Ցուցահանդես

Պետական ֆոնդերից անհետացել են Սարյանի ու Զարդարյանի գեղանկարները. հարուցվել է քրեական գործ

158
Դատախազությունը հայտարարել է 120 250 000 դրամի մշակութային 626 նմուշների՝ գեղանկարների, գոբելենների, գրաֆիկական աշխատանքների, քանդակների անհետացման մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունն ահազանգում է. ՀՀ պետական ֆոնդերից անհետացել են 120 250 000 դրամ արժեքով մշակութային 626 նմուշ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ և այլն։ Կորած արժեքների շարքում են նաև բացառիկ գեղարվեստական արժեք ներկայացնող 2 գեղանկար՝ Մարտիրոս Սարյանի` 60 000 000 դրամ արժեքով «Հայֆիլհարմոնիայի դահլիճ» գեղանկարը և Հովհաննես Զարդարյանի` 2 000 000 դրամ արժեքով «Վերածնունդ» գեղանկարը:

Դատախազությունը հայտնում է, որ կորուստները բացահայտվել են ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում։

Պարզվել է, որ 2016թ.–ի կառավարության որոշմամբ, մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ը միացվել է Հայաստանի ազգային պատկերասրահին։ Նույն որոշմամբ մշակույթի նախարարը պարտավոր էր ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։ Բայց, ինչպես պարզվել է` «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների գույքագրում երբևէ չի իրականացվել, այդ թվում` փոխանցման պահին։

Բացահայտված փաստերի հիման վրա մշակույթի նախարարության և «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի այդ տարիների պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ծառայողական պարտականությունները չկատարելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու, առանձնապես խոշոր չափերով գողության, պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր հափշտակելու հոդվածներով (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մաս, 180-րդ հոդված 1-ին մաս և 315-րդ հոդվածի 2-րդ մաս):

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

158
թեգերը:
ՀՀ դատախազություն, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ծատուրյան. «Ես բոլոր նախարարներին հորդորել եմ վերադարձնել Ազգային պատկերասրահի նկարները»
Ֆանտաստիկ է. Wildlife Photographer of the Year 2018 մրցույթում հաղթած նկարները
Մակունց. «Ֆոնդերում պայմաններն այնպիսին չեն, որ նկարները հնարավոր լինի անվնաս պահել