— Ապարանը իշխանական Գնթունի տոհմի նստավայրն էր, — ասում է զբոսավար Մարիամը, երբ մոտենում ենք Ապարանի բազիլիկին։
Եկեղեցու տարածքը բավականին փոքր է, բայց խնամված է ու հարմարավետ։ Մի կողմում քարե սալիկներ են շարված, որոնց մեջ հարյուրավոր տարիների պատմություն է ամփոփված։ Մարիամը պարզաբանում է` պեղումների ժամանակ հայտնաբերված այդ քարերը IV դարով են թվագրվում։
— Գնթունի իշխանական տոհմին բազում կառույցներ են վերագրում, բայց եկեղեցիների ճարտարապետությունն առանձնանում է, — շարունակում է Մարիամը, — նրանց կառուցած բազիլիկները վաղ քրիստոնեական շրջանի են, այսինքն` IV դարի։ Քասախի բազիլիկից բացի, մեկն էլ կա նախկին Զովունիում, որտեղ հիմա մեր ջրամբարն է. խոսքը Սուրբ Պողոս-Պետրոսի մասին է։ Տարին երեք-չորս ամիս ջրի տակ է մնում, հետո ջրի հանդարտվելուց հետո կրկին հայտնվում է։ Բայց մի հետաքրքիր փաստ կա. որքան էլ ջուրը վարարում է, եկեղեցու խաչը երբեք չի փակվում։

Բազիլիկի արտաքին տեսքն ընդհանուր առմամբ անսովոր է, բայց Գնթունիների ճարտարապետության մեջ` շատ տարածված։ Քասախի եկեղեցին կոչվում է նաև Սուրբ Խաչ, ընդ որում` անվանումը պատահական չէ։ Մարիամը պատմում է, որ եկեղեցու հիմքում Քրիստոսի Խաչի տաշեղն է թաղված։
Մոտենում ենք տաճարի գլխավոր մուտքին։ Վերևում գեղեցիկ հարթաքանդակ կա։
— Սա Գնթունիների իշխանական զինանշանն է` ցատկելու պատրաստ երկու եղնիկ, մեջտեղում` հավասարաթև խաչ, պատկերված է նաև խաղողի վազ ու ուռենի, որը կենաց ծառն է խորհրդանշում, — ասում է մեր զբոսավարը։
Հեծանիվով տուն և եկեղեցի. Գարեգին Բ–ի եղբայրը հեծանիվով է գնում եկեղեցի. լուսանկար
Այստեղ հայտնի հնագետներ են պեղումներ իրականացրել, նրանց թվում է եղել նաև Թորոս Թորամանյանը։ 1900-ականներին առաջին անգամ եկեղեցին ու շինության տարածքը ուսումնասիրելուց հետո նա եզրահանգեց, որ եկեղեցին կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքի վրա։ Ավելի ուշ այդ միտքը հաստատեց նրա աշակերտ Ալեքսանդր Սաղինյանը։

— Պեղումների ժամանակ գտել են Անտիոք VII (որն իշխել է մ.թ.ա. 192-ց 129 թվականներին) սելևկյան արքայի տետրադրախման (մետաղադրամ)։ Դա վկայում է, որ Ապարանը շատ հին բնակավայր է, եթե այդ թվականներին հեթանոսական տաճար է կառուցվել։
Հատկանշական է, որ IV դարում բազիլիկան եզակի կառույց չի եղել. այստեղ վանական համալիր է եղել, կենտրոնը` Սուրբ Խաչ եկեղեցին։ Հենց Ապարանի բազիլիկի հոգևոր ճեմարանն է դարձել Սանահինի հայտնի Մագիստրոսի Ճեմարանի նախատիպը։ Ցավոք, այն չի պահպանվել։ Վանական համալիրը կազմված է եղել երկու միանավ բազիլիկներից, ճեմարանից ու կենտրոնական եռանավ բազիլիկից։
Ինչպե՞ս է սյան վրա հայտնվել Աստվածամոր պատկերը
Քասախի բազիլիկը Հայաստանի առաջին քրիստոնեական եկեղեցիներից է։
Կրակոցների տակ ապրող հավատքը. Չինարիի եկեղեցին` հայ–ադրբեջանական պայքարի լուռ վկան է
— Ասում են` երբ քրիստոնեությունը երկրում պաշտոնական կրոն հռչակվեց, Մայր Աթոռ Էջմիածնից հետո այս տաճարն է կառուցվել, բայց այդ փաստը հաստատված չէ։
Սուրբ Խաչ եկեղեցի մտնելիս առանձնահատուկ զգացողություն ես ունենում։ Մարիամը ցույց է տալիս սյուներից մեկը, որի վրա մի փոքր ավելի մուգ ֆոնով հստակ առանձնանում էր երկար զգեստով կնոջ պատկերը, գլխավերևում` լուսապսակ։

— Սա Աստվածամոր պատկերն է, — պարզաբանում է զբոսավարը։ Մինչև 2005 թվականն այն չկար։ Մի գիշերվա մեջ է հայտնվել։ Առավոտյան քահանաներն են հայտնաբերել։
Թեև պատմությունն անհավանական է թվում, բայց հին տաճարի սյան վրա Աստվածամոր պատկերի վերաբերյալ այլ վարկածներ չկան։ Հետաքրքիր է, որ ապարանցիները ոչ բոլորին են պատմում այս մասին։
Յուրաքանչյուր կիրակի Ապարանի հավատացյալները մասնակցում են Սուրբ պատարագին։ Սուրբ Խաչը գրեթե միշտ ընդունել է ծխականներին, նույնիսկ աթեիստական ԽՍՀՄ-ի ժամանակ, թեև այն ժամանակ եկեղեցին ախոռի էր վերածվել։ Թեև պաշտոնապես արգելվում էր ժամերգություններ անցկացնել, տեղացիները հավաքվում էին այստեղ ու նույնիսկ կմկրտություն կազմակերպում։
Քասախի բազիլիկը վերջնականապես վերականգնվել է տեղացիների ուժերով 2000-ականներին։ Աշխատանքներն իրականացրել են ապարանցի ճարտարապետ Հայկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ 2002 թվականին կառույցն օծվել է ու սկսել պաշտոնապես գործել։ Պեղումների ժամանակ գտած քարերից շատերը հաջողվել է օգտագործել եկեղեցու վերականգնման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։
«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։ «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» ծրագրում ներառվել է 2021թ․-ի արտադրության «Սև Բախ Արցախ» ֆիլմը, ինչը համացանցում բացասական արձագանքի է արժանացել ադրբեջանցի օգտատերերի կողմից։ Ֆիլմը հիմնված է Արցախի բնակիչների հետ հարցազրույցի վրա։
Ադրբեջանցի օգտատերերը զայրույթով են արձագանքել ֆիլմի վերնագրին և կողմնակալ են համարել Բեռլինալեի կայքում հրապարակված նախնական սցենարը, որը ներկայացրել են ֆիլմի հեղինակները։
Ֆիլմը պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին և հիմնված է Արցախի բնակիչների հարցազրույցների վրա, որոնք նկարահանվել են դեռևս 2007թ․-ին՝ երկու պատերազմների միջև։ Ֆիլմի ռեժիսորներն են Այրին Անաստասը և Ռենե Գաբրին։
Բախի կանտատների ռիթմը կրկնող 13 ակտի բաժանված ֆիլմում բնապատկերները միահյուսված են կադրից դուրս ձայնի հետ, որն արտացոլում է պատերազմի, ինքնության և պատկանելիության բնույթը։
Բեռլինալեի կայքում ֆիլմի նկարագրությունը թուրքերի և ադրբեջանցիների կատաղի արձագանքն է առաջացրել․ նրանք այն անվանում են «քարոզչական ֆիլմ»՝ «միակողմանի պատմությամբ»։
Սկանդալ Արցախի մասին ֆիլմի շուրջ. ինչու Մոսկվայի կինոփառատոնից հանեցին «Դրախտի դարպասը»
1990-ականների Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ֆիլմում անվանում են «պայքար հանուն ազատության և ինքնորոշման», իսկ 2020թ․-ի պատերազմը՝ «Ադրբեջանի բռնապետի ներխուժում»։
Փառատոնը մերժել է ֆիլմը ծրագրից հանելու կոչերը։ Վիրտուալ ցուցադրությունից հետո արդեն ամռանը Բեռլինում ֆիլմը կցուցադրվի օֆլայն ձևաչափով:
Փառատոնի հայտարարության մեջ ասվում է, որ բոլորն անհամբերությամբ են սպասում ամռանը ֆիլմի ցուցադրմանը և պանելային քննարկմանը, որի ընթացքում բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել կառուցողական երկխոսությանը։
6 ֆիլմ` նվիրված արցախյան պատերազմին․ «Ոսկե ծիրանը» ևս կմիանա համազգային դրամահավաքին
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Այսօր հեռավար կարգով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Նիստի օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ընդգրկվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Առաջարկն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի:
Հիշեցնենք` դեկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերանայել Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհներից օգտվող երկրների ցանկը։ Նա նշել էր, որ արտոնությունները ստանում են զարգացող և առավել թույլ զարգացած երկրները, բայց այդ ցուցակում ընդգրկված է նաև Թուրքիան, որին մաքսային արտոնություններ են տրամադրում մի շարք ապրանքների համար։
Նշենք, որ արտոնություններից օգտվող երկրների ցանկը հաստատվել է 2009 թվականին Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ։



