Արման Ծատուրյան

ԱԱԾ–ի հետ ենք համագործակցում. պատկերասրահի տնօրենը`«կորած, նվիրած, ծախած» նկարների մասին

400
(Թարմացված է 20:07 15.04.2019)
Ընդհանուր առմամբ պատկերասրահի գոյության ընթացքում կորել են 164 թանգարանային առարկաներ։ Պատկերասրահում, սակայն, արդեն իսկ տեսախցիկներ են տեղադրվել։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի— Sputnik. Հայաստանի ազգային պատկերասրահի (ՀԱՊ) տնօրեն Արման Ծատուրյանի խոսքով` պատկերասրահի ֆոնդերից անգամ մուկ չի կարող անցնել, որը չֆիքսվի։

Վերջերս պատկերասրահի անունը հաճախ է շոշափվում նկարներ անհետանալու, ցուցահանդեսի համար դուրս գնացած նկարների չվերադառնալու հետ կապված։ Ժամանակ առ ժամանակ լուրեր են շրջանառվում նաև, որ պատկերասրահի այսինչ նկարը կեղծվել է։

«Մեզ զայրացնում է պատկերասրահի շուրջ բարձրացված աղմուկը։ Մեր բոլոր ֆոնդերում շուրջ 80 տեսախցիկ, ինչպես նաև լազերային տվիչներ ունենք։ ՀԱՊ–ի սրահներում կան անվտանգության կոճակներ, իսկ տարածքում վերահսկողություն իրականացնող ոստիկանությունն ահազանգի դեպքում րոպեների ընթացքում տեղում է լինում»,– Sputnik  Արմենիայի հետ զրույցում ասաց Ծատուրյանը։

Խոսելով երկրից դուրս բերվող նկարների վերահսկողության մասին` նա նշեց, որ այդ նկարները կրկնակի, քառակի անգամ զննության են ենթարկվում։ Մշակութային արժեքների պահպանման ՊՈԱԿ–ը մինչև նկարի` երկրից դուրս գալը մանրամասն` միկրոճաքերից սկսած զննում, լուսանկարում, նկարագրություն է գրում։ Բացի այդ, մաքսային ծառայությունում էլ են երկրից դուրս եկող նկարները վերահսկողություն անցնում։ «Երբ մեր նկարներից մեկը ցուցադրության պետք է ուղարկենք, պայմանագիր ենք կնքում` նաև դրսի պատկերասրահի հետ, և միջազգային ապահովագրական ընկերությունները մեխից մեխ զննում են նկարն ընդունելիս և վերադարձնելիս։ Այս ամենին գումարած` գաղտնիք բացահայտած չեմ լինի, որ ասեմ` մենք նաև ԱԱԾ–ի հետ ենք համագործակցում»,–ասաց Ծատուրյանը։

Նա նշեց նաև, որ 2015–ին, երբ ստանձնել է պատկերասրահի տնօրենի պաշտոնը, գնացել է մի շարք մարդկանց գրառումների, շշուկների, ահազանգերի հետևից, թե պատկերասրահում մի շարք նկարներ են ծախվել, կեղծվել, գողացվել։ Ծատուրյանը վստահեցնում է` պատկերասրահի շուրջ հյուսվող ոչ մի լեգենդ չի հաստատվել։ Ըստ նրա` նկար կեղծելը հեշտ բան չէ, և միայն հոլիվուդյան ֆիլմերում է, որ այդ պրոցեսը շատ արագ ստացվում է։

«Վերջին անգամ պատկերասրահում 2011–ին է Հակոբ Գյուրջյանի 8 քանդակ կորել։ Դեպքի հետ կապված շատ արագ հայտնել են ոստիկանությանը, ինչի շնորհիվ հնարավոր է եղել, որ դրանցից 4–ը գտնեն։ Այդ քանդակները ֆոնդերից էին գողացել, ինչը հիմա ուղղակի բացառվում է»,–ասաց Ծատուրյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 5–ին դատախազությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի` պետական ֆոնդերից անհետացել են Սարյանի ու Զարդարյանի գեղանկարները, հարուցվել է քրեական գործ։ ՀԱՊ–ը հայտարարություն էր տարածել` ասելով, որ նկարներն իրենց մոտից չեն կորել, տեղեկությունը վերաբերում է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ–ին, որը 2016–ին լուծարվել և միացվել է պատկերասրահին:

Նախօրեին էլ Ծատուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ պատգամավորներից մեկն իրեն նամակ է գրել ու ասել, որ իր տեղեկություններով` նախկին իշխանությունները ՀԱՊ-ի արտասահմանյան ցուցահանդեսներից նկարներ են նվեր տվել։ Ծատուրյանը, նամակը կարդալուն պես, ժողովրդական լեզվով ասած՝ «շշմել, մնացել է» ։«Լավ, ինչքա՞ն պետք է մեր թանգարանային համակարգից անտեղյակ մարդիկ վարկաբեկեն այս կառույցը, ինչպես կասեր դասականը.՝ «Մարդիկ, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք» »,–գրել էր պատկերասրահի տնօրենը։

Նշենք, որ ընդհանուր առմամբ պատկերասրահի գոյության ընթացքում կորել են 164 թանգարանային առարկաներ:

400
թեգերը:
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Երևան
Ըստ թեմայի
Ծատուրյան. «Ես բոլոր նախարարներին հորդորել եմ վերադարձնել Ազգային պատկերասրահի նկարները»
Ինչո՞ւ է փոշմանել Լիլիթ Մակունցը. պատկերասրահի մութ գաղտնիքն ու սնկերով պատված կտավները
Առանց սիրո ոչինչ չի ստացվի. ինչպես է հայուհին պատկերասրահի տեր դարձել Մոսկվայում
Մոսկվայում գտել են Տրետյակովյան պատկերասրահից կտավ գողացած տղամարդուն