Լեոնիդ Ենգիբարյան

Ենգիբարյանի փառատոնը կրկին բացում է դռները. բարի գալուստ Ծաղկաձոր

50
(Թարմացված է 21:28 21.07.2017)
Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի միջազգային VI փառատոնը Ծաղկաձորում կանցկացվի հուլիսի 22-ից 26-ը։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի միջազգային փառատոնը դռներն է բացում 6-րդ անգամ, լրագրողներին ասաց մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։

«Այս տարի փառատոնին մասնակցելու համար արտիստներ են ժամանել Ռուսաստանից, Բանգլադեշից, Ֆրանսիայից, Չեխիայից։ Հայաստան են ժամանել նաև Գերմանիա–Ղարաբաղ միջազգային նախագծի մասնակիցները։ Մեր փառատոնը ժողովրդական է, ոչ թե մասնագետների և սիրողների համար, ովքեր սիրում են այս կամ այն ժանրը, այլ փառատոն է մեր բնակիչների ու քաղաքացիների համար։ Որովհետև մեր հանդիսատեսի մեջ դուք կարող եք տարբեր խավերի ներկայացուցիչների տեսնել», – նշեց նա։

Կազմակերպիչների հիմնական նպատակը, Դադասյանի խոսքով, գեղեցիկը ներկայացնելն է և հնարավորություն տալ, որ առնչվեն մնջախաղի արվեստի հետ։ Նրա խոսքով` արվեստի այս ժանրը թույլ է տալիս առանց թարգմանության տարբեր ազգերի ներկայացուցիչների ներգրավել։

Участники Международного фестиваля пантомимы имени Леонида Енгибарова
© Sputnik / Ani Liparityan
Մնջախաղի փառատոնի մասնակիցներն ու կազմակերպիչները

Ի սկզբանե փառատոնը կազմակերպվում էր երկու տարին մեկ անգամ, սակայն այն զարգացնելու ցանկություն միշտ է եղել։

«Այժմ մենք փառատոնն ամենամյա դարձնելու հնարավորություն ունենք, քանի որ ամեն տարի մենք մեծ թվով հայտեր ենք ստանում տարբեր երկրների արտիստներից», – ասաց Դադասյանը։

Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանն էլ իր հերթին նշեց, որ Ենգիբարյանի անվան փառատոնը Ծաղկաձորի համար ավանդական միջոցառում է դարձել։

«Սա մեր քաղաքի առաջին փառատոներից մեկն է։ Կուզեինք, որ տուրօպերատորները նման միջոցառումները ներառեն իրենց ցուցակներում, որպեսզի աշխարհն իմանա այդ մասին։ Ծաղկաձորը պատրաստ է ընդունել փառատոնի հանդիսատեսին և մասնակիցներին», – ասաց քաղաքապետը։

Հարությունյանը հավաստիացրեց, որ զբոսաշրջային և գեղատեսիլ Ծաղկաձորում տեղ կգտնվի բոլորի համար։

«ՄԻ ՄԻնոր» խաղարկային պլաստիկայի թատրոնի դերասանուհի Եկատերինա Վարլակովան պատմեց, թե ինչպես է իմացել փառատոնի մասին։

«Միջոցառման մասին իմացանք 2015 թվականին Գերմանիայում ապրող մեր ընկերներից, որոնք արդեն իսկ մասնակցում էին փառատոնին։ Հենց նրանք էլ խորհուրդ տվեցին մեզ Ծաղկաձոր գալ։ Մենք հաճույքով ընդունեցինք հրավերն ու ժամանեցինք Հայաստան, որպեսզի մասնակցենք փառատոնին», – ասաց դերասանուհին։

Վարլակովան ու նրա թիմը հանդես կգան «Life Online» («Կյանքը համացանցում») արդիական համարով։

«Մենք կփորձենք բացահայտել առաջադեմ, ժամանակակից, վիրտուալ աշխարհի  և ներաշխարհի, մարդկային հույզերի բախման թեման։ Այս ժամանակակից և համակարգչային աշխարհում ամենակարևորն ինքդ քեզ չկորցնելն է», – ասաց Վարլակովան։

Ուսանողական տարիներին դերասանուհին իր համակուրսեցիների հետ դիտել է Լեոնիդ Ենգիբարյանի էտյուդների տեսաձայնագրությունը, ընդօրինակել խոսուն ժեստերը։ Այսօր այդ տեսանյութերը բաց են և հասանելի բոլորի համար։

«Մարսել Մարսոյից, Լեոնիդ Ենգիբարյանից և մյուսներից կարելի է ինքնուրույն դասեր քաղել,  ինչը չի կարող չուրախացնել արտիստներին»,– նշեց Վարլակովան։

Ենգիբարյանի փառատոնը ստեղծվել է որպես այլընտրանք այն ամենին, ինչը մենք տեսնում ենք էստրադայում և հեռուստատեսությամբ։ Կազմակերպիչներն ուզում են ցույց տալ, որ իսկական արվեստը կա ու կարող է հուզել և ջերմացնել հոգին։

Կազմակերպիչներն ուզում են ցույց տալ, որ այսօր հիանալի արտիստներ կան, որոնց մասին, ցավոք, քչերը գիտեն։ Փառատոնի մասնակիցները մանրակրկիտ ընտրություն են անցնում։ Կազմակերպիչները հնչեղ անուններին նախապատվություն չեն տալիս։ Կարևորն այն է, որ արտիստի ներկայացրածը պրոֆեսիոնալ լինի, խելացի և գեղեցիկ, խորը մտքով և զգացմունքային, դիպչի մարդու հոգուն, մի խոսքով` «Ենգիբարյանական ոգով» լինի։

Русская версия

50