Սերգեյ Փարաջանովը

30 տարի անց Փարաջանովը վերադարձել է Ռոտերդամ. «Կինոյի տաճարը» գերեց եվրոպացիներին

48
Սերգեյ Փարաջանովին նվիրված «Կինոյի տաճար» ծրագիրը գրավել է Ռոտերդամի կինոփառատոնի հանդիսատեսին։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Հայաստանը մասնակցել է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնին` «Կինոյի տաճար» ծրագրով, որը նվիրված է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 95–ամյակին։

Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանը։

«Ինչպես հիշում եք, այս տարի լրացավ Փարաջանովի 95-ամյակը, և այս ողջ ցուցադրությունը յուրովի հարգանքի տուրք էր մեր վարպետի հոբելյանին: Փարաջանովն առաջին անգամ արտասահման է մեկնել Ռոտերդամի միջազգային փառատոնի կազմակերպիչների հրավերով 30 տարի առաջ՝ 1988 թվականին։ Փաստորեն 30 տարի անց նույն փառատոնում մենք ներկայացնում ենք Փարաջանովի ֆիլմերից հատվածներ»,-ընդգծեց Միրզախանյանը:

Միրզախանյանի խոսքով` ֆիլմի կադրերն ուղեկցվել են կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտությամբ։

Ավելին, կազմակերպվել են «Կիևյան որմնանկարներ», «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմայով» և «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմերի ցուցադրությունները, որոնց թվայնացումը մեկնարկել էր 2018թ–ին։ Բոլոր դեպքերում դահլիճը լեփ–լեցուն է եղել, իսկ կինոսերները՝ ոգևորված։

«Այդ ծրագրի շնորհիվ մենք համագործակցության մասին բազմաթիվ առաջարկներ ստացանք տարբեր փառատոններից և հիմնադրամներից։ Բանակցություններ ենք վարում և այդ ծրագրով պատրաստվում ենք համաշխարհային շրջագայության», – ասաց Միրզախանյանը։

Նա հաղորդեց, որ կինոկենտրոնը մտադիր է ուսումնասիրել «Նռան գույնը» ֆիլմի ժապավենի 300 մետրը և 103 տուփերը, վերականգնել ամբողջ նյութը և ստեղծել նոր ֆիլմ։ Ի դեպ, մոնտաժով զբաղվում է 80–ամյա Մելսիդան, որը փոխանցում է իր վարպետությունը ստաժորին։

48
Ըստ թեմայի
Փարաջանովն ու քրեական աշխարհը. ինչպես Պլիսեցկուն վերադարձրին գողացած ավտոմեքենան
«Հայկական ավանգարդը» Վրաստանի պատմության մեջ. ինչ հետք են թողել հայերը Թբիլիսում
«Մուսա Փարաջանով». Արամ Նիկոլյանի նոր նախագիծը` նվիրված մեծ վարպետին