Սերգեյ Դովլաթյան

«Դովլաթով» ֆիլմը ռեկորդ է սահմանել Ալեքսեյ Գերման-կրտսերի ֆիլմերի շարքում

56
(Թարմացված է 00:49 07.04.2018)
Ֆիլմի նկարահանման համար ֆինանսական միջոցներ խումբը ամենատարբեր աղբյուրներից է ձեռք բերել։ Այդ թվում արտասահմանյան ներդրումներ են եղել, Ռուսաստանի մշակույթի նախարարության կողմից հատկացրած դրամաշնորհներ։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. «Դովլաթով» ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերը դեռ չի շտապում խոսել ֆիլմի ֆինանսական հաջողության մասին, սակայն կինոն արդեն ռեկորդ է սահմանել հեղինակի մյուս ֆիլմերի թվում։ Այդ մասին գրում է 78.ru-ն։

«Մենք, իհարկե, ինչ-որ բան կվաստակենք, սակայն դեռ ոչինչ չգիտենք։ Ֆիլմը ցուցադրելու են Չինաստանում, շուտով կցուցադրեն նաև Իրանում», — նշել է նա։

Ալեքսեյ Գերման-կրտսերն ասել է, որ ի սկզբանե նրանք մտածում էին քրաուդֆանդինգի մասին, սակայն հետագայում չդիմեցին դրան։

Ռեժիսորը նշել է, որ ֆիլմի նկարահանման համար խումբը տարբեր աղբյուրներից է ֆինանսներ ստացել։ Այդ թվում արտասահմանյան ներդրումներ են եղել, Ռուսաստանի մշակույթի նախարարության կողմից հատկացված դրամաշնորհներ, նախագծին աջակցել է Առաջին ալիքը և նույնիսկ ապագա հանդիսատեսը։

«Մենք մտածում էինք քրաուդֆանդինգի մասին, նման պահ եղել է։ Սակայն ի վերջո գործը գլուխ եկավ առանց դրա, թեև այն մեզ որոշ չափով օգնեց։ Եթե մենք ցանկանում ենք պատմական ֆիլմ նկարահանել, այն ամեն դեպքում ինչ-որ արժեք ունի։ Քրաուդֆանդինգն այս դեպքում կարող է չօգնել։ Այն առավելագունը 15% եկամուտ կբերի», — ասել է Գերման-կրտսերը։

Նա խոստովանել է, որ այժմ դժվար է լավ կինո նկարահանել, եթե այն ռոմանտիկ կատակերգություն կամ ձեռքբերումների մասին ֆիլմ չէ։ Բացի այդ, ռեժիսորը նկատել է, որ վերջին տարիներին ֆիլմի կոմերցիոն հաջողությունն ավելի կարևոր է դառնում։

«Ռոմանտիկ կապիտալիզմի դարաշրջանն ավարտվեց։ Տարեցտարի դժվար է լինում այնպիսի ֆիլմ նկարահանել, որն անմիջապես արձագանք չէ ունենում։ Այդ պատճառով էլ ռոմանտիկ կատակերգություններն այդքան շատ են», — ասել է նա։

«Դովլաթով» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Բեռլինի կինոփառատոնին։ Այնտեղ ֆիլմը երկու մրցանակի է արժանացել։ Իսկ Ռուսաստանի կինովարձույթում այն հայտնվել է մարտի 1-ին։

Ֆիլմի սյուժեն գրող Սերգեյ Դովլաթովի կյանքի մասին է, ավելի ստույգ` նրա կյանքից 4 օր է նկարագրում։ Ֆիլմի գործողությունները պատմում են 1971 թվականի նոյեմբերի սկզբին Դովլաթովի ընկերոջ` Իոսիֆ Բրոդսկու արտագաղթի նախօրեին Լենինգրադում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Դովլաթովի դերը մարմնավորել է սերբ դերասան Միլան Մարիչը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Արթուր Բեսչաստնին (Բրոդսկու դերում), Ելենա Լյադովան, Դանիլա Կոզլովսկին և Սվետլանա Խոդչենկովան։

Ֆիլմում ցուցադրվել են նաև քրեական աշխարհի հետ բախումների դրվագներ, ինչպես նաև Լենինգրադի աշխարհիկ և գրական կյանքը և «Լենֆիլմ» կինոստուդիան։

56