Ջազ փառատոն. արխիվային լուսանկար

Հայտնի հայ ջազմենները վերադառնում են Հայաստանը վերամիավորելու. «Վարդան Հովսեփյան» տրիոն

83
(Թարմացված է 07:11 06.09.2019)
90-ականներին բավականին  հայտնի ջազային տրիոն կիրականացնի իր վաղեմի երազանքը: Վերամիավորված խումբը համերգային ծրագրերով կժամանի Երևան:

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. «Վարդան Հովսեփյան տրիոն» շուտով կլինի Երևանում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց հայտնի ջազմեն Արմեն (Չիկո) Թութունջյանի որդին՝ Հայկ Թութունջյանը:

Դեռևս 1992 թ.-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներ Վարդան Հովսեփյանը (դաշնամուր), Կարեն Քոչարյանը (թմբուկ) և Արա Յարալյանը (կոնտրաբաս) Երևանում ստեղծեցին իրենց առաջին տրիոն՝ անսահման սիրահարված ժամանակակից ջազին:

Տղաները սկսեցին տարբեր ակումբներում ելույթներ ունենալ: Սակայն որոշ ժամանակ անց տրիոն կազմալուծվեց, քանի որ երիտասարդները  հասկացան, որ ուզում են լուրջ հաջողություններ ունենալ  ջազի ասպարեզում: Այդ պատճառով նրանք մեկնեցին  արտերկիր՝  մասնագիտական ​​ ջազային կրթություն ստանալու նպատակով: Սկզբում տղաները հայտնվեցին  Էստոնիայում, այնուհետև ճակատագրի բերումով՝ տարբեր երկրներում:

Տրիոյի  մասնակիցներից յուրաքանչյուրն իրականացրեց իր երազանքը՝ ելույթներ ունենալով  աշխարհի լավագույն երաժիշտների հետ, լավագույն բեմերում:

Նշենք, որ խմբի գեղարվեստական ղեկավար Վարդան Հովսեփյանը հինգ տարեկանից սկսել է դաշնամուր նվագել: 18 տարեկանում նա  տեղափոխվել է Էստոնիա և ուսումը շարունակել Էստոնիայի երաժշտական ​​ակադեմիայում: 1995թ.-ից տեղափոխվել է Ֆինլանդիա, որտեղ սովորել է  Հելսինկիի  ջազի կոնսերվատորիայում: Ճակատագրի բերումով հանդիպել է դաշնակահար և մանկավարժ Ֆրանկ Կարլբերգին, որը մեծ ճանապարհ է բացել տղայի համար դեպի ջազի մեծ աշխարհ՝ օգնելով նրան  հասնել իր երազանքներին:

Մի քանի տարի անց Վարդանը հնարավորություն է ստացել սովորելու համաշխարհային ճանաչում ունեցող Բոստոնի Բերկլի երաժշտական քոլեջում, որն ավարտելուց հետո սկսել է դասավանդել և հանդես գալ և՛ որպես մենակատար, և՛ տարբեր խմբերում՝ Ջորջ Գարզոնի, Միկո Գուդրիկի, Տիմ Միլլերի և այլ ճանաչված երաժիշտների հետ: Վերջին տարիներին դաշնակահարը ձայնագրել և թողարկել է 5 ալբոմ:

Ամերիկացի հայտնի դաշնակահար Բրեդ Մելդաուն, լսելով Հովսեփյանի երաժշտությունը, հիացմունքով ասել է. «Նրա կոմպոզիտորական տաղանդն անկրկնելի  է, իսկ նվագը՝ հիասքանչ»:

Թմբկահար Կարեն Քոչարյանը 8 տարեկանից զբաղվել է երաժշտությամբ՝ դասական թմբուկի դասարանում սովորելով հայ ջազի վարպետ Արմեն «Չիկո» Թութունջյանի մոտ:

1994 թվականին Կարենը տեղափոխվել է Էստոնիա, որտեղ ուսումը շարունակել է «Գեորգ Օտս» երաժշտական ​​ուսումնարանում:

Այնտեղ նա ստեղծել է նոր խումբ՝ հին կազմով, անվանելով այն  «Բժիշկ Մագնուս-Հայաստան»: Էստոնացիները մեծ ոգևորությամբ են  ընդունում խմբին, քանի որ տղաները շատ պայծառ, արտահայտիչ ու  եռանդուն էին: Տալինում տղաները հանդիպում են «էստոնական ջազի մոր»՝ Աննա Էրմի հետ, ով նրանց նկատում է և առնում իր հովանու տակ: Նրա օգնությամբ  երիտասարդները կազմակերպում են  համերգներ և տարբեր  երաժշտական ​​միջոցառումներ: Հաջող ելույթներից հետո Քոչարյանին նկատում է համաշխարհային ջազի աստղ, սաքսաֆոնահար Ջերիի Բերգոնզին, և նա սկսեց հրավիրել Կարենին իր հետ ելույթ ունենալու: 2007 թվականին Կարենը համերգներով եղել է Երևանում:

Կոնտրաբաս Արա Յարալյանն իր հիմնավոր երաժշտական կրթությունը ստացել է Էստոնիայի երաժշտության ակադեմիայում և դասավանդում է Տալինի «Գեորգ Օթսի» երաժշտական ​​քոլեջում: Լինելով նաև կոմպոզիտոր, նա իր շուրջն է հավաքում տարբեր համույթներ: Յարալյանը համագործակցել է այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Քարի Իկոնենը, Մարկի Օունասկարը, Անդրե Ֆերնանդեսը, Տատիանա Պարրան, Քրիստիան Ռանդալուն, Տաթևիկ Հովհաննիսյանը և ուրիշներ:

 «Վարդան Հովսեփյան» տրիոյի երևանյան ելույթները կմեկնարկեն սեպտեմբերի 12-ին: Խումբը մենահամերգով հանդես կգա «Mezzo Classic House Club» ակումբում: Սեպտեմբերի 14-ին, 15-ին, 17-ին և 18-ին կլինեն նաև այլ համերգային ծրագրեր: Սեպտեմբերի 20-21-ը խումբը կմեկնի  Մոսկվա, որտեղ ելույթ կունենա հայտնի «Էսսե ջազ» ակումբում:

83
թեգերը:
Համերգ, Երևան, «Վարդան Հովսեփյան» տրիո, ջազ
Ըստ թեմայի
Երևանը ջազ է լսում
Երևանը ջազ է վայելում. բեմում հանրահայտ Մարկուս Միլլերն է
Ինչո՞ւ են հայերը ջազ լսում. Sputnik–ի հյուրը Գարի Քյոսայանն է
Ջազ և ժպիտներ «Գինու օրերում». Երևանում կարելի է համտեսել ավելի քան 200 տեսակ գինի