Նազենի Ղարիբյան

Բոլորին կհավաքեն ու կհանգստացնեն. Ղարիբյանը համոզված է` թատրոնների աղմուկն անհիմն է

97
Նազենի Ղարիբյանը կարծում է, որ ԶԼՄ–ներում հայտնված սևագիր տեղեկանքի հետ կապված աղմուկը լիովին անհիմն է։ Նախարարի պաշտոնակատարը պատրաստվում է հանդիպել ՊՈԱԿ–ի ներկայացուցիչների հետ։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայաստանի մշակույթի նախարարությունը չի պատրաստվում միավորել կամ փակել այն ՊՈԱԿ–ները, որոնք հիշատակվում են ԶԼՄ–ներում հայտնված տեղեկանքում։ Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը։

ՀՀ մշակույթի նախարարության շուրջ ծավալված սկանդալը կապված է որոշ ՊՈԱԿ–ների, այդ թվում` թատրոնների, թանգարան–ինստիտուտների, կինոստուդիայի ու նույնիսկ երաժշտական քառյակի օպտիմալացման կամ վերակազմավորման մասին փաստաթղթի կամ փաստաթղթի նախագծի հետ։

Ղարիբյանը նշեց` փակելու մասին որևէ խոսք չկա, խոսքը միայն վարչարարության, պատասխանատվության համախմբման ավելի օպտիմալ տարբերակ գտնելու մասին է: ԶԼՄ–ներում հայտնված փաստաթուղթն էլ կառավարության հանձնարարությամբ Մշակույթի նախարարության անցկացրած ուսումնասիրության ամփոփիչ վերլուծությունն է։

«Հանձնարարական ստացվել էր ուսումնասիրելու, վերլուծելու ՊՈԱԿ-ների գործունեության դաշտը, թե ինչպիսին է ՊՈԱԿ-ների վիճակը և տալու առաջարկություն՝ օպտիմալացման շրջանակում»,-ասաց նա և նշեց, որ հանձնարարականը այն բանի համար էր, որ առաջնորդվեն ոչ թե խնայողություններով, կրճատումներով, այլ արդյունավետության հրամայականով։

Նրա խոսքով` նախարարության մասնագիտական բոլոր վարչությունները մասնակցել են այդ աշխատանքին։ Ամեն օր մշակույթի նախարարությունում նման տասնյակ փաստաթղթեր են մշակվում, ու պարտադիր չէ դրանք համաձայնեցնել հիշատակված հաստատությունների հետ։ Ավելին, այդ սևագիր տեղեկանքն օրինական ուժ չունի։ Նա ընդգծեց, որ կառավարությունը կարող է լրացնել, փոփոխել կամ պարզապես ընդունել այն։

Մշակույթի նախարարի պաշտոնակատարը կարծում է, որ այս պահին մշակույթի ոլորտն օրենսդրական փոփոխությունների կարիք ունի։ Նրա խոսքով` ՊՈԱԿ–ների գործունեությունը կարգավորող օրենքը սահմանափակում է որոշ կառույցների ֆինանսական ինքնուրույնությունը։ Ղարիբյանը վստահ է, որ նույն թատրոնների համար ավելի ձեռնտու կլիներ գործել մասնավորի կարգավիճակում` պայմանով, որ նրանց դահլիճներ ու անհրաժեշտ այլ բաներ կտրամադրեն։

«Երկուշաբթի բոլոր 72 ՊՈԱԿ–ների ղեկավարների հետ հանդիպում կկայանա, կքննարկենք նրանց հուզող հարցերը։ Այդ փաստաթղթի շուրջ բարձրացած աղմուկից հասկացա, որ նրանք վիրավորված են, պետք է ամեն ինչ պարզաբանել ու հանել լարվածությունը», – ասաց նա։

Ղարիբյանը նշեց`գաղափար կար ստեղծել մի ՊՈԱԿ, որը կզբաղվեր վարչական հարցերով` Հայաստանի բոլոր տուն–թանգարանների գովազդով, գնումներով և այլն։

97
Ըստ թեմայի
Ինչպե՞ս հայտնվել ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում. Հայաստանը պատրաստվում է նոր արժեք ներկայացնել
ՅՈՒՆԵՍԿՕ–ն կհամալրվի հայկական ժառանգությամբ. ինչ պետք է իմանալ ներկայացված արժեքների մասին