Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում դիտել է «Հարսանիք թիկունքում» ներկայացումը

«Ծիծաղի ու լացի խառնուրդ». նախագահը Գյումրիում դիտել է «Հարսանիք թիկունքում» դրաման

1165
(Թարմացված է 21:52 04.12.2018)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հերթական անգամ Գյումրիում էր:

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, տիկնոջ՝  Նունե Սարգսյանի հետ միասին  Գյումրիում էր: Այս անգամ նախագահը Գյումրի էր գնացել դիտելու 2016 թ.-ի ապրիլյան օրերի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումը: Անահիտ Աղասարյանի հեղինակած երկու գործողությամբ դրաման նվիրված է ապրիլյան քառօրյայի հերոսներին:

Պատասխանելով լրագրողների հարցերին նախագահը նշեց՝  ներկայացումը իրականում Գյումրու պատմությունն  է:

«Ծիծաղի ու լացի խառնուրդ. չգիտես երբ ծիծաղես, երբ լաս և այդ հումորը՝  ցավի  միջից եկած հումորը, 30 տարի առաջ ես ինքս էլ եմ տեսել, երբ ուսանողների հետ երկրաշարժից հետո եկա այստեղ և այդ հսկայական ողբերգության օրերին մարդկանց հանդիպեցի, որ այդ ողբերգության մեջ կարողանում էին դառը ծիծաղել: Հոյակապ ներկայացում է: Կարծում եմ՝ Հայաստանում ամեն տեղ պետք է ցուցադրվի, քանի որ սա միայն գյումրվա  պատմություն չէ, դա մեր ժողովրդի պատմությունն է: Սա  իրական պատմություն է որտեղ կա ծիծաղ, հումոր, խորը ցավ ու ողբերգություն»:

«Հարսանիք թիկունքում» ներկայացման հիմքում մի ընտանիքի պատմություն է, որը խորհրդանշում է ամբողջ հայ ժողովրդին: Զավակի հարսանիքի օրը հնչում է ապրիլյան քառօրյայի գույժն ու տակնուվրա անում հույզերը՝ փոխելով ներկան ու ապագան:

Ներկայացման ռեժիսորն է Լյուդվիգ Հարությունյանը, նկարչական ձևավորումն իրականացրել է Գարեգին Եվանգուլյանը, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանը, իսկ երաժշտական ձեւավորումը՝ երգիչ, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանը (Հայկո):

Հավելենք, որ վաղը ևս ՀՀ  նախագահը ծրագրել է լինել Գյումրիում՝ մի շարք հանդիպումներ ունենալով:

1165
թեգերը:
Հայաստան, Գյումրի, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Գլխավոր բառը «լռությունն» է. «Սպիտակ» ֆիլմը հյուսվել է իրական պատմություններից
Ճմռթված խաղաթղթի նմանվող շինություններ և քաոս. տպավորություններ ավերված Գյումրիից