Արա Խզմալյան

Որ պատասխանատու լինեն. մշակութային որոշումներն ընդունվելու են գործիչների մասնակցությամբ

23
(Թարմացված է 17:31 23.10.2019)
Արա Խզմալյանը մշակութային ոլորտում կտրուկ փոփոխությունների է պատրաստ: Վստահ է, որ պետք է կարևորել մշակութային ոլորտի մասնագիտացումը:

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Այսուհետ մշակութային ոլորտին վերաբերող որոշումներն ընդունվելու են  մշակութային գործիչների ներգրավվածությամբ, որպեսզի կայացրած որոշումների համար պատասխանատվություն կրեն նաև նրանք: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նա տեղեկացրեց, որ երկու օր շարունակ Աղվերանում տեղի է ունեցել «Արժեք և գին» խորագրով  աշխատաժողովը, որում ներգրավված  մշակութային գործիչները վեր են հանել ոլորտի խնդիրները և պատրաստվում են նախարարության հետ համատեղ գտնել այդ խնդիրների լուծումները: 

«Այժմ մենք պետք է հասկանանք, թե դուրս բերված  խնդիրներից, որոնք կարող ենք օրենսդրական մասով կարգավորվել, որոնք՝ կառավարության որոշումներով , որոնք էլ համապատասխան ՊՈԱԿ-ների ներսում»,-ասաց Խզմալյանը:

Ըստ նրա` Հայաստանում մշակութային ոլորտն օրենսդրական լուրջ բարեփոխումների կարիք ունի, մասնավորապես, աշխատանքային իրավունքների մասով:

Սիրիահայերն իրենց ձեռագործ աշխատանքները կներկայացնեն Թբիլիսիում

«Բալետի պարուհին երկու երեխա ունենալուց հետո, այն պարուհին չէ, որը եղել է մինչև երկու երեխա ունենալը: Օրենքը թույլ չի տալիս, որ ռեժիսորը պարուհուն ասի, որ այլևս չի կարող իրեն ընդգրկել ներկայացումների մեջ »,-ասաց Խզմալյանը և հավելեց, որ ժամանակն է եկել, որպեսզի հասկանանք` ցանկանում ենք մշակութային ոլորտը մասնագիտացնել, թե ընդամենը սոցիալական հարց լուծել:

Անդրադառնալով Sputnik Արմենիայի այն դիտարկմանը, թե տվյալ դեպքում ինչ անի բալետի պարուհին, եթե որոշեն նրան աշխատանքից ազատել, Խզմալյանը վստահեցրեց, որ իրենք այդ մասին էլ են հոգացել:

«Պետք է հոգալ, որ նման մասնագետները գտնեն ալտերնատիվ զբաղվածություն, օրինակ՝ ընդգրկվեն դասախոսական աշխատանքներում կամ դրամաշնորհային ծրագրերում»,-ասաց Խզմալյանը և շեշտեց, որ ամբողջ աշխարհում մարդը գնում է դեպի բազմաֆունկցիոնալ գործունեության: Եթե սպառել են իրենց մի ոլորտում, ապա կարող են փորձել մեկ այլ ոլորտում:

Արա Խզմալյանը սեփական օրինակը բերեց` նշելով, որ ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և դարձել Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող: Այնուհետև Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գրական մասի վարիչ: Հետո որոշել է դասախոսել Երևանի պետական համալսարանի արվեստաբանության ամբիոնում: Եղել է  ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող: Այնուհետև` Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ:

Խզմալյանը ժպիտով նշեց, որ այս շարքը դեռ երկար կարող է  շարունակել, կարևորը մի տեղում չդոփելն ու առաջ շարժվելն է` բացահայտելով սեփական ունակությունները:

23
թեգերը:
Օրենք, մշակույթ, Արա Խզմալյան