Կոնստանտին Օրբելյան

Օպերայի աշխատակիցները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում Օրբելյանի հարցով

52
(Թարմացված է 15:55 07.05.2019)
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները վստահ են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ոչ հավաստի տեղեկություններ են հաղորդում թատրոնում տիրող իրավիճակի մասին։ Նրանք հանդիպում են պահանջում և հույս ունեն, որ Կոնստանտին Օրբելյանը կրկին կստանձնի տնօրենի պաշտոնը։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները կարծում են, որ Կոնստանտին Օրբելյանին տնօրենին պաշտոնից ազատելու և նոր ղեկավար նշանակելու հիմքեր չկան։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց թատրոնի երիտասարդական ծրագրերի տնօրեն Լևոն Ջավադյանը։

Աշխատակիցները հանդիպում են պահանջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու տնօրենի պաշտոնը։ Թատրոնի կոլեկտիվը ապրիլի 1–ին բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Արտիստները հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու խոստացել էին հակափաստարկներ ներկայացնել ի պաշտպանություն տնօրենի ու գեղարվեստական ղեկավարի։

Ջավադյանի խոսքով` թատրոնի աշխատակիցները մայիսի 6–ին հերթական նամակն են ուղղել Փաշինյանին և հանդիպում են խնդրել։ Նրանք վստահ են, որ վարչապետին սխալ են զեկուցում տեղեկությունները, և նա լավ տեղյակ չէ թատրոնում տիրող իրավիճակի և Օրբելյանի անցկացրած բարեփոխումների մասին։ Ջավադյանը նաև նշեց, որ ֆինանսական խախտումների մասին ԶԼՄ–ներում շրջանառվող լուրերը վերաբերում են Օրբելյանից առաջ ստեղծված իրավիճակին, բայց դիտավորյալ նրան է վերագրում աշխատանքից ազատված իրավաբան Քրիստինե Նաղդալյանը։

Пресс-конференция в поддержку художественного руководителя театра оперы и балета Армении (слева на право) Арутюн Арзуманян, Левон Джавадян (7 мая) 2019 Ереван
© Sputnik / Asatur Yesayants.
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների ասուլիսը

«Նաղդալյանի դիմումների հիման վրա տեղեկություններ են տարածվում, որ իբր թատրոնում խնդիրներ կան։ Այդ հայտարարությունները ներառված են մշակույթի նախարարության` Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հիմնավորման մեջ։ Նաղդալյանի ամուսինը բարձրաստիճան պաշտոնյա է մշակույթի նախարարությունում, նա աշխատակազմի ղեկավարի տեղակալն է։ Այստեղ կար շահերի բախում», - ասաց նա։

Ջավադյանը նաև նշեց, որ թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Կարինե Կիրակոսյանը, և աշխատակիցներն ընդհանուր առմամբ գոհ են, բայց կցանկանային, որ Օրբելյանը կրկին ստանձնի այդ պաշտոնը։ Ավելին, նրանք վստահ են, որ Օրբելյանը շատ լավ էր համատեղում երկու պաշտոնները` գեղարվեստական ղեկավարի և տնօրենի։ Թատրոնի աշխատակիցները հուսով են, որ վարչապետը դրական լուծում կտա այդ հարցին։

«Օրբելյանը վճռական է տրամադրված և շարունակում է զբաղվել գեղարվեստական հարցերով։ Իսկ մենք հույս ունենք, որ արդարությունը կհաղթի», – նշեց երիտասարդական ծրագրերի տնօրենը։

Հիշեցնենք` երբ տեղեկություն տարածվեց, որ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է տնօրենի պաշտոնից, ԶԼՄ–ները սկսեցին շրջանառել հնարավոր փոխարինողների անունները` օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան, Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյան:

52
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Օրբելյանին ազատելու 3 պատճառ. մշակույթի նախարարությունը հիմնավորումներ է ներկայացրել
Օրբելյանին «հավանական փոխարինողներից» Արմեն Սարգսյանը վերջնական որոշում չունի
Օպերայի թատրոնում խախտումներ են հայտնաբերվել. Օրբելյանը տարվա մեծ մասը գործուղումներում է