ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Պարսիկները փորձել են կոտրել հայկական զորքերի ոգին՝ կողոպտելով հայ արքաների դամբարանները և հափշտակելով նրանց աճյունները, Sputnik Արմենիային պատմեց Հայաստանի մշակույթի նախարարությանը կից պատմամշակութային ժառանգության և գիտական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը։
«Կենտրոնական Հայաստանում՝ մի քիչ դեպի արևմուտք, Եփրատի ափին է գտնվել Անի Կամախ ամրոցը։ Այս տարի ինձ բախտ վիճակվեց լինել այնտեղ և տեսել այդ զարմանալի վայրը, որտեղ գտնվում է հայոց գլխավոր հեթանոսական աստծու՝ Արամազդի տաճարը։ Այնտեղ կա նաև հայ արքաների դամբարան», - պատմեց Սիմոնյանը՝ նշելով, որ դրա հետ կապված է հետաքրքիր պատմություն։
Նրա խոսքով՝ այդ հայ թագավորները շատ են սիրել այդ ամրոցը, այդ թվում՝ Տիգրան Մեծը։ Զարմանալի չէ, որ հաջող արշավանքներից հետո նա միշտ այստեղ է վերադարձել ընծաներով, հրամայել է տեղադրել մինչև 20 մետր բարձրությամբ ահռելի քանդակներ։ Այդ կենտրոնը խորհրդանշել է հայկական արքայական իշխանությունը և պետականությունը։
«IV դարի կեսին պարսիկները փորձել են գրավել Հայաստանը, բայց դա նրանց երկար ժամանակ չի հաջողվել՝ չնայած բազմաթիվ արշավանքներին։ Հայերը համառորեն դիմադրում էին։ Պարսկական արքունիքը զարմացած էր, թե ինչպես այսպիսի փոքր երկիր չի զիջում հսկայական Սասանյան կայսրությանը», - ասաց Սիմոնյանը։
Արդյունքում պարսիկ քրմերը խորհուրդ են տվել արքային՝ Հայաստանը նվաճելու համար պետք է Անի Կամախից դուրս բերել հայ արքաների ոսկորները։ Դա պետք է հայերին զրկեր ուժից, ոգուց և ապահովեր պարսիկների հաղթանակը, կարծել են քրմերը։
«Հատուկ այդ նպատակով արշավանք են սկսել Հայաստան, այդ մասին վկայում են մեր պատմաբաններ Մովսես Խորենացին, Փավստոս Բուզանդը, հետո այդ մասին գրել է Սեբեոսը։ Պարսիկներն այդ արշավանքը կատարել են ոչ թե Ատրպատականից, որտեղից ուղիղ ճանապարհ էր ընկած դեպի Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտ, այլ շրջանցելով Մեծ Հայքը», - պատմեց Սիմոնյանը։
Նրանք անցել են հարավային սահմաններով, հասել մինչև Եփրատ գետ, շարժվել դեպի հյուսիս, դիմելով խորամանկության՝ ինչ-որ կերպ գրավել են անառիկ ամրոցը՝ շրջապատված հեղեղատով։ Նախնական վարկածի համաձայն, նրանց օգնել է տեղի նախարար Մերուժան Արծրունին։

«Պարսիկները թալանում են դամբարանները, գործելով շատ կոպիտ, պեղումների ժամանակ մենք նկատել ենք այդ հետքերը, և հայ արքաների աճյունները մեծ հարստության հետ միասին տանում են։ Լուրը հասնում է հայոց զորքերին, որոնք հարձակման են սպասում Ատրպատականի կողմից։ Վասակ Մամիկոնյանը հեծելազորի գլխավորությամբ հետապնդում է և հասնում պարսկական ջոկատին։ Պատմաբանների վկայությամբ՝ բոլոր պարսիկներին կոտորել են, քանի որ այդ ժամանակ գերեզման պղծելը համարվել է գերագույն անարգանք», - նշեց Սիմոնյանը։
Աճյունները վերադարձնում են Հայաստան՝ Էջմիածին, բայց այստեղ քրիստոնեական եկեղեցու ներկայացուցիչները դեմ են լինում նրանց թաղելուն՝ հիմնավորելով, թե քրիստոնյա արքաների աճյունները խառնվել են հեթանոսների աճյունների հետ։ Արդյունքում այդ աճյունները թաղում են Աղձքում։ Այստեղ հատուկ կառուցում են դամբարան, ամենայն հավանականությամբ, եղել է նաև գործող եկեղեցի, քանի որ չորրորդ դարի կեսերին արքաների աճյունները պարտադիր պետք է հանգչեն եկեղեցիների կողքին։
«Աճյունները հողին հանձնելուց հետո Աղձքը դառնում է Հայաստանի հոգևոր-մշակութային կենտրոններից մեկը», - ասաց Սիմոնյանը։
Արքաների մասունքները Աղձք են տարել այն պատճառով, որ այստեղից մի քանի կիլոմետր հեռու թաղված էին բրոնզե դարի հայ արքաների աճյունները։ Ցավոք, ավելի ուշ Հայաստանը զրկվել է դրանցից շատերից՝ իր պատմության մի մասից։ Հին հավատալիքների համաձայն՝ հենց դրանց մեջ է եղել հայկական հաջողությունը, ուժը և քաջությունը։
Սակայն 2016թ-ին եկեղեցու ներսը մաքրելու ընթացքում սալաքարի տակ պատահմամբ գտել են երեք գերեզմաններ, որոնք լցված են եղել կոտրված ոսկորներով։ Գտնված աճյունները չեն պատկանել սրբերի. այնտեղ եղել են ոչ միայն տղամարդկանց, այլ նաև կանանց ու երեխաների աճյուններ։ Այսինքն` այնտեղ եղել են արքայական ընտանիքներ։
Դրանք պատկանում են այն զարմանալի ժամանակաշրջանին, երբ հայոց պետականությունը սպառնալիքի տակ է եղել։ Մեծ Հայքը հայտնվել է մուրճի և զնդանի՝ Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդիայի արանքում։
Գիտնականի խոսքով՝ զարմանալի է, որ հենց Հայաստանն է կարողացել որոշիչ ազդեցություն ունենալ հարցի վրա՝ այդ կայսրություններից, որը կդառնա հեգեմոն։
«Այսօր Հայաստանը փոքր տարածք ունի։ Բայց, իմ կարծիքով, Հայաստանը մեծ ազդեցություն ունի Կովկասում և Մերձավոր Արևելքում սպասվող զարգացումների վրա։ Թվում է, որ հայ ժողովրդի վրա առաքելություն է դրված, որ որոշիչ պահերին նա պետք է հարցեր լուծի ոչ միայն իր, այլ նաև ամբողջ աշխարհի համար», - նշեց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Աղձք գյուղում պեղումների ժամանակ գտել են եզակի գտածո․ արքայական պալատներ՝ կամարապատ պատերով։ Այնտեղ գտել են Արտաշեսյանների և Արշակունիների դինաստիայի արքաների դամբարաններ։ Դրանք թվագրվում են IV դարով։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` գյուղեգյուղ շրջած, տարիներ շարունակ հավաքած և հիմա էլ թշնամու ձեռքից փրկած 71 գորգ է ցուցադրության հանվել։

«Եթե քանակական առումով նայենք, ապա մեր հավաքածուի 2/3-րդն ենք փրկել, սակայն որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել ենք։ Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասաց Ասծատրյանը։
Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը
Նա պատմեց, որ հոկտեմբերի 20-ին ինչպես Երևանի, այնպես էլ Արցախի մշակույթի ոլորտի պատասխանատուները զանգահարել և խորհուրդ են տվել, որ գորգերը թանգարանից տարհանեն։ Ասծատրյանը, սակայն, որոշել է մի քիչ էլ սպասել` չի ուզել թանգարանը դատարկել։ Բայց դրան հաջորդող օրերին նկատել է` ադրբեջանական զորքը մոտեցել և Քարինտակ է հասել։ Պատերազմի վերջին օրերին էլ մեծ հրթիռ է պայթել թանգարանի մոտ` կոտրելով դուռ-պատուհանը։ Հենց այդ պահին Ասծատրյանը զանգել է Արցախի մշակույթի նախարարին և խնդրել, որ մեքենա տրամադրի գորգերը տեղափոխելու համար։

Շուշիի գորգերի հավաքածուն Ասծատրյանի շնորհիվ է հավաքվել։ Նա անձամբ է շրջել տնետուն ու գնել դրանք։ «Երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, ադրբեջանցիները շրջում էին գյուղերով և հայկական հին գորգերը գնում ու տեղը նորերն էին առաջարկում։ Այդ ամենը տանում էին Բաքվի թանգարան և ցուցադրում որպես ադրբեջանական մշակույթի մի մաս։ Դա տեսնելով` հասկացա, որ փրկության միակ ձևը դրանք գնելն է։ 2000-ականներին սկսեցի գնել գորգերը»,–ասում է Ասծատրյանը։
Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն
Մարդիկ Ասծատրյանին սիրով են իրենց գորգերը վաճառել, երբ իմացել են, որ նա պատրաստվում է Շուշիում թանգարան բացել։ Ավելին, եղել են դեպքեր, որ մարդիկ պատմել են` նախկինում իրենցից ավելի բարձր գնով էլ ուզել են գորգ գնել, սակայն քանի որ իմացել են, որ այն Արցախից դուրս պետք է հանեն, չեն վաճառել։ Արդյունքում Ասծատրյանը 2011-ին Շուշիում բացել է գորգերի թանգարանը։

Ասծատրյանը հավաքածուում բավական հին գորգեր ունի` անգամ 17-րդ դարին վերագրվող։ Հիմնականում 19-րդ դարի գորգեր են, որոնք աչքի են ընկնում իրենց սիմվոլներով, և մասնագետներն առաջին իսկ հայացքից տարբերակում են, որ դրանք արցախյան գորգեր են։
Ասծատրյանն ասում է, որ յուրաքանչյուր գորգ իր պատմությունն ունի։ Արցախյան գորգերի մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Ասծատրյանն ասում է` մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

«Հիմա միակ ցանկությունս է, որ մի տարածք հատկացնեն և Երևանում թանգարան բացենք։ Այստեղ ցուցադրության ժամանակ մարդկանց մոտ ես հետաքրքրություն եմ նկատում։ Ավելին, շատերը գալիս և ասում են, որ ուզում են իրենց տոհմական գորգերը մեզ նվիրեն, որպեսզի հավաքածուն հարստանա»,–ասաց Ասծատրյանը։

Նա կարծում է, որ թանգարանը կարող է հարթակ դառնալ, որպեսզի արցախյան գորգերը գիտականորեն ուսումնասիրվեն։
Նշենք, որ Երևանում գորգերը կցուցադրվեն առաջիկա ամիսներին, իսկ ցուցադրության մուտքն ազատ է։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի -Sputnik, Կարեն Ավետիսյան. Համավարակի օրերին անխափան գործող մշակութային ինստիտուտներից էին համաշխարհային արվեստի միջազգային աճուրդները, որոնք բարեհաջող հարմարվեցին հեռահար խաղի կանոններին և շարունակում են անխափան ծավալել իրենց գործունեությունը։
Կարևոր է հասկանալ, որ առցանց ձևաչափը նոր չէ այս ոլորտում, այն զարգացած և տարածված էր դեռ 2000–ականներից ի վեր, երբ Սոդբիսը, Բոնհեմսը, Քրիստիսը և մի շարք այլ աճուրդային տներ աճուրդներն անցկացնում էին օնլայն։
«Աճուրներն ունեն հաճախորդների, գնորդների հանրություն, որի համար թիվ մեկ նախապայմանը` երաշխիքներ ունենալն է. դա նաև օնլայն վաճառքի առաջին կարևորագույն գործոնն է», – մեզ հետ զրույցում ասում է «ԱԱԱուկցիոն» աճուրդային տան տնօրեն Աննա Գրիգորյանը։
Հայաստանն ունի ճանաչման խնդիր` չունենալով աճուրդների անցկացման փորձ դեռ խորհրդային տարիներից։ Ու չնայած Ռուսաստանը հաջողեց համեմատաբար զարգացնել այդ բացը, հետխորհրդային մյուս երկրներում այն շարունակվեց մնալ չլրացված։
«Հարցը հայ արվեստը կամ արվեստագետները չեն, տաղանդի հարց էլ չկա։ Խնդիրը ճանաչման մեջ է և երկրորդ փաստն այն է, որ ոչ մի ինստիտուտ չկա, որ զբաղվի դրանով։ Եթե նայենք Կատարի, Սաուդիան Արաբիայի կամ Արաբական Միացյալ Էմիրությունների փորձը, կտեսնենք, որ չնայած մեծ մշակույթ չունեն, բայց անցկացնում են աճուրդներ, էքսպոներ, որովհետև պետական ռեսուրսներ են դրվում ոլորտի զարգացման համար»,–ասում է նա։

Խոսելով առանձին արվեստագետների մասին` Գրիգորյանը առանձնացրեց Երվանդ Քոչարին, Մարտիրոս Սարյանին, ֆրանսահայ նկարչներին` Ժան Գառզուին (Գառնիկ Զուլումյան), Լևոն Թութունջյանին, Ժանսեմին (Հովհաննես Սեմերջյան`վերջինս նաև հատկապես սիրված է ճապոնական աճուրդներում), սակայն նշեց, որ նրանք հայտնվում են միջազգային աճուրդներում հիմնականում ֆրանսիացի կամ ֆրանսահայ դիլերների շնորհիվ։
Աճուրդներում հնարամիտ ու ճարպիկ միջնորդ լինելու համար պարտադիր չէ լինել նկարիչ. Միրզոյան
«Ինչ վերաբերում է ժամանակակից արվեստագետներին, ապա շատ- շատերը իրենց նկարներն իրենց իսկ ուժերով են ներկայացնում որոշ միջազգային աճուրդներում, կամ ավելի շուտ` առցացանց պատկերասրահներում։ Որքանով են վաճառվում` դժվարանում եմ ասել, բայց նաև կարևոր եմ համարում բարձրաձայնել այն փաստը, որ մենք մինչ օրս չունենք բանկային համակարգ, որը կհամագործակցի PayPal-ի հետ, ինչը նշանակում է, որ չունենք երաշխիքներ արտասահմանյան գնորդների համար։ Չիմանալով Հայաստանը որտեղ է գտնվում` պոտենցիալ գնորդն անգամ ցանկության դեպքում ընկնում է կասկածների և անվստահության գիրկը»,–ասում է Գրիգորյանը։
Հիշելով ոչ վաղ անցյալում Հայաստանում անցկացված աճուրդը` Գրիգորյանն առանձնացնում է Լևոն Թութունջյանի «Դեղին դիմակը», որը վաճառվեց մոտ 300 000 դոլարով։
«Սա անկասկած հաջողություն էր, բայց այդ ամենը մեծ ծախս է ` գովազդ, կատալոգ, միջազգային PR և այլն։ Ամեն բան կախված է մեծ ներդրումներից, որոնք, ցավոք սրտի, չկան»,–ընդգծում է նա։
Արվեստաբան, Գաֆեսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների տնօրեն Արմեն Եսայանցը չի համարում, որ անհրաժեշտ է մեծ կարևորություն տալ և ինքնանպատակ համարել հայկական արվեստի ամեն գնով ներկայությունը միջազգային աճուրդներում, քանի որ այլ շուկաների համեմատ, աճուրդները բավականին փոքր ու սահմանափակ են, դրանք ավելի շատ կոլեկցիոներների համար են։ Իսկ հայկական արվեստը մեծ հաջողություններ չի գրանցում` որպես հենց «հայկական»։ Հիմնականում, եթե լինում են հայ նկարիչների գործեր, դրանք ընդգրկվում են ընդհանուր շարքի մեջ, օրինակ, ռուսական արվեստի, ինչպես Սարյանն ու Այվազովսկին։
«Չնայած երբեմն լինում են առանձին դեպքեր, օրինակ` ինքս 2019–ի աշնանը մասնակցել եմ Սոդբիսի նախագծին, որը նվիրված էր Միջին Արևելքի արվեստին, սակայն կատալոգում կար առանձին բաժին, որտեղ ներկայացված էին միջինարևելյան հայ արվեստագետները` Մարկոս Գրիգորյանը կամ Սոնյա Բալասանյանը, Տիգրան Դադերյանը, Փոլ Կիրակոսյանը։ Եթե խոսենք ժամանակակից արվեստի մասին, ապա կրկին շատ քիչ անուններ կային նույն Սոդբիսում` Սոնյա Բալասանյանի ստեղծագործությունը, բայց կրկին` Միջին Արևելքի բաժնում», – նկատեց Եսայանցը` ավելացնելով, որ երբեմն նաև հանդիպում են նմուշներ միջնադարի արհեստավորներից` ձեռագրեր, արծաթագործ իրեր, եկեղեցական կահ–կարասի և այլն։
Արվեստաբանի հավաստմամբ` չի կարող միանգամից մի արվեստագետ առանց ընդհանուր պատմության հայտնվել մեծ աճուրդում։ Սկզբում անհրաժեշտ է ներթափանցել մեծ շուկա, որպեսզի հետո հերթը հասնի աճուրդներին։

Եսայանցի կարծիքով` պետական քաղաքականությունը նախևառաջ պետք է ուղղված լինի այն արվեստագետներին, որոնք աշխատում և ստեղծագործում են Հայաստանում։ Պետք է ստեղծվի այնպիսի դաշտ, որտեղ հնարավոր կլինի ազատ ստեղծագործել, վաճառել, հայտնվել կոլեկցիաներում, պատկերասրահներում, իսկ աճուրդներն արդեն կլինեն այդ ամենի արդյունքը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է, սակայն խուսափում է պատասխանել պատգամավորների հարցերին։ Նշենք, որ այս պահին ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանն է ընթանում։
Նախ ԼՀԿ–ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց Փաշինյանից, թե ի վերջո ինչու էր արվել «Իսկանդերների» հետ կապված հայտնի հայտարարությունը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց` Փաշինյանն ունի՞ ապացույցներ մարտի 1-ին արված հայտարարության վերաբերյալ, թե ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը վարչապետի հրաժարականն է պահանջել Սերժ Սարգսյանի հրամանով։
Երկու հարցերին էլ «պատասխանեց» փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` ասելով, թե երկու հարցերի առնչությամբ էլ հնչել են անհրաժեշտ բոլոր պատասխանները, և եթե կարիք լինի, վարչապետը նորից կանդրադառնա այդ հարցերին։
Մարուքյանն իր զարմանքը հայտնեց, թե ինչու Փաշինյանն ինքը հարցին չի պատասխանում, սակայն փոխվարչապետը շրջանցեց այս հարցը։
Դրանից հետո ԼՀԿ–ական պատգամավոր Անի Սամսոնյանը նույնպես հարց ուղղեց Փաշինյանին` շեշտելով, որ հենց նրան է ուզում հարցն ուղղել` հետաքրքրվելով, թե ինչու է բանակի ղեկավարությունը պահանջում Փաշինյանի հրաժարականը, այդ ի՞նչ կարմիր գիծ է հատել նա։ Հարցին կրկին պատասխանեց փոխվարչապետը` հավելելով, որ հարցերին պատասխանողի ընտրությունն իրենց իրավասությունն է։ Ավինյանը նշեց, որ ԳՇ պետն ու նրա ենթակաները քաղաքականության հետ չպիտի կապ ունենան։ «Քաղաքական հայտարարություններ անելը չի մտնում նրանց իրավասության մեջ, քանի որ ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունն ու մեր անվտանգության ապահովումը»,–ասաց նա։
Իսկ ինչ վերաբերում է սահմանները հատելու մասին հարցին, Ավինյանը նշեց, որ իրենք թաքուն չեն գործում, թաքուն գործում են ընդդիմադիր ուժերը։
Սամսոնյանն էլ հակադարձեց, թե գուցե Ավինյանն ուզում է վարչապետ դառնալ, դրա համա՞ր է հարցերին պատասխանում Փաշինյանի փոխարեն։
Հիշեցնենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։



