Գյումրու ավագանու նիստ

Հրավառությամբ ու երգիչներով՝ 8 միլիոն դրամ. օգոստոսին Գյումրին կնշի իր տոնը

112
Ընդհանուր առմամբ 74 միլիոն դրամ «պակասեց» Գյումրու բյուջեից այսօր կայացած ավագանու նիստի արդյունքում:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik, Արմենոհի Մխոյան. Այս տարվա օգոստոսի վերջին կիրակի օրը Գյումրին կնշի «Քաղաքի օրը»: Ինչպես միշտ այս անգամ էլ գյումրեցիներին ու քաղաք այցելած հյուրերին սպասվում է ուրախ տրամադրություն, իսկ օրվա ավարտին՝  հրավառություն:

«Քաղաքի օրվա» նպատակով Գյումրու ավագանին հունիսի 12-ին որոշեց 8 մլն դրամ հատկացնել: Եթե գումարը Երևանի պարագայում  կարելի է փոքր համարել, ապա Գյումրու աղքատիկ բյուջեի համար բավական մեծ է: Բայց քաղաքի ավագանու անդամները որոշեցին գյումրեցիներին այդ օրը տոնելու հնարավորությունից չզրկել: Գումարը կծախսվի սարքավորումների վարձակալության, հրավառության, երգիչ-երգչուհիներին վարձատրելու, բեմի վարձակալության և ձևավորման նպատակով:

Գյումրու ավագանին քննարկեց ու  ընդունեց նաև 23 այլ նախագիծ՝ հիմնականում տարբեր անհատների ու կազմակերպությունների գումար հատկացնելու որոշումներ: Օրակարգում ընդգրկված բոլոր նախագծերն ընդունվեցին, իսկ քաղաքի բյուջեից «պակասեց» ընդհանուր 74 մլն դրամ:

Ավագանու ամենաթեժ քննարկումը 16 համատիրություններին 26 միլիոն ՀՀ դրամ որպես սուբսիդիա հատկացնել էր: Նշված գումարից 17 միլիոն 650 հազար դրամը նախատեսվում է բազմաբնակարան շենքերում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով, իսկ 8 միլիոն 350 հազարը` 220 տեսախցիկ գնելու համար:

Ավագանու անդամ Ավետիս Առաքելյանը բարձրաձայնեց, որ կան համատիրություններ, որոնք դժգոհ են հատկացվող գումարի չափից: Գյումրու համայնքի ղեկավար/ավագանու անդամ Սամվել Բալասանյանն այս խոսքերից զայրացավ: «Էն եզդու պատմությունը չդառնա, ասում է` ես եկել եմ քո տեղը գործ կենեմ, մե բանըմ էլ վրես հարակյաթ գուկաս: Չեն ուզե, թող իրանց հավաքած փողերով համատիրությունները անեն: էդ ո՞վ է իրանց սուբվենցիա տվել էսքան ժամանակ… փողերը հավաքել, լցրել են ջեպերը, թող հասկընան էդ ամեն ինչը»,-դժգոհեց քաղաքապետը:

Ավագանու որոշ անդամներ էլ դժգոհեցին, թե ինչո՞ւ է համայնքը գումար հատկացնում տեսախցիկների տեղադրման համար, երբ հանցագործությունները կանխելու  ու դրանց թիվը նվազեցնելու գործն ու  պարտականությունը ոստիկանությանն է և ոստիկանությունն իր տարեկան բյուջեով պետք է այդ հարցը լուծի:

Առաջարկվեց դիմել ՀՀ ոստիկանությանը, ՀՀ կառավարությանը` համայնքի բյուջեի փոխարեն ոստիկանության բյուջեից գումար հատկացնել տեսախցիկների տեղադրման, նաև գծանշումների, ճանապարհային երթևեկության կազմակերպման, կարգավորման համար:

23 ավագանու անդամից 9-ը դեմ էին տեսախցիկների տեղադրման համար համայնքից գումար հատկացնելուն, իսկ 16-ը` կողմ: Այնուամենայնիվ,  որոշումն ընդունվեց. 8 մլն 350 հազար հատկացվեց տեսախցիկների տեղադրմանը:

112
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Հայաստան, Սամվել Բալասանյան, Գյումրի
Ըստ թեմայի
Լուրջ նպատակներով ու մեծ պատվիրակությամբ. Գյումրին հյուրընկալել է իտալացիներին
Իտալացի ինժեներների ծրագրերը Հայաստանում. նոր «օպտիկայից» մինչև Գյումրու հին կենտրոն
Լիբանանահայ թատերախումբը գյումրեցի հանդիսատեսին հիացրեց և արժանացավ պատվոգրերի
Յան Գիլանն արդեն Գյումրու պատվոգիր ունի. նրան նաև կուղեկցի «Նարեկի» զորությունը