ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. Այն մասին, որ Երևանը 2800 տարեկան է, Արգիշտի արքայի կառուցած ամրոցի ավերակներից բացի այսօր հուշում են նաև վերջին 1-2 դարերի ճարտարապետության որոշ նմուշներ։
Երևանյան պատմության դեռ կանգուն մնացած վկայությունները փրկելու համար ՀՀ կառավարությունն 2004թ-ին հաստատեց հուշարձան շենքերի ցանկերը։
Դա, սակայն, տեղի ունեցավ արդեն ուշացումով, քանի որ Երևանի կենտրոնի կառուցապատման արդյունքում պատմական շենքերից շատերն արդեն անվերադարձ քանդվել էին։
Ի դեպ, իրականում կառավարությունը երկու ցուցակ էր հաստատել. առաջինում այն հուշարձաններն էին, որոնք պետք է պահպանվեին հենց իրենց տեղում, երկրորդում նրանք, որոնք պետք է ապամոնտաժվեին ու վերակառուցվեին այլ տեղում։
Երևանյան պատմության հուշարձանների վերակառուցման համար ընտրվեց Աբովյան, Արամի, Բյուզանդի փողոցների հատվածը մինչեւ Եզնիկ Կողբացի: 2004թ-ին քաղաքապետարանը հայտարարեց այս տեղանքում «Հին Երեւան» պատմամշակութային միջավայր ստեղծելու նախագծի մասին:
Քանդվող շենքերի քարերն ի պահ հանձնվեցին տարբեր շինարարական կազմակերպությունների, բայց հետո պարզվեց, որ դրանք ուղղակի չեն կատարել իրենց պարտավորությունները, քարերը կորել են, կազմակերպությունները լուծարվել։
Նման ճակատագրի արժանացած շենքերից մեկը Ֆիրդուսի 80 հասցեում ապամոնտաժված հուշարձան շենքն է։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնել էր «Երևան իմ սեր» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Կարապետյանը, 2007թ–ին «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ին ի պահ տրված շենքի համարակալված քարերը գտնել չի հաջողվել։
19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին կառուցված պատմամշակութային հուշարձան շենքի ճակատագիրն առ այսօր անհայտ է մնում։
Հանուն ճշմարտության հարկ է նշել, որ տարիներ առաջ Երևանում ապամոնտաժված որոշ շենքեր, այնուամենայնիվ վերակառուցվել են։ Բայց պահպանվել են հիմնականում դրանց ֆասադային հատվածները։ Պատմական շենքի վերակառուցման անվան տակ կառուցապատողները հիմնականում բարձրահարկ շենքեր են կառուցել, որի միայն առաջին հարկն է պահպանել հուշարձան շենքի տեսքը։ Ճարտարապետության մեջ ֆասադիզմ կոչվող այս մեթոդը ճարտարապետ Արսեն Կարապետյանը ամենահեշտ, ամենաէժան միջոցն է համարում` միաժամանակ նշելով, որ շատ դեպքերում շենքի ներքին միջավայրը, որն այս դեպքում վերանում է, ավելի արժեքավոր է, քան արտաքինը։
«Շատ հեշտ է քանդել, նորը կառուցել, իսկ պահպանելը կապված է ավելի շատ միջոցների ու ուղեղի աշխատանքի հետ։ Սա մեխանիկական աշխատանք է, բոլորովին այլ մարմին կպնում է մեկ ուրիշին»,– ասում է ճարտարապետը։
Նման օրինակ է 1890-ականներին, Երևանի կենտրոնում, Ներկայիս Ամիրյան փողոցի` Հանրապետության հրապարակին հարող հատվածում կառուցված արական գիմնազիայի շենքը։ Խորհրդային ու անկախության տարիներին այդ շենքում էր գործում Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը։

2009-ին գրադարանի շենքն օտարվեց «Յունիինվեստ» ՍՊԸ-ին և ապամոնտաժվեց։ Ավելի ուշ այն փոխանցվեց «Էս Ջի Այ ինվեստ» ընկերությանը։ Այսօր գրադարանի տեղում բազմաֆունկցիոնալ համալիր է կառուցվում, որի միայն առաջին հարկի ֆասադն է կառուցված գրադարանի շենքի նմանությամբ։
Երևանում այսօր դեռ մնացել են չքանդված ու չապամոնտաժված հուշարձան շենքեր, որոնք, սակայն, օր օրի վերանում են։
Դրանցից մեկը Աբովյան 3 հասցեում գտնվող շուրջ 100 տարեկան շենքն է։ Այն կառուցվել է 1915-ին`բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի պատվերով` որպես հիվանդանոց։

1923 թ.–ին շենքը բռնագրավվել է Հայաստանի բոլշևիկյան կառավարության կողմից, և այստեղ տեղակայվել է Հայաստանում առաջին Տրոպիկական ինստիտուտը, կամ այլ կերպ ասած` Մալարիայի հիվանդանոցը։
1944 թ. շենքը հանձնվել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերությանը (Армянское общество культурных связей с зарубежными странами (АОКС)։

2001-ին ՀՀ նախագահի միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով խորհրդական Արմեն Սմբատյանն ու ԱՕԿՍ–ի այն ժամանակվա նախագահ Հասմիկ Պողոսյանը շենքը սեփականաշնորհել են ԱՕԿՍ–ին` ՀԿ—ի կարգավիճակով:

2007 թվականին կնքված պայմանագրով ՀԿ–ն շենքի Լալայանց փողոցին հարող տարածքից 529.29քմ մակերեսով հատվածն օտարել է Սամվել Մայրապետյանի հետ կապվող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը, որը գործարքից հետո քանդել է այն։ Իսկ շենքի մնացած` Աբովյան փողոցում գտնվող 526.9քմ մակերեսով տարածքն այսօր վթարային ու բարձիթողի վիճակում է։

Շենքն ընդգրկված է Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, բայց պետությունը դրա նկատմամբ իրավունքներ չունի, քանի որ այն այժմ մասնավոր սեփականություն է։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» ծրագրում ներառվել է 2021թ․-ի արտադրության «Սև Բախ Արցախ» ֆիլմը, ինչը համացանցում բացասական արձագանքի է արժանացել ադրբեջանցի օգտատերերի կողմից։ Ֆիլմը հիմնված է Արցախի բնակիչների հետ հարցազրույցի վրա։
Ադրբեջանցի օգտատերերը զայրույթով են արձագանքել ֆիլմի վերնագրին և կողմնակալ են համարել Բեռլինալեի կայքում հրապարակված նախնական սցենարը, որը ներկայացրել են ֆիլմի հեղինակները։
Ֆիլմը պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին և հիմնված է Արցախի բնակիչների հարցազրույցների վրա, որոնք նկարահանվել են դեռևս 2007թ․-ին՝ երկու պատերազմների միջև։ Ֆիլմի ռեժիսորներն են Այրին Անաստասը և Ռենե Գաբրին։
Բախի կանտատների ռիթմը կրկնող 13 ակտի բաժանված ֆիլմում բնապատկերները միահյուսված են կադրից դուրս ձայնի հետ, որն արտացոլում է պատերազմի, ինքնության և պատկանելիության բնույթը։
Բեռլինալեի կայքում ֆիլմի նկարագրությունը թուրքերի և ադրբեջանցիների կատաղի արձագանքն է առաջացրել․ նրանք այն անվանում են «քարոզչական ֆիլմ»՝ «միակողմանի պատմությամբ»։
Սկանդալ Արցախի մասին ֆիլմի շուրջ. ինչու Մոսկվայի կինոփառատոնից հանեցին «Դրախտի դարպասը»
1990-ականների Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ֆիլմում անվանում են «պայքար հանուն ազատության և ինքնորոշման», իսկ 2020թ․-ի պատերազմը՝ «Ադրբեջանի բռնապետի ներխուժում»։
Փառատոնը մերժել է ֆիլմը ծրագրից հանելու կոչերը։ Վիրտուալ ցուցադրությունից հետո արդեն ամռանը Բեռլինում ֆիլմը կցուցադրվի օֆլայն ձևաչափով:
Փառատոնի հայտարարության մեջ ասվում է, որ բոլորն անհամբերությամբ են սպասում ամռանը ֆիլմի ցուցադրմանը և պանելային քննարկմանը, որի ընթացքում բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել կառուցողական երկխոսությանը։
6 ֆիլմ` նվիրված արցախյան պատերազմին․ «Ոսկե ծիրանը» ևս կմիանա համազգային դրամահավաքին
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` գյուղեգյուղ շրջած, տարիներ շարունակ հավաքած և հիմա էլ թշնամու ձեռքից փրկած 71 գորգ է ցուցադրության հանվել։

«Եթե քանակական առումով նայենք, ապա մեր հավաքածուի 2/3-րդն ենք փրկել, սակայն որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել ենք։ Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասաց Ասծատրյանը։
Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը
Նա պատմեց, որ հոկտեմբերի 20-ին ինչպես Երևանի, այնպես էլ Արցախի մշակույթի ոլորտի պատասխանատուները զանգահարել և խորհուրդ են տվել, որ գորգերը թանգարանից տարհանեն։ Ասծատրյանը, սակայն, որոշել է մի քիչ էլ սպասել` չի ուզել թանգարանը դատարկել։ Բայց դրան հաջորդող օրերին նկատել է` ադրբեջանական զորքը մոտեցել և Քարինտակ է հասել։ Պատերազմի վերջին օրերին էլ մեծ հրթիռ է պայթել թանգարանի մոտ` կոտրելով դուռ-պատուհանը։ Հենց այդ պահին Ասծատրյանը զանգել է Արցախի մշակույթի նախարարին և խնդրել, որ մեքենա տրամադրի գորգերը տեղափոխելու համար։

Շուշիի գորգերի հավաքածուն Ասծատրյանի շնորհիվ է հավաքվել։ Նա անձամբ է շրջել տնետուն ու գնել դրանք։ «Երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, ադրբեջանցիները շրջում էին գյուղերով և հայկական հին գորգերը գնում ու տեղը նորերն էին առաջարկում։ Այդ ամենը տանում էին Բաքվի թանգարան և ցուցադրում որպես ադրբեջանական մշակույթի մի մաս։ Դա տեսնելով` հասկացա, որ փրկության միակ ձևը դրանք գնելն է։ 2000-ականներին սկսեցի գնել գորգերը»,–ասում է Ասծատրյանը։
Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն
Մարդիկ Ասծատրյանին սիրով են իրենց գորգերը վաճառել, երբ իմացել են, որ նա պատրաստվում է Շուշիում թանգարան բացել։ Ավելին, եղել են դեպքեր, որ մարդիկ պատմել են` նախկինում իրենցից ավելի բարձր գնով էլ ուզել են գորգ գնել, սակայն քանի որ իմացել են, որ այն Արցախից դուրս պետք է հանեն, չեն վաճառել։ Արդյունքում Ասծատրյանը 2011-ին Շուշիում բացել է գորգերի թանգարանը։

Ասծատրյանը հավաքածուում բավական հին գորգեր ունի` անգամ 17-րդ դարին վերագրվող։ Հիմնականում 19-րդ դարի գորգեր են, որոնք աչքի են ընկնում իրենց սիմվոլներով, և մասնագետներն առաջին իսկ հայացքից տարբերակում են, որ դրանք արցախյան գորգեր են։
Ասծատրյանն ասում է, որ յուրաքանչյուր գորգ իր պատմությունն ունի։ Արցախյան գորգերի մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Ասծատրյանն ասում է` մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

«Հիմա միակ ցանկությունս է, որ մի տարածք հատկացնեն և Երևանում թանգարան բացենք։ Այստեղ ցուցադրության ժամանակ մարդկանց մոտ ես հետաքրքրություն եմ նկատում։ Ավելին, շատերը գալիս և ասում են, որ ուզում են իրենց տոհմական գորգերը մեզ նվիրեն, որպեսզի հավաքածուն հարստանա»,–ասաց Ասծատրյանը։

Նա կարծում է, որ թանգարանը կարող է հարթակ դառնալ, որպեսզի արցախյան գորգերը գիտականորեն ուսումնասիրվեն։
Նշենք, որ Երևանում գորգերը կցուցադրվեն առաջիկա ամիսներին, իսկ ցուցադրության մուտքն ազատ է։
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը շարունակում է քաղաքացիների ընդունելությունը: Ստեղծվել է «թեժ գիծ»՝ Արցախում հակամարտության մասնակիցների, անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու համար: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Նրանց որոնումն իրականացվում է ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։ Ընդհանուր առմամբ, օգնության համար քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 2,5 հազար մարդ, այդ թվում 600 – ը՝ «թեժ գծի» հեռախոսով», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Քանի՞ ջոկատ է մասնակցում աճյունների որոնման աշխատանքներին
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են


