«Ոսկե ծիրան»

«Ոսկե ծիրան». օր 3-րդ

75
Երևանում անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային կիոփառատոնի երրորդ օրը նշանավորվեց փառատոնային ֆիլմերի ցուցադրությամբ և կինոռեժիսորների վարպետության դասերով:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. «Ոսկե ծիրանի» փառատոնային երրորդ օրը մեկնարկեց հայ-թուրքական կինոպլատֆորմի նախագծերի ներկայացմամբ: Պետր Լոմը և Կորինե վան Էգեռաթը («Բիրմայական պատմությունների ժողովածու», վավերագրական մրցույթ), Բեգո Մ. Սանտյագոն («Ժամանակի միջով», վավերագրական մրցույթ), Գիորգի Օվաշվիլին և Հուսեյն Մահջուբը («Խիբուլա», խաղարկային մրցույթ), Զեքի Դեմիրքուբուզը («Անթեղ», խաղարկային մրցույթ) լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրին իրենց ֆիլմերը: Այնուհետև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում վարպետության դաս անցկացրեց հունգարացի հայտնի կինոռեժիսոր Իլդիկո Էնյեդին, որն այս տարի «Հոգու և մարմնի մասին» ֆիլմի համար արժանացել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակի: Էնյենդին նաև այս տարվա խաղարկային ժյուրիի անդամ է:

Հայ կինոօպերատորները, ուսանողներն ու պարզապես կինոսերները «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցեցին կինոռեժիսոր, օպերատոր Ֆրեդ Քելեմենի վարպետության դասին:

«Ոսկե ծիրանի» «Երևանյան պրեմիերա» ծրագրի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվեց Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» ֆիլմը:

Երևանյան կինոսեր հասարակությունը դիտեց նաև Կիմ Կի-դուկի «Ուռկանը» ֆիլմը, սակայն գլխավոր փորձությունը դեռ առջևում էր. ֆիլմ, որի տևողությունը 226 րոպե է: Ֆիլմերի երկար խրոնոմետրաժով հայտնի ֆիլիպինցի ռեժիսոր Լավ Դիասի «Հեռացած կինը» հենց այն ֆիլմն էր, որը Վենետիկի միջազգային կինոփառատոնում արժանացել էր «Ոսկե առյուծ» մրցանակի:

Փառատոնային երրորդ օրը նշանավորվեց նաև Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ծրագրի բացմամբ. ցուցադրվեց Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգան» ֆիլմը: Ստացվեց այնպես, որ մեկ փառատոնային օրվա ընթացքում ցուցադրվեցին առաջատար փառատոների՝ Բեռլինի, Վենետիկի և Ռոտերդամի հաղթող ֆիլմերը:

«Ոսկե ծիրանի» շրջանակում հարգանքի տուրք մատուցվեց հայ կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցի հիշատակին: Ցուցադրվեց կինոփռեժիսորի վաղ շրջանի «Բարի հետք» ֆիլմը, որի համար երջանկահիշատակ վարպետը մրցանակ էր ստացել Օբերհաուզենի կինոփառոտոնում:

75
Ըստ թեմայի
Ոսկե Ծիրան, օր 2-րդ
Երևանցիներն ու Երևանի հյուրերը ծիրանաշատ օրեր կվայելեն. «Ոսկե ծիրանը» մեկնարկեց
«Ոսկե ծիրան» ու ծիրանօրհնեք. Երևանում մեկնարկեց «ծիրանային» շաբաթը
«Ոսկե ծիրան 2017». փառատոնի մեկնարկից մինչև ԼԳԲՏ սկանդալ
Երազ իմ երկիր Ծիրանի