ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Մշակույթի նախարարությունը համապատասխան օրենքի բացակայությունն օգտագործում է իր օգտին՝ բաժանելով դաշտը յուրայինների և ոչ յուրայինների: Այս կարծիքը հայտնեց երգիչ, երգահան Վահան Արծրունին «Մշակույթ-արվեստ-պետություն. պահանջարկ-առաջարկ» խորագրով հանդիպում-քննարկամը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» սրահում:
«Հիմա մշակույթի նախարարության քաղաքականությունն այս է. մենք տեսնում ենք դաշտը՝ դիտարկում այն, ինչ կա՝ մայր թատրոն, պետական թատրոններ, և այլն, մենք ստանում ենք բյուջե և բյուջեն բաշխում ենք այդ վեկտորներով: Եվ սա գործում է օրենքի բացակայության պայմաններում: Մշակույթի նախարարությունն էլ օրենքի բացակայությունն օգտագործում է իր օգտին՝ տալով գնահատականներ՝ դու ավելի մշակութային ես, դու՝ ոչ, կամ ես քեզ սիրում եմ, քեզ տալիս եմ»,-ասաց Արծրունին:
Հանդիպման մյուս մասնակիցը՝ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ընդգծեց, որ մեր մշակույթի հանդեպ պետության վերաբերմունքը սահմանափակվում է առևտրային հարաբերություններով. այն ձևակերպվում է որպես վաճառք: «Հեռախոսի երաժշտության և Վահան Արծրունու երաժշտության միջև տարբերություն չկա: Ես կարծում եմ, որ այս վերաբերմունքը պիտի փոխվի. և բացարձակ կարևոր չի, որ լինի մշակույթի նախարարություն: Երկրում կարող է մշակույթի նախարարություն չլինի, բայց լինի մշակույթ: Հիմա իրականում մշակույթ կա, տաղանդավոր մարդիկ կան: Մշակույթի նախարարությունն էլ նրանց հետ հարաբերվելու երեք ձև ունի՝ խանգարել, չխանգարել, օժանդակել: Ինձ համար լավագույնը չխանգարելն է»,-նշեց Բաբայանը:
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի դիտարկմամբ՝ անկախ պետության դերից, պետականություն ունենալ-չունենալուց՝ մշակույթ եղել է և կա. «Մշակույթ կա պետության ցանկությունից և գիտակցությունից անկախ»,- ասաց նա: Պետություն-մշակույթ հարաբե¬րութ¬յուններում, ըստ նրա, միշտ ակնհայտ է փոխադարձ շահագործման ձգտումը: «Պետությունն ուզում է մշակույթին ծառայեցնել իր նպատակներին, մշակույթը չի ուզում ծառայեցվել, այլ ուզում է պետությանն օգտագործել իր համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Եվ այս տեսանկյունից մոտենալով խնդրին՝ պետք է նշենք, որ պետք է այս մշակույթ-պետություն հարաբերությունները հասցնել նվազագույնի. երկուսն էլ շահած դուրս կգան»,-կարծում է Չարխչյանը:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հիմնադիր-անդամ Գևորգ Թադևոսյանը հակառակը՝ կարևորում է գերատեսչության աջակցությունը մշակութային գործիչներին: Նրա համոզմամբ՝ մշակույթի նախարարությունը պիտի լինի այն օգնականը, ով արվեստագետին մենակ չպիտի թողնի ստեղծագործական կյանքի սկզբում, քանի որ դա նույնն է, որ երեխային թողնենք ինքնուրույն քայլել սովորի: «Ինչքան արվեստագետներ կան, որ խեղդվում են իրենց կենցաղում, որ սոված են մնում, ու չես կարող իրենց մեղադրել, որ ինքը զբաղվում է իր կենցաղային հարցերով»,- նշեց նա:
Հանդիպման մասնակիցները համամիտ էին, որ հարկ է նախևառաջ օրենք ընդունել մշակույթի մասին՝ կարգավորելով արվեստագետ-պետություն-հանրություն հարաբերությունները:
Ու այդ օրենքը պիտի ընդունվի մշակութաբանների, երաժշտագետների, գրականագետների մասնագի¬տա¬կան գնահատականները հաշվի առնելով, որակյալ նախագծերին աջակցություն տրամադրելով:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» ծրագրում ներառվել է 2021թ․-ի արտադրության «Սև Բախ Արցախ» ֆիլմը, ինչը համացանցում բացասական արձագանքի է արժանացել ադրբեջանցի օգտատերերի կողմից։ Ֆիլմը հիմնված է Արցախի բնակիչների հետ հարցազրույցի վրա։
Ադրբեջանցի օգտատերերը զայրույթով են արձագանքել ֆիլմի վերնագրին և կողմնակալ են համարել Բեռլինալեի կայքում հրապարակված նախնական սցենարը, որը ներկայացրել են ֆիլմի հեղինակները։
Ֆիլմը պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին և հիմնված է Արցախի բնակիչների հարցազրույցների վրա, որոնք նկարահանվել են դեռևս 2007թ․-ին՝ երկու պատերազմների միջև։ Ֆիլմի ռեժիսորներն են Այրին Անաստասը և Ռենե Գաբրին։
Բախի կանտատների ռիթմը կրկնող 13 ակտի բաժանված ֆիլմում բնապատկերները միահյուսված են կադրից դուրս ձայնի հետ, որն արտացոլում է պատերազմի, ինքնության և պատկանելիության բնույթը։
Բեռլինալեի կայքում ֆիլմի նկարագրությունը թուրքերի և ադրբեջանցիների կատաղի արձագանքն է առաջացրել․ նրանք այն անվանում են «քարոզչական ֆիլմ»՝ «միակողմանի պատմությամբ»։
Սկանդալ Արցախի մասին ֆիլմի շուրջ. ինչու Մոսկվայի կինոփառատոնից հանեցին «Դրախտի դարպասը»
1990-ականների Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ֆիլմում անվանում են «պայքար հանուն ազատության և ինքնորոշման», իսկ 2020թ․-ի պատերազմը՝ «Ադրբեջանի բռնապետի ներխուժում»։
Փառատոնը մերժել է ֆիլմը ծրագրից հանելու կոչերը։ Վիրտուալ ցուցադրությունից հետո արդեն ամռանը Բեռլինում ֆիլմը կցուցադրվի օֆլայն ձևաչափով:
Փառատոնի հայտարարության մեջ ասվում է, որ բոլորն անհամբերությամբ են սպասում ամռանը ֆիլմի ցուցադրմանը և պանելային քննարկմանը, որի ընթացքում բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել կառուցողական երկխոսությանը։
6 ֆիլմ` նվիրված արցախյան պատերազմին․ «Ոսկե ծիրանը» ևս կմիանա համազգային դրամահավաքին
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` գյուղեգյուղ շրջած, տարիներ շարունակ հավաքած և հիմա էլ թշնամու ձեռքից փրկած 71 գորգ է ցուցադրության հանվել։

«Եթե քանակական առումով նայենք, ապա մեր հավաքածուի 2/3-րդն ենք փրկել, սակայն որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել ենք։ Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասաց Ասծատրյանը։
Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը
Նա պատմեց, որ հոկտեմբերի 20-ին ինչպես Երևանի, այնպես էլ Արցախի մշակույթի ոլորտի պատասխանատուները զանգահարել և խորհուրդ են տվել, որ գորգերը թանգարանից տարհանեն։ Ասծատրյանը, սակայն, որոշել է մի քիչ էլ սպասել` չի ուզել թանգարանը դատարկել։ Բայց դրան հաջորդող օրերին նկատել է` ադրբեջանական զորքը մոտեցել և Քարինտակ է հասել։ Պատերազմի վերջին օրերին էլ մեծ հրթիռ է պայթել թանգարանի մոտ` կոտրելով դուռ-պատուհանը։ Հենց այդ պահին Ասծատրյանը զանգել է Արցախի մշակույթի նախարարին և խնդրել, որ մեքենա տրամադրի գորգերը տեղափոխելու համար։

Շուշիի գորգերի հավաքածուն Ասծատրյանի շնորհիվ է հավաքվել։ Նա անձամբ է շրջել տնետուն ու գնել դրանք։ «Երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, ադրբեջանցիները շրջում էին գյուղերով և հայկական հին գորգերը գնում ու տեղը նորերն էին առաջարկում։ Այդ ամենը տանում էին Բաքվի թանգարան և ցուցադրում որպես ադրբեջանական մշակույթի մի մաս։ Դա տեսնելով` հասկացա, որ փրկության միակ ձևը դրանք գնելն է։ 2000-ականներին սկսեցի գնել գորգերը»,–ասում է Ասծատրյանը։
Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն
Մարդիկ Ասծատրյանին սիրով են իրենց գորգերը վաճառել, երբ իմացել են, որ նա պատրաստվում է Շուշիում թանգարան բացել։ Ավելին, եղել են դեպքեր, որ մարդիկ պատմել են` նախկինում իրենցից ավելի բարձր գնով էլ ուզել են գորգ գնել, սակայն քանի որ իմացել են, որ այն Արցախից դուրս պետք է հանեն, չեն վաճառել։ Արդյունքում Ասծատրյանը 2011-ին Շուշիում բացել է գորգերի թանգարանը։

Ասծատրյանը հավաքածուում բավական հին գորգեր ունի` անգամ 17-րդ դարին վերագրվող։ Հիմնականում 19-րդ դարի գորգեր են, որոնք աչքի են ընկնում իրենց սիմվոլներով, և մասնագետներն առաջին իսկ հայացքից տարբերակում են, որ դրանք արցախյան գորգեր են։
Ասծատրյանն ասում է, որ յուրաքանչյուր գորգ իր պատմությունն ունի։ Արցախյան գորգերի մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Ասծատրյանն ասում է` մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

«Հիմա միակ ցանկությունս է, որ մի տարածք հատկացնեն և Երևանում թանգարան բացենք։ Այստեղ ցուցադրության ժամանակ մարդկանց մոտ ես հետաքրքրություն եմ նկատում։ Ավելին, շատերը գալիս և ասում են, որ ուզում են իրենց տոհմական գորգերը մեզ նվիրեն, որպեսզի հավաքածուն հարստանա»,–ասաց Ասծատրյանը։

Նա կարծում է, որ թանգարանը կարող է հարթակ դառնալ, որպեսզի արցախյան գորգերը գիտականորեն ուսումնասիրվեն։
Նշենք, որ Երևանում գորգերը կցուցադրվեն առաջիկա ամիսներին, իսկ ցուցադրության մուտքն ազատ է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ այսօր` մարտի 5–ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Սպարապետը կդառնար 62 տարեկան։
«Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր ծաղիկներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին, ինչպես նաև նրա ծննդավայրում գտնվող՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանն ու հուշարձանը գտնվում են Արարատի մարզի Արարատ գյուղում։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։
Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:
Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:



