ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանն ունի ստեղծարար և ստեղծագործական մտքի մեծ ներուժ, որը հաճախ հմտությունները բավականաչափ չկիրառելու պատճառով ամբողջությամբ չի իրագործվում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։
Այսօր` սեպտեմբերի 4–ին, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ համաձայնագիր են ստորագրել Creative Spark հնգամյա ծրագրի գործարկման մասին, որը զարգացնում է ձեռնարկատիրական հմտությունները և ստեղծարար տնտեսությունը։
«Մեզ մոտ ընդունված է մտածել, որ իսկական արվեստն անհնար է վաճառել, նյութականացնել, սակայն դա այդպես չէ։ Կարելի է մեծ ստեղծագործություն ունենալ և հաջողությամբ իրագործել այն», – ասաց Մակունցը։
Իր հերթին կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ մշակույթի և կրթության նախարարությունների առաջին և վերջին համատեղ նախաձեռնությունը չէ։
«Մենք հստակ հասկանում ենք, որ այսօր մենք մշակույթը և արվեստը տարածելու խնդիր ունեն», – ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` հաճախ մշակույթի ներկայացուցիչները հիանալի ստեղծագործություն ունեն, բայց չգիտեն ինչպես այն ճիշտ մատուցեն։ Կարևոր է այդ ամենը սովորել պրոֆեսիոնալներից, ընդգծեց Հարությունյանը։
Ծրագրի շրջանակում 7 երկրներում կստեղծվեն ստեղծարար ձեռնարկատիրության 22 կենտրոններ։ Առաջին տարին դրամաշնորհների համար կհատկացվի 50 հազար ֆունտ ստեռլինգ (մոտ 64 հազար դոլար)։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» ծրագրում ներառվել է 2021թ․-ի արտադրության «Սև Բախ Արցախ» ֆիլմը, ինչը համացանցում բացասական արձագանքի է արժանացել ադրբեջանցի օգտատերերի կողմից։ Ֆիլմը հիմնված է Արցախի բնակիչների հետ հարցազրույցի վրա։
Ադրբեջանցի օգտատերերը զայրույթով են արձագանքել ֆիլմի վերնագրին և կողմնակալ են համարել Բեռլինալեի կայքում հրապարակված նախնական սցենարը, որը ներկայացրել են ֆիլմի հեղինակները։
Ֆիլմը պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին և հիմնված է Արցախի բնակիչների հարցազրույցների վրա, որոնք նկարահանվել են դեռևս 2007թ․-ին՝ երկու պատերազմների միջև։ Ֆիլմի ռեժիսորներն են Այրին Անաստասը և Ռենե Գաբրին։
Բախի կանտատների ռիթմը կրկնող 13 ակտի բաժանված ֆիլմում բնապատկերները միահյուսված են կադրից դուրս ձայնի հետ, որն արտացոլում է պատերազմի, ինքնության և պատկանելիության բնույթը։
Բեռլինալեի կայքում ֆիլմի նկարագրությունը թուրքերի և ադրբեջանցիների կատաղի արձագանքն է առաջացրել․ նրանք այն անվանում են «քարոզչական ֆիլմ»՝ «միակողմանի պատմությամբ»։
Սկանդալ Արցախի մասին ֆիլմի շուրջ. ինչու Մոսկվայի կինոփառատոնից հանեցին «Դրախտի դարպասը»
1990-ականների Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ֆիլմում անվանում են «պայքար հանուն ազատության և ինքնորոշման», իսկ 2020թ․-ի պատերազմը՝ «Ադրբեջանի բռնապետի ներխուժում»։
Փառատոնը մերժել է ֆիլմը ծրագրից հանելու կոչերը։ Վիրտուալ ցուցադրությունից հետո արդեն ամռանը Բեռլինում ֆիլմը կցուցադրվի օֆլայն ձևաչափով:
Փառատոնի հայտարարության մեջ ասվում է, որ բոլորն անհամբերությամբ են սպասում ամռանը ֆիլմի ցուցադրմանը և պանելային քննարկմանը, որի ընթացքում բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել կառուցողական երկխոսությանը։
6 ֆիլմ` նվիրված արցախյան պատերազմին․ «Ոսկե ծիրանը» ևս կմիանա համազգային դրամահավաքին
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` գյուղեգյուղ շրջած, տարիներ շարունակ հավաքած և հիմա էլ թշնամու ձեռքից փրկած 71 գորգ է ցուցադրության հանվել։

«Եթե քանակական առումով նայենք, ապա մեր հավաքածուի 2/3-րդն ենք փրկել, սակայն որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել ենք։ Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասաց Ասծատրյանը։
Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը
Նա պատմեց, որ հոկտեմբերի 20-ին ինչպես Երևանի, այնպես էլ Արցախի մշակույթի ոլորտի պատասխանատուները զանգահարել և խորհուրդ են տվել, որ գորգերը թանգարանից տարհանեն։ Ասծատրյանը, սակայն, որոշել է մի քիչ էլ սպասել` չի ուզել թանգարանը դատարկել։ Բայց դրան հաջորդող օրերին նկատել է` ադրբեջանական զորքը մոտեցել և Քարինտակ է հասել։ Պատերազմի վերջին օրերին էլ մեծ հրթիռ է պայթել թանգարանի մոտ` կոտրելով դուռ-պատուհանը։ Հենց այդ պահին Ասծատրյանը զանգել է Արցախի մշակույթի նախարարին և խնդրել, որ մեքենա տրամադրի գորգերը տեղափոխելու համար։

Շուշիի գորգերի հավաքածուն Ասծատրյանի շնորհիվ է հավաքվել։ Նա անձամբ է շրջել տնետուն ու գնել դրանք։ «Երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, ադրբեջանցիները շրջում էին գյուղերով և հայկական հին գորգերը գնում ու տեղը նորերն էին առաջարկում։ Այդ ամենը տանում էին Բաքվի թանգարան և ցուցադրում որպես ադրբեջանական մշակույթի մի մաս։ Դա տեսնելով` հասկացա, որ փրկության միակ ձևը դրանք գնելն է։ 2000-ականներին սկսեցի գնել գորգերը»,–ասում է Ասծատրյանը։
Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն
Մարդիկ Ասծատրյանին սիրով են իրենց գորգերը վաճառել, երբ իմացել են, որ նա պատրաստվում է Շուշիում թանգարան բացել։ Ավելին, եղել են դեպքեր, որ մարդիկ պատմել են` նախկինում իրենցից ավելի բարձր գնով էլ ուզել են գորգ գնել, սակայն քանի որ իմացել են, որ այն Արցախից դուրս պետք է հանեն, չեն վաճառել։ Արդյունքում Ասծատրյանը 2011-ին Շուշիում բացել է գորգերի թանգարանը։

Ասծատրյանը հավաքածուում բավական հին գորգեր ունի` անգամ 17-րդ դարին վերագրվող։ Հիմնականում 19-րդ դարի գորգեր են, որոնք աչքի են ընկնում իրենց սիմվոլներով, և մասնագետներն առաջին իսկ հայացքից տարբերակում են, որ դրանք արցախյան գորգեր են։
Ասծատրյանն ասում է, որ յուրաքանչյուր գորգ իր պատմությունն ունի։ Արցախյան գորգերի մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Ասծատրյանն ասում է` մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

«Հիմա միակ ցանկությունս է, որ մի տարածք հատկացնեն և Երևանում թանգարան բացենք։ Այստեղ ցուցադրության ժամանակ մարդկանց մոտ ես հետաքրքրություն եմ նկատում։ Ավելին, շատերը գալիս և ասում են, որ ուզում են իրենց տոհմական գորգերը մեզ նվիրեն, որպեսզի հավաքածուն հարստանա»,–ասաց Ասծատրյանը։

Նա կարծում է, որ թանգարանը կարող է հարթակ դառնալ, որպեսզի արցախյան գորգերը գիտականորեն ուսումնասիրվեն։
Նշենք, որ Երևանում գորգերը կցուցադրվեն առաջիկա ամիսներին, իսկ ցուցադրության մուտքն ազատ է։
Արցախում մարտական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած տղաներից շատերը բուժվում են Գյումրու Վերականգնողական կենտրոնում: 87 զինծառայող պետպատվերի շրջանակներում արդեն ավարտել է վերականգնողական փուլը:

Կենտրոն դիմած տղաների վիրավորումները տարբեր են՝ հրազենային, բեկորային, այրվածքային՝ բուժումներն էլ համապատասխանաբար՝ մերսումներ, թերապևտիկ ու մարզասարքերի վարժանքներ՝ վերջույթների, ողնաշարային ֆունկցիոնալ խանգարումների ու նյարդային համակարգի գործունեության վերականգնման համար: Տղաներից շատերը, մինչև վերականգնողական փուլին անցնելը, մի քանի բարդ վիրահատություն արդեն ունեցել են: Իսկ վերականգնումը, ըստ մասնագետների, հիմնականում երկարատև գործընթաց է։
«Մեզ մոտ վերականգնողական փուլ անցած զինվորների մի մասին արդեն ճանապարհել ենք ծառայության: Եղել են տղաներ, որ երկրորդ կամ երրորդ փուլով են եկել, օրինակ՝ պրոթեզավորումից հետո: Այս պահին 42 երիտասարդ է բուժման կուրս անցնում»,-Sputnik Արմենիային տեղեկացրեց կենտրոնի տնօրեն, բժշկուհի Անահիտ Աղաջանյանը հավելելով, որ գրեթե բոլորի մոտ, ֆիզիկական վնասվածքներից բացի, հոգեբանական վնասվածքներն ավելի խորն են:

«Հոգեբանական խնդիրները շատ են, բայց փորձում ենք այնպես անել, որ ֆիզիկական կարողությունների վերականգնումից բացի նաև տղաների ժպիտը վերադարձնենք»,-նշում է բժշկուհին ընդգծելով՝ տղաներից շատերը վերականգնումից հետո ցանկություն են հայտնում շարունակել ծառայությունը: «Ապշեցնող է՝ ինչքան կամք, ինչպիսի ոգի ու հայկականություն կա մեր տղաների մեջ»,-ասում է Անահիտ Աղաջանյանը:
Սարգիս Սարգսյանը սպա է, վիրավորվել է կասետային ռումբի պայթյունից հոկտեմբերի 14-ին՝ Մատաղիսում: Առաջնային բուժումը ստացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Արդեն երկու ամիս է՝ կենտրոնում է, ու արդյունքը Սարգիսը տեսանելի է համարում:
«Բուժումը դրական արդյունք է տվել, վստահ եմ ՝ ևս 1 ամիս, ու մատներս կկարողանամ ազատ շարժել ու վերադառնալ մարտական ծառայության»,-նշում է երիտասարդը:
Մուշեղ Մարտիրոսյանը ևս սպա է, 23-ամյա երիտասարդը ծառայել է հակաօդային պաշտպանության զորքերում, վիրավորումը ստացել է պատերազմի հենց առաջին օրը՝ Մարտակերտի շրջանում: Վերականգնողական բուժման երկրորդ ամիսն է:

«Երբ նոր էի եկել, քայլել չէի կարողանում, հիմա արդեն լավ քայլում եմ: Նպատակս ամբողջովին վերականգնվելն է, որից հետո կմտածեմ, թե ինչ մասնագիտություն ընտրել. վիրավորումներիս պատճառով, ցավոք, այլևս չեմ կարող ծառայությունս շարունակել»,-ասում է երիտասարդը:
Վերականգնողական կենտրոնում բուժվողներից շատերը դժգոհում էին՝ վիրավորումների պատճառով այլևս չեն կարող վերադառնալ ծառայության, թեև իրենք իրենց գործն ավարտած չեն համարում:

«Ուզում են ինձ զորացրեն, բայց ես ինձ դեռ ոչ պիտանի չեմ համարում, ու վերականգնողական կուրսն անցնելուց հետո կկարողանամ շարունակել ծառայությունս, իմ երազանքը հիմա միայն դա է: 11 տարի ես մարտական ծառայություն եմ իրականացրել ու հիմա չեմ կարող թողնել»,-նշում է Պետրոս Հուրիխանյանը։
Հավելենք, որ Գյումրու վերականգնողական կենտրոն գալիս են զինվորական կենտրոնական հոսպիտալի հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով:



