Հնավայր. արխիվ

Ովքե՞ր են աշխարհի ամենահին բնիկները. Արմավիրի մարզում հայտնաբերվել է հնագույն բնակատեղին

1149
(Թարմացված է 17:53 12.01.2018)
Հայտնաբերվել են անգամ քարե աղորիքի մնացորդներ։ Իսկ դա վկայում է, որ այդ վայրում ալյուր են աղացել։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. 2017թ-ին Հայաստանի արժեքավոր և կարևոր հնագիտական բացահայտումը եղավ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի հարևանությամբ «Լեռնագոգ 1» անվամբ հնավայրում հայտնաբերված բնակատեղին, որը թվագրվում է մ.թ.ա. 8-րդ հազարամյակի վերջով, 7-րդ հազարամյակի սկզբով: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։ Մինչ այդ բացահայտված բնակատեղիներից հնագույները (Ակնաշեն գյուղի մոտ) թվագրվում են մ.թ.ա. VI հազարամյակի առաջին քառորդով:

Դեռևս հետազոտվել է բնակատեղիի 25 քառակուսի մետրը։ Բայց այդ փոքր հատվածում արդեն քարե աղորիքի մնացորդներ են հայտնաբերվել։ Իսկ եթե այդտեղ ցորեն են աղացել, նշանակում է` տեղաբնակները նստակյաց են եղել և կենցաղավարությամբ զբաղվել։

Գտածոն գիտնականների համար կարևոր է ոչ թե քաղաքական իրարանցում առաջացնելու, այլ գիտական առումով. նրանց հետաքրքրում է Արարատյան հովտի պատմությունը՝ մ.թ.ա. X —ից VI հազարամյակների ընթացքում։ Տևական ժամանակ ժամանակագրության այդ մասը բաց էր մնացել՝ համապատասխան տեղեկություններ չլինելու պատճառով, բայց այժմ նման բացահայտումների շնորհիվ այն լրացվում է: Ժամանակին այս գտածոյի նման բնակատեղիներ են հայտնաբերվել Արաքսից հարավ ընկած բնակավայրերում, որոնք գտնվում են այժմյան Թուրքիայի և Սիրիայի տարածքներում:

Բնակատեղին աչքի է ընկնում կավե ճարտարապետության վաղ ձևերով` պատված լինելով չթրծված կավի շերտերով, որոնք շարվել են մեկը մյուսի վրա։ Իսկ ո՞վքեր և ինչպե՞ս են այնտեղ բնակվել։

Դժվար թե այն ժամանակներում սոցիալական շերտավորումներ լինեին, և հարուստներն ու աղքատներն առանձին կացարաններ ունենային։ Այդ ժամանակ նաև տաճարներ չեն եղել։ Ըստ Ավետիսյանի՝ դրանք ընդհանրապես բնորոշ չեն Հայկական լեռնաշխարհում այն ժամանակ տարածված Քուռ-արաքսյան մշակույթին` ի տարբերություն շումերականի։ Ծեսերը կարող էին կատարել հենց կացարանների մոտ կամ բնակատեղիներից հեռու։ Ոգեպաշտամունքի առարկա կարող էր լինել բնությունը՝ իր տարբեր դրսևորումներով:

Ինչպես նշեց Տոկաիի համալսարանի (Ճապոնիա) դոկտոր Մակոտո Արիմուրան՝ գտածոների վայրից հայտնաբերած 12 նմուշների ռադիոածխածնային հետազոտությունն անցկացվել է արտասահմանյան գործընկերների աջակցությամբ։ Եվ հենց այդ նմուշների ուսումնասիրման շնորհիվ հաջողվել է բավական ստույգ սահմանել բնակավայրի թվագրությունը։

Այս տարի պեղումները և հետազոտությունները կշարունակվեն։ Իսկ եթե մարդկանց աճյուններ հայտնաբերվեն, կուսումնասիրվի դրանց ԴՆԹ-ն։ Բույսերի ծաղկափոշու բաղադրության ուսումնասիրության միջոցով էլ հնարավոր կլինի որոշակի ենթադրություններ անել այն ժամանակների եղանակային պայմանների մասին։

 

1149