Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն

Տնօրեն 20 օրով. Ռուսական դրամատիկական թատրոնը «հանձնվել է ժամանակավոր կառավարման»

25
(Թարմացված է 13:32 11.07.2019)
Ռուսական դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի: Որոշում է կայացվել Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ԺՊ նշանակելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախկին դերասանուհի Մարիաննա Մխիթարյանին։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։

Նա հավելեց, որ հուլիսի 10-ի երեկոյան նախարարության ներկայացուցիչները (առանց փոխնախարար Արա Խզմալյանի) թատրոնում ներկայացրել են տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարին, ընդ որում՝ նախարարության պաշտոնյաները խնդրել են բացառել թատերախմբից որևէ մեկի ներկայությունը. շփումը եղել է միայն Կարեն Ներսիսյանի ու թատրոնի փոխտնօրենի հետ,  և չգիտես ինչու՝ անհրաժեշտ է եղել նաև արդեն աշխատանքից հեռացված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Յուրի Իգիթխանյանի ներկայությունը։

Ներսիսյանի խոսքով` Մարիաննա Մխիթարյանը վստահեցրել է, որ նշանակումն իր համար անսպասելի էր, և ինքն անձամբ այդ մասին իմացել է ընդամենը 2 օր առաջ։ Բացի այդ, նախարարության պաշտոնյաները հայտարարել են, որ ներկայացնում են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, որը կաշխատի 20 օր, ամենաշատը` մեկ ամիս՝ մինչև թատերախմբի արձակուրդ գնալը։

Մեկ ամիս ժամկետով ստեղծագործական կոլեկտիվի ղեկավար նշանակելու նպատակահարմարության մասին հարց չի հնչել. նախապես պարզ էր, որ այն անպատասխան է մնալու։

Այնուամենայնիվ, նշանակման մասին հրամանում, որը թողել են թատրոնի կադրերի բաժնում, Մարիաննա Մխիթարյանի նշանակման մասին ասվում է՝ ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով։ Դե ինչ, բողոքելու տեղ չկա. 20 օրն իհարկե «6 ամսից ավել չէ»։

Կարեն Ներսիսյանը տեղեկացրեց նաև, որ Մարիաննա Մխիթարյանը մինչ այս նշանակումն աշխատում էր Հայաստանի թատերական գործիչների միությունում, որի նախագահը Հակոբ Ղազանչյանն է։

25
թեգերը:
Տնօրեն, ՀՀ մշակույթի նախարարություն, Թատրոն
Ըստ թեմայի
Մեծ պրեմիերա. Ստանիսլավսկիում 21–րդ դարում առաջին անգամ կբեմադրվի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը
«Պաուզայի» վտանգ, կամ Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի «ռեստարտը» կախվել է օդում