Երևանից մինչև Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղ կարելի է հասնել 2.5 ժամում։
Գյուղի ժամատան վերականգնման աշխատանքների արդյունքում այստեղ մի քանի շաբաթ առաջ հայտնաբերած խաչքարերն ու տապանաքարերը պետք է սեփական աչքերով տեսնել։ Հնագետներն այստեղ դեռ չեն եկել, ինչ-որ բանի են սպասում։ Իսկ մենք սպասել չէինք կարող։
Բացառիկ գտածոների հետ կապված պատմությունը մեզ խոստացավ պատմել քրդագետ Կարեն Հովհաննիսյանը, որի ծնողները ծնունդով Ներքին Գետաշենից են։ Կարենի հետ պայմանավորվեցինք հանդիպել հենց գյուղում։
Արդեն առավոտից անգործ գյուղացիների մի փոքր բազմություն էր հավաքվել ժամատան տարածքում։ Մայրաքաղաքի պետհամարանիշներով ամենագնացը տեսնելով` նրանք մի փոքր մտահոգվեցին։
— Դուք եկել եք, որ մեր խաչքարերը վերջապես ուսումնասիրե՞ք, — լսեցինք միանգամից մի քանի կողմից (հավանաբար այստեղ վաղուց են սպասում հնագետներին)։
— Ոչ, մասնագետները դեռ նախարարության թույլտվությանն են սպասում։ Խոստացել են շուտով զբաղվել ձեր գտածոներով, — փորձեցի սպառիչ պատասխան տալ ես։
— Իսկ դուք ովքե՞ր եք։
— Մենք լրագրողներ ենք, ուզում ենք աշխարհին պատմել ձեր գյուղի գանձերի մասին։
— Հաա… լրագրողներ…, — բազմանշանակ ասաց ինչ-որ մեկը։
— Աղջիկ ջան, եթե լրագրողներ եք, այդ ճանապարհն էլ նկարեք, տեսեք` ինչ վատ վիճակում է։ Ոչ ոք չի պատրաստվում նորոգել, — անմիջապես ավելացրեց հաստ բեղերով պապիկը։
Այդ պահին մեքենայով մոտեցավ Կարենը։ Կարճ ողջույնից հետո անմիջապես գործի անցանք. Կարենը շատ հետաքրքիր էքսկուրսավար էր։
Մոտ 300 հնագույն խաչքարերն ու տապանաքարերը պատահաբար հայտնաբերելու պատմությունը հոլիվուդյան սցենարի է արժանի, բայց նախքան դրան անդրադառնալը մի քանի խոսք ասենք արտասովոր ճակատագիր ունեցող գյուղի մասին։
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենը Արգիճի գետի ափին է։ Նախկինում գյուղը կոչվել է Կոթ և եղել է Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը: IX դարում Գեղարքունիքի կառավարիչը Աշոտ I Բագրատունու թոռն էր` Գրիգոր Սուպան II-ը (մոտավորապես 859-912/913 թթ.)։ Հենց նա է կառուցել հիանալի Կոթավանք եկեղեցին։ Գյուղը, ինչպես և բուն վանքը, շատ է տուժել թուրքական ցեղերի հարձակումներից։ Հայտնի է, որ XVI-XIX դարերում այս տարածքում հիմնականում քրդական ցեղեր են ապրել։ Սակայն արդեն 19-րդ դարի սկզբին այստեղ հաստատվել են Ալաշկերտի հայերը (Արևմտյան Հայաստան, ժամանակակից Թուրքիայի տարածք)։
Գաղթականները, տեսնելով, որ գյուղում գործող եկեղեցի չկա (Կոթավանքը վերականգնվել ու սկսել է գործել միայն մի քանի տարի առաջ), որոշել են փոքրիկ ժամատուն կառուցել։
— Այստեղ, — խաչքարներով պատված տարածքն է ցույց տալիս անում Կարենը, — ժամատուն կարմ, որը 1830-ականներին էր կառուցվել։ Երբ մեր նախապապերը եկան Ալաշկերտից, որոշեցին սրբատեղի կառուցել, որպեսզի մոմ վառելու և աղոթելու տեղ ունենան։ Որևէ մեկն այդ փայտե տանիք ունեցող շինությունը պատմամշակութային արժեք չէր համարում։
Ժամատունը գործել է մինչև 1930-ականները։ Խորհրդային տարիներին, ինչպես մի շարք այլ վանքեր, այն որպես պահեստ են օգտագործել։
— Կիսավեր վիճակում էր, և բարերարը որոշեց նորը կառուցել։
Խոսքը ռուսաստանցի բարերարի մասին է (անունը չեն նշում), որը ծնունդով Ներքին Գետաշենից է։ Նա վաղուց է ուզել վերականգնել հարազատ գյուղի կիսավեր ժամատունը։
— Երբ բոլոր անհրաժեշտ թույլտվությունները ստացավ, և մոտ մեկ ամիս առաջ սկսվեց շինարարությունը, հանկարծ պարզվեց, որ այդ պարզունակ ժամատունի պատերը հնագույն խաչքարերից է կառուցված։ Ավելի ուշ արդեն հողի տակից խաչքարների և բացառիկ տապանաքարերի մի ամբողջ շերտ ի հայտ եկավ, — ոգևորությամբ պատմում է Կարենը։
Շինարարության տարածքում շարքերով սալիկներ են շարված, որոնց թվում բավական հազվագյուտ ժայռախաչքարեր կան։ Իմ զրուցակցի խոսքով, շուրջ 270 նմուշ է հայտնաբերվել։
— Մի քանի նմուշ լուսանկարեցի և ուղարկեցի մասնագետներին։ Այս պարզունակները թվագրվում են V-VII դարերով։ Տեսնո՞ւմ եք` բավականին պարզ տեսք ունեն։ Իսկ այստեղ արդեն ասեղնագործ խաչքարերն են, որոնք ավելի կատարյալ տեխնիկա ունեն։ Դրանց վրա կարող ենք տեսնել «XIV-XV դարեր» գրությունը։
— Ստացվում է, որ այս հարուստ հավաքածուի գոյության մասին ոչ ոք ոչինչ չգիտե՞ր։
— Այո, դրանց մասին հիշատակումներ չկան պատմական աղբյուրներում։ 1908 թվականին Լալայանցը բավականին լուրջ ուսումնասիրել է գյուղը, բայց մի բառ անգամ չի գրել խաչքարերի մասին։ Այսինքն, այդ տարածքը երբեք չի ուսումնասիրվել, և այդ քարե սալիկների մասին ոչ ոք ոչինչ չգիտեր։
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում թագով ու ձեռքերը կրծքներին խաչած կանանց և տղամարդկանց պատկերներով տապանաքարերը։ Կասկած չկա, որ ժամանակին այստեղ թագավորական կամ իշխանական գերեզմանոց է եղել։
— Չէ՞ որ այս գյուղը ժամանակին Գեղարքունիքի իշխանների նստավայրն է եղել։ Կոթ գյուղի հիմնումը կապված է Գրիգոր Սուպան II իշխանի անվան հետ, — նշում է զրուցակիցս։ — Սա շատ հետաքրքիր վայր է, որը գտնվում է մետաքսի ճանապարհի խաչմերուկում։ Այն պատմականորեն կարևոր առևտրային հանգույց էր, և կարծում եմ, որ այստեղ ուսումնասիրելու շատ հետաքրքիր բաներ կան։
Մինչև Կարենը պատմում էր գյուղի պատմությունը, մեզ մի երիտասարդ տղա մոտեցավ։
— Այնտեղ նաև քար կա, որի վրա ձկան պոչով աղջիկ է պատկերված, — ասաց նա։
Մենք գնացինք նրա հետևից։ Իսկապես, ճանապարհի մյուս կողմում քարեր կային, որոնց վրա կենդանիներ և թռչուններ էին պատկերված։ Որոշ պատկերներ շատ լավ են պահպանվել, և սալիկներից մեկի վրա պարզ երևում է ջրահարսը։ Անկասկած, այդ նմուշները նախաքրիստոնեական դարաշրջանին են պատկանում։ Ինչպես ավելի ուշ պատմեց մեզ Կարենը, դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում այստեղ ջրի պաշտամունք է եղել։
Նա համոզված է, որ սա դեռ սկիզբն է, և պեղումները կարող են ավելի լուրջ բացահայտումների հանգեցնել։
— Չի բացառվում, որ ժամանակին այստեղ ժայռափոր վանք է եղել։ Այսինքն կարծում եմ` մինչև XII-XIII դարն այստեղ այսպես, թե այնպես գործող վանք է եղել կամ դրա նման որևէ բան, որի հիմքի վրա մեր նախապապերը ժամատուն են կառուցել։

Իսկ թե իրականում ինչ է եղել այդ տարածքում, կարող են ասել միայն մասնագետներն ուսումնասիրելուց հետո։ Իսկ մենք պարզապես ուզում ենք հիշել, որ Ներքին Գետաշենից քիչ հեռու խաչքարերի գերեզմանով հայտնի Նորատուս գյուղն է։ Այդ գերեզմանոցն ամենամեծն է համարվում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում (այն բանից հետո, երբ Ադրբեջանի կառավարությունը ոչնչացրեց Ջուղայի խաչքարների գերեզմանը)։
Ինչ վերաբերում է Ներքին Գետաշեն գյուղին, ապա այստեղ հսկայական թվով խաչքարեր կան։ Ասում են, որ նման քար, առանց բացառության, կա յուրաքանչյուր տանը։ Ով գիտե, գուցե այս վայրը կկարողանա գերազանցել Նորատուսի ռեկորդը։ Այսպես, թե այնպես, Sputnik Արմենիան ուշադիր հետևելու է նորություններին և իր ընթերողին է ներկայացնելու բոլոր մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` գյուղեգյուղ շրջած, տարիներ շարունակ հավաքած և հիմա էլ թշնամու ձեռքից փրկած 71 գորգ է ցուցադրության հանվել։

«Եթե քանակական առումով նայենք, ապա մեր հավաքածուի 2/3-րդն ենք փրկել, սակայն որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել ենք։ Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասաց Ասծատրյանը։
Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը
Նա պատմեց, որ հոկտեմբերի 20-ին ինչպես Երևանի, այնպես էլ Արցախի մշակույթի ոլորտի պատասխանատուները զանգահարել և խորհուրդ են տվել, որ գորգերը թանգարանից տարհանեն։ Ասծատրյանը, սակայն, որոշել է մի քիչ էլ սպասել` չի ուզել թանգարանը դատարկել։ Բայց դրան հաջորդող օրերին նկատել է` ադրբեջանական զորքը մոտեցել և Քարինտակ է հասել։ Պատերազմի վերջին օրերին էլ մեծ հրթիռ է պայթել թանգարանի մոտ` կոտրելով դուռ-պատուհանը։ Հենց այդ պահին Ասծատրյանը զանգել է Արցախի մշակույթի նախարարին և խնդրել, որ մեքենա տրամադրի գորգերը տեղափոխելու համար։

Շուշիի գորգերի հավաքածուն Ասծատրյանի շնորհիվ է հավաքվել։ Նա անձամբ է շրջել տնետուն ու գնել դրանք։ «Երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, ադրբեջանցիները շրջում էին գյուղերով և հայկական հին գորգերը գնում ու տեղը նորերն էին առաջարկում։ Այդ ամենը տանում էին Բաքվի թանգարան և ցուցադրում որպես ադրբեջանական մշակույթի մի մաս։ Դա տեսնելով` հասկացա, որ փրկության միակ ձևը դրանք գնելն է։ 2000-ականներին սկսեցի գնել գորգերը»,–ասում է Ասծատրյանը։
Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն
Մարդիկ Ասծատրյանին սիրով են իրենց գորգերը վաճառել, երբ իմացել են, որ նա պատրաստվում է Շուշիում թանգարան բացել։ Ավելին, եղել են դեպքեր, որ մարդիկ պատմել են` նախկինում իրենցից ավելի բարձր գնով էլ ուզել են գորգ գնել, սակայն քանի որ իմացել են, որ այն Արցախից դուրս պետք է հանեն, չեն վաճառել։ Արդյունքում Ասծատրյանը 2011-ին Շուշիում բացել է գորգերի թանգարանը։

Ասծատրյանը հավաքածուում բավական հին գորգեր ունի` անգամ 17-րդ դարին վերագրվող։ Հիմնականում 19-րդ դարի գորգեր են, որոնք աչքի են ընկնում իրենց սիմվոլներով, և մասնագետներն առաջին իսկ հայացքից տարբերակում են, որ դրանք արցախյան գորգեր են։
Ասծատրյանն ասում է, որ յուրաքանչյուր գորգ իր պատմությունն ունի։ Արցախյան գորգերի մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Ասծատրյանն ասում է` մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

«Հիմա միակ ցանկությունս է, որ մի տարածք հատկացնեն և Երևանում թանգարան բացենք։ Այստեղ ցուցադրության ժամանակ մարդկանց մոտ ես հետաքրքրություն եմ նկատում։ Ավելին, շատերը գալիս և ասում են, որ ուզում են իրենց տոհմական գորգերը մեզ նվիրեն, որպեսզի հավաքածուն հարստանա»,–ասաց Ասծատրյանը։

Նա կարծում է, որ թանգարանը կարող է հարթակ դառնալ, որպեսզի արցախյան գորգերը գիտականորեն ուսումնասիրվեն։
Նշենք, որ Երևանում գորգերը կցուցադրվեն առաջիկա ամիսներին, իսկ ցուցադրության մուտքն ազատ է։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի -Sputnik, Կարեն Ավետիսյան. Համավարակի օրերին անխափան գործող մշակութային ինստիտուտներից էին համաշխարհային արվեստի միջազգային աճուրդները, որոնք բարեհաջող հարմարվեցին հեռահար խաղի կանոններին և շարունակում են անխափան ծավալել իրենց գործունեությունը։
Կարևոր է հասկանալ, որ առցանց ձևաչափը նոր չէ այս ոլորտում, այն զարգացած և տարածված էր դեռ 2000–ականներից ի վեր, երբ Սոդբիսը, Բոնհեմսը, Քրիստիսը և մի շարք այլ աճուրդային տներ աճուրդներն անցկացնում էին օնլայն։
«Աճուրներն ունեն հաճախորդների, գնորդների հանրություն, որի համար թիվ մեկ նախապայմանը` երաշխիքներ ունենալն է. դա նաև օնլայն վաճառքի առաջին կարևորագույն գործոնն է», – մեզ հետ զրույցում ասում է «ԱԱԱուկցիոն» աճուրդային տան տնօրեն Աննա Գրիգորյանը։
Հայաստանն ունի ճանաչման խնդիր` չունենալով աճուրդների անցկացման փորձ դեռ խորհրդային տարիներից։ Ու չնայած Ռուսաստանը հաջողեց համեմատաբար զարգացնել այդ բացը, հետխորհրդային մյուս երկրներում այն շարունակվեց մնալ չլրացված։
«Հարցը հայ արվեստը կամ արվեստագետները չեն, տաղանդի հարց էլ չկա։ Խնդիրը ճանաչման մեջ է և երկրորդ փաստն այն է, որ ոչ մի ինստիտուտ չկա, որ զբաղվի դրանով։ Եթե նայենք Կատարի, Սաուդիան Արաբիայի կամ Արաբական Միացյալ Էմիրությունների փորձը, կտեսնենք, որ չնայած մեծ մշակույթ չունեն, բայց անցկացնում են աճուրդներ, էքսպոներ, որովհետև պետական ռեսուրսներ են դրվում ոլորտի զարգացման համար»,–ասում է նա։

Խոսելով առանձին արվեստագետների մասին` Գրիգորյանը առանձնացրեց Երվանդ Քոչարին, Մարտիրոս Սարյանին, ֆրանսահայ նկարչներին` Ժան Գառզուին (Գառնիկ Զուլումյան), Լևոն Թութունջյանին, Ժանսեմին (Հովհաննես Սեմերջյան`վերջինս նաև հատկապես սիրված է ճապոնական աճուրդներում), սակայն նշեց, որ նրանք հայտնվում են միջազգային աճուրդներում հիմնականում ֆրանսիացի կամ ֆրանսահայ դիլերների շնորհիվ։
Աճուրդներում հնարամիտ ու ճարպիկ միջնորդ լինելու համար պարտադիր չէ լինել նկարիչ. Միրզոյան
«Ինչ վերաբերում է ժամանակակից արվեստագետներին, ապա շատ- շատերը իրենց նկարներն իրենց իսկ ուժերով են ներկայացնում որոշ միջազգային աճուրդներում, կամ ավելի շուտ` առցացանց պատկերասրահներում։ Որքանով են վաճառվում` դժվարանում եմ ասել, բայց նաև կարևոր եմ համարում բարձրաձայնել այն փաստը, որ մենք մինչ օրս չունենք բանկային համակարգ, որը կհամագործակցի PayPal-ի հետ, ինչը նշանակում է, որ չունենք երաշխիքներ արտասահմանյան գնորդների համար։ Չիմանալով Հայաստանը որտեղ է գտնվում` պոտենցիալ գնորդն անգամ ցանկության դեպքում ընկնում է կասկածների և անվստահության գիրկը»,–ասում է Գրիգորյանը։
Հիշելով ոչ վաղ անցյալում Հայաստանում անցկացված աճուրդը` Գրիգորյանն առանձնացնում է Լևոն Թութունջյանի «Դեղին դիմակը», որը վաճառվեց մոտ 300 000 դոլարով։
«Սա անկասկած հաջողություն էր, բայց այդ ամենը մեծ ծախս է ` գովազդ, կատալոգ, միջազգային PR և այլն։ Ամեն բան կախված է մեծ ներդրումներից, որոնք, ցավոք սրտի, չկան»,–ընդգծում է նա։
Արվեստաբան, Գաֆեսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների տնօրեն Արմեն Եսայանցը չի համարում, որ անհրաժեշտ է մեծ կարևորություն տալ և ինքնանպատակ համարել հայկական արվեստի ամեն գնով ներկայությունը միջազգային աճուրդներում, քանի որ այլ շուկաների համեմատ, աճուրդները բավականին փոքր ու սահմանափակ են, դրանք ավելի շատ կոլեկցիոներների համար են։ Իսկ հայկական արվեստը մեծ հաջողություններ չի գրանցում` որպես հենց «հայկական»։ Հիմնականում, եթե լինում են հայ նկարիչների գործեր, դրանք ընդգրկվում են ընդհանուր շարքի մեջ, օրինակ, ռուսական արվեստի, ինչպես Սարյանն ու Այվազովսկին։
«Չնայած երբեմն լինում են առանձին դեպքեր, օրինակ` ինքս 2019–ի աշնանը մասնակցել եմ Սոդբիսի նախագծին, որը նվիրված էր Միջին Արևելքի արվեստին, սակայն կատալոգում կար առանձին բաժին, որտեղ ներկայացված էին միջինարևելյան հայ արվեստագետները` Մարկոս Գրիգորյանը կամ Սոնյա Բալասանյանը, Տիգրան Դադերյանը, Փոլ Կիրակոսյանը։ Եթե խոսենք ժամանակակից արվեստի մասին, ապա կրկին շատ քիչ անուններ կային նույն Սոդբիսում` Սոնյա Բալասանյանի ստեղծագործությունը, բայց կրկին` Միջին Արևելքի բաժնում», – նկատեց Եսայանցը` ավելացնելով, որ երբեմն նաև հանդիպում են նմուշներ միջնադարի արհեստավորներից` ձեռագրեր, արծաթագործ իրեր, եկեղեցական կահ–կարասի և այլն։
Արվեստաբանի հավաստմամբ` չի կարող միանգամից մի արվեստագետ առանց ընդհանուր պատմության հայտնվել մեծ աճուրդում։ Սկզբում անհրաժեշտ է ներթափանցել մեծ շուկա, որպեսզի հետո հերթը հասնի աճուրդներին։

Եսայանցի կարծիքով` պետական քաղաքականությունը նախևառաջ պետք է ուղղված լինի այն արվեստագետներին, որոնք աշխատում և ստեղծագործում են Հայաստանում։ Պետք է ստեղծվի այնպիսի դաշտ, որտեղ հնարավոր կլինի ազատ ստեղծագործել, վաճառել, հայտնվել կոլեկցիաներում, պատկերասրահներում, իսկ աճուրդներն արդեն կլինեն այդ ամենի արդյունքը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և համակարգային խնդիրներ բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը:
Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝
Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես՝
Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։



