Հովհաննես Թումանյան

Ոչ միայն գրում էր, այլև լուսանկարում. Հովհաննես Թումանյանի ոչ հայտնի հոբբին. լուսանկարներ

317
(Թարմացված է 20:07 20.09.2019)
Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն–թանգարանում բացվել է «Թումանյանը լուսանկարիչ» ցուցահանդեսը։ Թումանյանը ոչ միայն խոսքի մեծ վարպետ էր, այլև գրեթե պրոֆեսիոնալ լուսանկարիչ, թեև, որքան էլ տարօրինակ է, շատերը երբևե չեն էլ լսել բանաստեղծի այդ հետաքրքրության մասին։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Հանրապետության հրապարակից Հովհաննես Թումանյանի տուն–թանգարան է տանում Երևանի ամենակոլորիտային փողոցներից մեկը` Աբովյանը։

Փողոցի սկզբում ոչ շատ մեծ կարմիր աղյուսե շենք կա, վրան` երկու ցուցանակ. «Այստեղ ապրել է 2016 թվականի ապրիլյան քառօրյայի հերոս Ադամ Սահակյանը» և «1921 թվականին այս տանը հանգրվանել է Հովհաննես Թումանյանը»։

Հետաքրքիր զուգադիպությամբ և՛ փողոցը, և՛ հայտնի հյուրն այս տարի տոնում են 150–ամյակը։ Փողոցը կառուցվել է 1869 թվականին և այն ժամանակ Աստաֆյան կոչվել Երևանի նահանգապետ Միխայիլ Աստաֆևի պատվին։ Իսկ ապագա բանաստեղծ և հասարակական գործիչ Թումանյանը նույն թվականին ծնվել է Լոռու մարզի Դսեղ գյուղում։

Հետո թանգարան տանող ճանապարհն անցնում է Հյուսիսային պողոտայով, որտեղ որևէ համեղ բան գնելու ցանկություն է առաջանում։ Երբ որոշում ես գումար ծախսել ու գնումը կատարել 5000 դրամանոցով, թղթադրամի վրա կրկին Թումանյանն է։ Հետո անցնում ենք հենց Հովհաննես Թումանյանի անվան փողոցով, որը տանում–հասցնում է հսկայական տուն–թանգարան։

Թանգարանի քարե աստիճանների վրա գրեթե անհնար է աստիճանների քանակը հաշվող երեխաների չհանդիպել։ Աստիճանները 54-ն են, հենց այդքան տարի է ապրել Հովհաննես Թումանյանը։

Էքսկուրսիաներից հետո բոլոր զբոսավարներն այդ մասին պատմում են դպրոցականներին։ Բայց քանի որ երեխաները սովորաբար սիրում են մեծահասակների ասածը ճշտել, դրա համար էլ հատ–հատ հաշվում են աստիճանները...

Թվում է` համաժողովրդական նման ճանաչում ունեցող բանաստեղծն այլևս ոչնչով մեզ չի զարմացնի, բայց Թումանյանի մահվան օրից գրեթե մեկ դար անց հասարակության լայն շերտն առաջին անգամ է իմանում, որ սիրելի գրողը համարյա պրոֆեսիոնալ լուսանկարիչ է եղել։

Թասդ բե՛ր. Թումանյանի քառատողերով հուշանվերային գինիներ են թողարկվել

«Լուսանկարներով հետաքրքրվելը համընկել է «Վերնատուն» գրական խմբի գործունեության հետ, այսինքն թվագրվում է XX դարասկզբով։ Անձամբ նա երբեք չի գրել իր հոբբիի մասին։ Եթե չլինեին կնոջ և դստեր` Նվարդի հուշերը, մենք երևի այդպես էլ չէինք իմանա, որ այդ լուսանկարները Թումանյանի ձեռքի գործն են, ոչ թե մասնագիտացված լուսանկարչական ստուդիաների», – պատմում է Թումանյանի տուն–թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը։

Թանգարանի ցուցանմուշների շարքում մի քանի տասնյակ լուսանկարներ կան, որոնց հեղինակը Թումանյանն է։ Նա հիմնականում նկարել է կնոջն ու երեխաներին։

  • Հովհաննես Թումանյանի լուսանկարների ալբոմը
    Հովհաննես Թումանյանի լուսանկարների ալբոմը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հովհաննես Թումանյանի լուսանկարների ալբոմը
    Հովհաննես Թումանյանի լուսանկարների ալբոմը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հովհաննես Թումանյանի լուսանկարած դիմանկարներից մեկը
    Հովհաննես Թումանյանի լուսանկարած դիմանկարներից մեկը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Լուսանկարի հեղինակը Հովհաննես Թումանյանն է
    Լուսանկարի հեղինակը Հովհաննես Թումանյանն է
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 4
© Sputnik / Asatur Yesayants
Հովհաննես Թումանյանի լուսանկարների ալբոմը

Կինը` Օլգա Թումանյանն իր հուշերում նշում է, որ ամուսինն այնքան է տարված եղել լուսանկարելով, որ միանգամից երեք լուսանկարչական ապարատ է գնել։ Իսկ XX դարի սկզբին նույնիսկ մեկ այդպիսի սարքը մեծ շռայլություն էր համարվում։

Բայց բանաստեղծը սիրել է քայլել ժամանակին համընթաց։ Օրինակ` նա եղել է հեռախոս ունեցող թբիլիսաբնակների առաջին 20-յակում։ Թեև բավականին շուտ է ձանձրացել հեռախոսից և շուտով ազատվել է սարքից, որովհետև անտանելի շատ է զնգացել։

«Ապացույցներ չկան, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ Թումանյանին լուսանկարչության «վարպետության դասեր» ընկերն է տվել` գրող Պերճ Պռոշյանը, որը մի քանի լուսանկարչական ստուդիաներ է ունեցել, և հավանաբար հենց նա է ընկերոջը «վարակել» այդ հետարքրքությամբ», – ասում է Թումանյանի տուն–թանգարանի տնօրենը։

Թումանյանն էսթետ էր և լավ ճաշակը «կյանքի բույր» էր անվանում։ Բանաստեղծի ինքնարտահայտումը հիմնվում էր ոչ միայն խոսքի ու պատկերների վրա, այլև նա անձամբ էր կարում սեփական տետրերն ու լուսանկարչական ալբոմի շապիկները։

Պոետի տուն–թանգարանում ներկայացված են և՛ նրա լուսանկարները, և՛ լուսանկարչական ալբոմները, սակայն բանաստեղծի լուսանկարչական ապարատները չեն պահպանվել։

Դուստրը` Նվարդ Թումանյանը, հոր մահից հետո գրել է, որ ընտանիքը չգիտի` որտեղ են դրանք։ Չի բացառվում, որ Թումանյանը փոխանակել է որբերի համար նախատեսված սննդի հետ։

Չէ՞ որ նա նախևառաջ քաղաքացի էր, հետո միայն բանաստեղծ։

Ինչպես է Թումանյանը գտել Ցեղասպանությունից փրկված հայ որբուկների լռությունը խախտելու ձևը

317
թեգերը:
Հովհաննես Թումանյան, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես Երևանում նշեցին Թումանյանի 150-ամյակը. հյուրերն իսկապես արտասովոր էին
Նախարարը Թումանյանի քառյակն անգիր չգիտի. Արայիկ Հարությունյանի խոստովանությունը
Ռուս ղեկավարը Հովհաննես Թումանյան է կարդում. տեսանյութ
101-ամյա վետերան Հուսիկ պապը Թումանյան է արտասանում. տեսանյութ
Այվազովսկու ստեղծագործությունների ցուցահանդես

Այվազովսկու կտավը ռեկորդային գնով է վաճառվել

56
(Թարմացված է 18:52 03.06.2020)
Առցանց աճուրդում վաճառվել են Այվազովսկու ստեղծագործություններից երկուսը, որոնցից մեկի վերջնական արժեքը կրկնապատկվել է։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նեապոլիտանական ծոցը» կտավը Լոնդոնի Sotheby's աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով՝ 2,3 մլն ֆունտ ստեռլինգով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, սա ամենամեծ գումարն է, որ երբևԷ գրանցվել է առցանց աճուրդներում:

Նշենք, որ կտավը նախապես 800 հազարից մինչև 1,2 մլն ֆունտ ստեռլինգ է գնահատվել, այսինքն`վաճառվել է համարյա կրկնակի գնով:

Այվազովսկու և Աննա Բուռնազյանի ամուսնության պատմությունը

Աճուրդում 435 հազար ֆունտով վաճառվել է նաև Այվազովսկու «Լուսնյակ գիշերով անցնող նավը» ստեղծագործությունը, որը 150-200 հազար ֆունտ էր գնահատվել։

Այվազովսկու հետնորդները նկարչի տանը ղրիմյան վալս են պարել և տավիղով Խաչատրյան նվագել

56
թեգերը:
առցանց վաճառք, աճուրդ, Հովհաննես Այվազովսկի
Ըստ թեմայի
Այվազովսկու գաղտնիքը. ինչո՞ւ է ծովանկարիչը փոխել ազգանունը
Ի՞նչ էր խնդրել թուրք սուլթանը Այվազովսկուց
Թե ինչպես Այվազովսկու կտավները կանխեցին միջուկային պատերազմը
Աթենա Մանուկյան

«Եվրատեսիլ 2020». Աթենա Մանուկյանն առցանց քվեարկության արդյունքում 3-րդ տեղն է գրավել

603
(Թարմացված է 15:30 30.05.2020)
Հանդիսատեսը հաղթանակը շնորհել է Շվեյցարիայի Gjon's Tears անունով մասնակցին, երկրորդ հորիզոնականում Լատվիայի ներկայացուցիչ Samanta Tīna-ն է, երրորդում՝ հայ երգչուհին։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ «Եվրատեսիլ 2020» միջազգային երգի մրցույթի Հայաստանի մասնակից Աթենա Մանուկյանը առցանց հարցման արդյունքում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Տեղեկությունը հայտնում է riafan.ru-ն։

Բանն այն է, որ մրցույթի չեղարկումից և Europe Shine A Light («Եվրոպան շողում է») համերգից հետո կազմակերպիչները որոշել են առցանց հարցումներ անցկացնել՝ հասկանալու համար, թե որ երկիրը կարող է հաղթել «Եվրատեսիլ 2020»-ում։

Հանդիսատեսը հաղթանակը շնորհել է Շվեյցարիայի Gjon's Tears անունով մասնակցին, երկրորդ հորիզոնականում Լատվիայի ներկայացուցիչ Samanta Tīna-ն է, երրորդում՝ հայ երգչուհին։

Նշենք, որ Europe Shine A Light («Եվրոպան շողում է») համերգը կայացավ «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլի փոխարեն, որը պիտի անցկացվեր Ռոտերդամում (Նիդեռլանդներ) մայիսի 12-16-ն, բայց Եվրոպայի հեռարձակման միավորումը միջոցառումը չեղարկեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Հայաստանի մասնակից Աթենա Մանուկյանը «Եվրատեսիլ 2020»-ի մասնակից մյուս 40 երկրների ներկայացուցիչների հետ մասնակցեց առցանց համերգին։

 

603
թեգերը:
Հայաստան, Աթենա Մանուկյան, Եվրատեսիլ
Ըստ թեմայի
«Եվրատեսիլի» կազմակերպիչները հայտնել են հաջորդ տարի մրցույթին մասնակցելու կանոնները
Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր երգը․ երկրպագուները գոհ են
«Կվերադառնանք ավելի ուժեղ»․ Աթենա Մանուկյանն անդրադարձել է «Եվրատեսիլ 2020»-ի չեղարկմանը
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի եթերը հուզել է վրացիներին. 18–ամյա Սանդրոն կոչ է արել օգնել Հայաստանին

397
(Թարմացված է 00:18 05.06.2020)
SARS-CoV-2 –ի հետ կապված` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը Թբիլիսի է հասել։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի –Sputnik. UWC Dilijan միջազգային քոլեջի շրջանավարտ Սանդրո Չումաշվիլին արձագանքել է երկրում կորոնավիրուսային վարակի հետ կապված տագնապալի իրավիճակի մասին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տղան պատմել է, որ հարևանների վիճակը թեթևացնելու համար ստորագրահավաք է կազմակերպել` կոչ անելով Վրաստանի կառավարությանը օգնել բարեկամական երկրին։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը մտահոգիչ էր անվանել։ Երկրում անցած մեկ օրվա ընթացքում ռեկորդային թվով վարակվածներ են բացահայտվել։

«Այսօր լսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն այն մասին, որ Հայաստանում անցած մեկ օրվա ընթացքում SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի շուրջ 700 նոր դեպք է գրանցվել։ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի լավ է»,–ասել է Սանդրոն։

Նրա խոսքով` դա է առիթ դարձել, որ ինքը ստորագրահավաք կազմակերպի։ Սանդրոն նշել է, որ Վրաստանը կարող է և ինչ–որ առումով` պետք է օգնի եղբայրական Հայաստանին։

Կորոնավիրուսի տարածման դինամիկան Հայաստանում

Սանդրոն 18 տարեկան է, ծնվել և մեծացել է Թբիլիսիում։ Հայաստանը նրան հոգեհարազատ է, քանի որ վերջին երկու տարին սովորել է UWC Dilijan միջազգային քոլեջում։ Այդ քոլեջը նա համարում է տարածաշրջանում լավագույնը։ Սանդրոն այն ավարտել է 2020 թվականի մայիսին և արդեն ընդունվել ԱՄՆ–ի բուհերից մեկի տնտեսագիտության ֆակուլտետը։

«Դրանք իմ կյանքի լավագույն տարիներն էին։ Ես եղել եմ Տաթևում, շատ ընկերներ ունեմ Վանաձորից, ինչպես նաև բազմաթիվ ընկերներ եմ ձեռք բերել աշխարհի տարբեր երկրներից», – պատմել է Սանդրոն։

Այս տարիների ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են եղել, սակայն տղայի համար ամենահիշվողը Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված համերգն է եղել։

Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ–ն հայտարարել էր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնելու պատրաստակամության մասին։ Նշվում էր, որ համավարակի շրջանում Վրաստանի իշխանությունները մշտական կապի մեջ են հայկական կողմի հետ։

«Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների վարչապետների միջև։ Շփումները շարունակվում են նաև առանձին նախարարների մակարդակով։ Այսօր Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարները (Դավիթ Զալկալիանին և Զոհրաբ Մնացականյանը, – խմբ.) տեղեկություն են փոխանակել երկրում տիրող իրավիճակի մասին», – գրված է Վրաստանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Մասնավորապես, Զալկալիանին համերաշխություն է հայտնել հայկական կողմին և Վրաստանի իշխանությունների անունից ևս մեկ անգամ պատրաստակամութուն հայտնել աջակցելու COVID-19–ի դեմ պայքարում։

Նշենք, որ հունիսի 4-ի դրությամբ Հայաստանում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տիպի 11221 դեպք է բացահայտվել, Վրաստանում` 801։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 515-ով և հասել 10524–ի

397
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Փաշինյանը զայրացել է. մի քանի տատիկ, պապիկ կմահանան միջոցառման պատճառով
Ինչ պետք է անի Փաշինյանը, որ հասարակությունը նորից հավատա իրեն
Օրվա կադր. Փաշինյանը ցույց է տվել` ինչպես է վարակակիրների թիվը ռեկորդային դառնում
Հայաստանում ևս 12 մարդ է մահացել կորոնավիրուսից
Համաճարակն ու Հայաստանը․ կորոնավիրուսը արագացնո՞ւմ է քաղաքական գործընթացները