«Ոսկե ծիրան» կինոփառատոնը պաշտոնապես մեկնարկեց

«Ոսկե ծիրան» ու ծիրանօրհնեք. Երևանում մեկնարկեց «ծիրանային» շաբաթը

83
(Թարմացված է 21:04 09.07.2017)
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը պաշտոնապես մեկնարկեց, ինչը նշանակում է, որ Հայաստանի մայրաքաղաքում մեկ շաբաթ շարունակ կինոբում է լինելու:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Նախահոբելյանական «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը մեկնարկեց 14-րդ անգամ ՝ ազդարարելով առաջիկա շաբաթվա քաղաքային մթնոլորտն ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար:

Ծիրանօրհներքի ավանդական արարողությունից հետո փառատոնի կազմակերպիչներն ու հյուրերը տեղափոխվեցին Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ տեղի ունեցավ վերջին տարիների մեկ այլ գեղեցիկ ավանդույթ՝ նշանավոր հայ կինոգործիչների աստղերի բացումը նրանց հոբելյանների արթիվ:

Ոսկե Ծիրան
© Sputnik/ Asatur Yesayants

Այսուհետև Շառլ Ազնավուրի հրապարակը կզարդարեն նաև Ֆրունզե Դովլաթյանի (90), Սերիկ Իսրայելյանի (80) և Յուրի Երզնկայանի (95) աստղերը:

Արարողությանը ներկա էին հոբելյարների բարեկամները, որոնք չթաքցնելով հուզմունքը՝ բարձր գնահատեցին փառատոնի այս ժեստը իրենց ականավոր ազգակիցների նկատմամբ:

Ակնածանքի և մեծարման խոսք ասացին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն ու Թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Վերջինս հիշեց 3 կինոգործիչների ստեղծած հռչակավոր ֆիլմերը՝ ընդգծելով նրանց կարևորությունը հայ կինոյի պատմության մեջ:

Յուրաքանչյուր աստղը բացվեց տվյալ կինոգործչի հայտնի ֆիլմերից մեկի երաժշտությամբ:

Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ օրեր առաջ կյանքից հեռացած ռեժիսոր-վավերագրող, կինոգործիչ Ռուբեն Գևորգյանցի:

Նախարար Արմեն Ամիրյանը փառատոնին մաղթեց ծիրանաշատ օրեր՝ հույս հայտնելով, որ հայ կինոն շուտով կվերածվի Լյումիեր եղբայրների առաջին շոգեքարշի:

Այնուհետև հայտարարվեց ժյուրիի կազմը: Ինչպես նշել էինք ավելի վաղ, խաղարկային ժյուրին այս տարի կգլխավորի բրիտանացի ռեժիսոր Հյու Հադսոնը, որի «Հրե անվակառքերը» 1981 թվականին արժանացել է «Օսկարի»՝ որպես տարվա լավագույն ֆիլմ:

Փառատոնի շրջանակում նաև տեղի կունենա Հադսոնի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Ժյուրիի կազմում է նաև նրա կինը՝ դերասանուհի Մարիամ Դաբոն, Բեռլինի վերջին կինոփառատոնում «Ոսկե արջի» արժանացած հունգար ռեժիսոր Իլդիկո Էնյենդին և ուրիշներ:

Մրցույթային ֆիլմերից հատվածներ ներկայացնող տեսահոլովակից հետո փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն ու «Վիվասել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ազդարարեցին 14-րդ փառատոնի մեկնարկը, որն ավարվեց Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմի ռեստավրացված տարբերակի ցուցադրությամբ (ֆիլմի 90-ամյա հոբելյանի առիթով):

Арутюн Хачатрян и Ральф Ийрикян
© Sputnik/ Aram Nersesyan
Հարություն Խաչատրյանն ու Ռալֆ Յիրիկյանը

Բացման արարողության ընթացքում մի քանի անգամ ջազային կատարումներով հանդիսատեսին հաճույք պատճառեց «Վահագն Հայրապետյան և ընկերներ» նվագախումբը: Ինքը՝ Հայրապետյանը, կեսկատակ ասաց, որ նվագախումբը ցանկանում է անվանափոխել և կոչել «Ոսկե ծիրան» բենդ: Նա ներկայացրեց երաժշտական մի համար և նշեց, որ կուզեր՝ այդ ստեղծագործությունը փառատոնի օրհներգը դառնա:

Ваагн Айрапетян
© Sputnik/ Aram Nersesyan
Վահագն Հայրապետյան

Հիշեցնենք, որ փառատոնն ընթանալու է հուլիսի 9-16-ը: Sputnik Արմենիան փառատոնի տեղեկատվական գործընկերն է:

83