ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում և մարզերում: Կարապի լճի տարածքում, Երևանի պուրակներում, ինչպես նաև մշակութային դահլիճներում կկազմակերպվեն բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ, վարպետության դասեր. «առանց տոմսի» ձևաչափով միջոցառումները կդառնան հայաստանյան ամառվա վերջին տասնօրյակի անբաժան մասը:
Փառատոնի վրանային կինոճամբարը նախատեսվում է անցկացնել Լոռու մարզի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված վայրերում՝ Հաղպատի, Սանահինի, Հաղարծնի Ախթալա և Քոբայրի վանքերի տարածքում:
Մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու համաշխարհային կինոարվեստի այն ֆիլմերը, որոնք ժխտում են էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում մարդասիրություն, խաղաղություն, հայրենասիրություն, ուղղված են վերականգնելու ընտանեկան և, առհասարակ, հոգևոր արժեքները: Այս տարի «Ֆրեսկոյի» ֆիլմացանկում ներառված է 25 երկրից 42 նոր կինոժապավեն:
Հետաքրքիր հանդիպումներ են սպասվում նաև լուսանկարչության սիրահարներին, հայտնի լուսանկարիչները վարպետության դասեր կանցկացնեն:
Փառատոնն այս տարի ունի նաև հատուկ ծրագիր՝ «Հետադարձ հայացք» խորագրով, որտեղ կներկայացվեն հայ ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ Արա Վահունու ֆիլմերը:
Փառատոնի բացմանն ընդառաջ Օգոստոսի 23-ին և 24 –ին Կարապի Լճի տարածքում կցուցադրվեն «Ֆրեսկոյի» նախորդ տարիների լավագույն մրցանակակիր ֆիլմերը: