում ներառվել է 2021թ․-ի արտադրության «Սև Բախ Արցախ» ֆիլմը, ինչը համացանցում բացասական արձագանքի է արժանացել ադրբեջանցի օգտատերերի կողմից։ Ֆիլմը հիմնված է Արցախի բնակիչների հետ հարցազրույցի վրա։
Ադրբեջանցի օգտատերերը զայրույթով են արձագանքել ֆիլմի վերնագրին և կողմնակալ են համարել Բեռլինալեի կայքում հրապարակված նախնական սցենարը, որը ներկայացրել են ֆիլմի հեղինակները։
Ֆիլմը պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին և հիմնված է Արցախի բնակիչների հարցազրույցների վրա, որոնք նկարահանվել են դեռևս 2007թ․-ին՝ երկու պատերազմների միջև։ Ֆիլմի ռեժիսորներն են Այրին Անաստասը և Ռենե Գաբրին։
Բախի կանտատների ռիթմը կրկնող 13 ակտի բաժանված ֆիլմում բնապատկերները միահյուսված են կադրից դուրս ձայնի հետ, որն արտացոլում է պատերազմի, ինքնության և պատկանելիության բնույթը։
Բեռլինալեի կայքում ֆիլմի նկարագրությունը թուրքերի և ադրբեջանցիների կատաղի արձագանքն է առաջացրել․ նրանք այն անվանում են «քարոզչական ֆիլմ»՝ «միակողմանի պատմությամբ»։
Սկանդալ Արցախի մասին ֆիլմի շուրջ. ինչու Մոսկվայի կինոփառատոնից հանեցին «Դրախտի դարպասը»
1990-ականների Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ֆիլմում անվանում են «պայքար հանուն ազատության և ինքնորոշման», իսկ 2020թ․-ի պատերազմը՝ «Ադրբեջանի բռնապետի ներխուժում»։
Փառատոնը մերժել է ֆիլմը ծրագրից հանելու կոչերը։ Վիրտուալ ցուցադրությունից հետո արդեն ամռանը Բեռլինում ֆիլմը կցուցադրվի օֆլայն ձևաչափով:
Փառատոնի հայտարարության մեջ ասվում է, որ բոլորն անհամբերությամբ են սպասում ամռանը ֆիլմի ցուցադրմանը և պանելային քննարկմանը, որի ընթացքում բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել կառուցողական երկխոսությանը։
6 ֆիլմ` նվիրված արցախյան պատերազմին․ «Ոսկե ծիրանը» ևս կմիանա համազգային դրամահավաքին
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` գյուղեգյուղ շրջած, տարիներ շարունակ հավաքած և հիմա էլ թշնամու ձեռքից փրկած 71 գորգ է ցուցադրության հանվել։

«Եթե քանակական առումով նայենք, ապա մեր հավաքածուի 2/3-րդն ենք փրկել, սակայն որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել ենք։ Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասաց Ասծատրյանը։
Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը
Նա պատմեց, որ հոկտեմբերի 20-ին ինչպես Երևանի, այնպես էլ Արցախի մշակույթի ոլորտի պատասխանատուները զանգահարել և խորհուրդ են տվել, որ գորգերը թանգարանից տարհանեն։ Ասծատրյանը, սակայն, որոշել է մի քիչ էլ սպասել` չի ուզել թանգարանը դատարկել։ Բայց դրան հաջորդող օրերին նկատել է` ադրբեջանական զորքը մոտեցել և Քարինտակ է հասել։ Պատերազմի վերջին օրերին էլ մեծ հրթիռ է պայթել թանգարանի մոտ` կոտրելով դուռ-պատուհանը։ Հենց այդ պահին Ասծատրյանը զանգել է Արցախի մշակույթի նախարարին և խնդրել, որ մեքենա տրամադրի գորգերը տեղափոխելու համար։

Շուշիի գորգերի հավաքածուն Ասծատրյանի շնորհիվ է հավաքվել։ Նա անձամբ է շրջել տնետուն ու գնել դրանք։ «Երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, ադրբեջանցիները շրջում էին գյուղերով և հայկական հին գորգերը գնում ու տեղը նորերն էին առաջարկում։ Այդ ամենը տանում էին Բաքվի թանգարան և ցուցադրում որպես ադրբեջանական մշակույթի մի մաս։ Դա տեսնելով` հասկացա, որ փրկության միակ ձևը դրանք գնելն է։ 2000-ականներին սկսեցի գնել գորգերը»,–ասում է Ասծատրյանը։
Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն
Մարդիկ Ասծատրյանին սիրով են իրենց գորգերը վաճառել, երբ իմացել են, որ նա պատրաստվում է Շուշիում թանգարան բացել։ Ավելին, եղել են դեպքեր, որ մարդիկ պատմել են` նախկինում իրենցից ավելի բարձր գնով էլ ուզել են գորգ գնել, սակայն քանի որ իմացել են, որ այն Արցախից դուրս պետք է հանեն, չեն վաճառել։ Արդյունքում Ասծատրյանը 2011-ին Շուշիում բացել է գորգերի թանգարանը։

Ասծատրյանը հավաքածուում բավական հին գորգեր ունի` անգամ 17-րդ դարին վերագրվող։ Հիմնականում 19-րդ դարի գորգեր են, որոնք աչքի են ընկնում իրենց սիմվոլներով, և մասնագետներն առաջին իսկ հայացքից տարբերակում են, որ դրանք արցախյան գորգեր են։
Ասծատրյանն ասում է, որ յուրաքանչյուր գորգ իր պատմությունն ունի։ Արցախյան գորգերի մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Ասծատրյանն ասում է` մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

«Հիմա միակ ցանկությունս է, որ մի տարածք հատկացնեն և Երևանում թանգարան բացենք։ Այստեղ ցուցադրության ժամանակ մարդկանց մոտ ես հետաքրքրություն եմ նկատում։ Ավելին, շատերը գալիս և ասում են, որ ուզում են իրենց տոհմական գորգերը մեզ նվիրեն, որպեսզի հավաքածուն հարստանա»,–ասաց Ասծատրյանը։

Նա կարծում է, որ թանգարանը կարող է հարթակ դառնալ, որպեսզի արցախյան գորգերը գիտականորեն ուսումնասիրվեն։
Նշենք, որ Երևանում գորգերը կցուցադրվեն առաջիկա ամիսներին, իսկ ցուցադրության մուտքն ազատ է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։
«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։
Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։



