Իվո Պոգորելիչը Երևանում

Դաշնակահարի ողբերգությունը. «խենթ» հանճար Իվո Պոգորելիչը ցնցեց լրագրողներին

70
Խորվաթ դաշնակահար Իվո Պոգորելիչը երևանցիներին խոստանում է ոչ ստանդարտ լուծումներով խենթ համերգ։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Սեր մինչև նյարդային պոռթկում ու ոչ ստանդարտ երաժշտություն դաշնամուրի վրա. սրանք այն յուրահատկություններն են, որոնք դաշնակահար Իվո Պոգորելիչին աշխարհահռչակ են դարձրել։

Նրա թռիչքը կարիերայում սկսվել է ձախողումից։ Ի դեպ, սիրո պատճառով։ Իվոն Մոսկվայում էր սովորում ու սիրահարվել էր իր դասախոսին` Ալիսա Կեժերաձեին, որը ոչ միայն իրենցի երկու անգամ մեծ էր, այլև ամուսնացած էր, նա նաև բարձրաստիճան խորհրդային պաշտոնյա էր։ Սակայն դա չի խանգարել նրան թողնել ամուսնուն, շքեղ բնակարանը մայրաքաղաքի կենտրոնում ու հետևել 17–ամյա սիրեցյալին։

Пианист Иво Погорелич на пресс-конференции (13 мая 2019). Еревaн
© Sputnik / Nana Martirosyan
Իվո Պոգորելիչը Երևանում

Իսկ Իվոյին այդ պատմությունը խանգարեց 1980 թվականին Շոպենի անվան դաշնակահարների եզրափակիչ փուլ անցնել։ Ժյուրիի մի քանի անդամ ի նշան բողոքի լքեցին դահլիճը, ԽՍՀՄ ներկայացուցիչը նրան զրո միավոր դրեց։ Մրցույթը երկու օրով դադարացրեցին, Լեհաստանի իշխանության ներկայացուցիչներն անձամբ էին համոզում ժյուրիի անդամներին հանգստանալ։ Որոշները վերադարձան աշխատանքին, իսկ ժյուրիի անդամ Մարտա Արգերիխը հարցազրույց տվեց, որում Իվոյին հանճար անվանեց։

Պոգորելիչի անունը թնդաց, իսկ սիրո սկանդալային պատմությունը նրա համար յուրօրինակ այցեքարտ դարձավ։ Սկսվեց աստղի փառավոր վերելքը, որը կտրուկ կանգ առավ 1996 թվականին, երբ Ալիսա Կեժերաձեն մահացավ քաղցկեղից։ Լուրեր էին պտտվում, որ Պոգորելիչը նյարդային պոռթկում է ապրել, ընկճախտի մեջ է ընկել ու նույնիսկ խելագարվել։ Նա երկար ժամանակ բուժվում էր։ Հարցազրույցներում չէր թաքցնում` «Առանց նրա ոչինչ չեմ ուզում անել`չեմ ուզում նվագել, չեմ ուզում ապրել»։

Փաստ է, որ նա բեմ վերադարձավ միայն 11 տարի անց։ Ու այնպես նվագեց, ինչպես երբեք չէր նվագել։

Пианист Иво Погорелич на пресс-конференции (13 мая 2019). Еревaн
© Sputnik / Nana Martirosyan
Իվո Պոգորելիչը Երևանում

Երևանյան հանդիսատեսը դաշնակահարի տաղանդը գնահատելու հնարավորություն կստանա արդեն մայիսի 13–ի երեկոյան։ Նա նվագելու է Ֆերենց Լիստի, Ռոբերտ Շումանի ու Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները։ Ինքը` Պոգորելիչը, խոստանում է, որ խենթ համերգ է լինելու ոչ ստանդարտ լուծումներով ու խենթ էներգետիկայով։ Լրագրողները հավատում են նրան, քանի որ նույնիսկ մամուլի ասուլիսն անսովոր ձևով սկսվեց։

Պոգորելիչը լրագրողների հետ հանդիպմանը եկավ 40 րոպե ուշացումով` բարևելով բացեց ամեն ինչ։ Այնուհետև նստեց դաշնամուրի կողքին և խնդրեց, որ տանեն սեղանը. այն խանգարում էր իրեն, իսկ ուր լրագրողները դնեն միկրոֆոններն ու դիկտոֆոնները, նրան ընդհանրապես չի հետաքրքրում։ Իսկ երբ օպերատորները միացրեցին լուսավորությունը, նա վերջնականապես դուրս եկավ ափերից և պահանջեց, որ ասուլիսը անցնի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բակում, Արամ Խաչատրյանի արձանի դիմաց։

Արդեն բակում անձամբ ընտրում էր ռակուրսը, թե ինչպես տարբեր կեցվածքներ ընդունի ֆոտոխցիկների առաջ։ Հերթը հասավ նաև մեր լուսանկարչին. Պոգորելիչը կտրականապես հրաժարվեց լուսանկարվել կիսադեմից և պահանջում էր լուսանկարել միայն իր ընտրած կողմից։

Լրագրողներն ըմբռնումով են մոտենում. ստեղծագործ մարդ է, իսկ նրանք իրենց «բզիկներն» ունեն։

Ընդ որում, դաշնակահարը վստահեցնում է` նրա հաջողության գաղտնիքը զինվորական կարգապահությունն է։ Մինչ ոմանք զբոսնում են անձրևի տակ, արևայրուք ընդունում լողափին, ինքը մութ սենյակում պարապում է։ Եվ ամեն անգամ փորձում է ավելի լավ ու լավ անել, նոր բարձունքներ նվաճել և, կոտրելով ստանդարտները, նոր և գեղեցիկ բան ստեղծել։

Пианист Иво Погорелич на пресс-конференции (13 мая 2019). Еревaн
© Sputnik / Nana Martirosyan
Իվո Պոգորելիչը Երևանում

Նոր և հետաքրքիր դարձավ նրա համար նաև երևանյան այցը։ Նա պնդում է, որ այստեղ հատուկ մթնոլորտ է և բարեհամբույր մարդիկ։ Թեև անկեղծորեն խոստովանում է, որ լավագույն տպավորությունները ստացել է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հետ շփումից, որը նրա հարևանն էր Լոնդոնում։

«Ինձ ոգեշնչում է երաժշտության գեղեցկությունն ու կոմպոզիտորների աշխատանքը։ Դուք տաղանդավոր կոմպոզիտորներ, երաժշտական ավանդույթներ ունեք, և հուսով եմ, որ դուք լավ ապագա կունենաք», – ասում է նա` անդադար ճոճվելով։

Վերջում լրագրողները խնդրում են որևէ բան նվագել, որպեսզի ռեպորտաժում մի քանի կադր լինի։ Պոգորելիչը կտրականապես հրաժարվում է և հրավիրում բոլորին երեկոյան համերգին։

70