Գարիկ Մարտիրոսյան

Գարիկ Մարտիրոսյանը ծանր պահին մենակ չի թողել «Ты супер!»- ի մասնակից Անգելինային

134
Մոտ ժամանակներս ՆՏՎ հեռուստաալիքի եթերում մեկնարկող «Ты супер!» նախագծի նախընտրական փուլի ժամանակ Հայաստանի մասնակից Անգելինա Պապիկյանը ոչ երաժշտական խոչընդոտներ է հաղթահարել։ Նրան օգնության է եկել շոումեն Գարիկ Մարտիրոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Փետրվարի 11-ին մեկնարկում է ՆՏՎ հեռուստաընկերության և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության համատեղ «Ты супер!» նոր նախագիծը, որին կմասնակցեն մանկատների, գիշերօթիկ դպրոցների սաները, ինչպես նաև որդեգրած երեխաները։

Մրցույթին մասնակցում են երեխաներ Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Էստոնիայից, Հարավային Օսեթիայից և Ռուսաստանից:

Նախագծի մասնակիցներից մեկը Անգելինա Պապիկյանն է՝ Հայաստանից։ Նա եղբոր հետ սովորում է խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում։ Ինչպես հայտնում է ՆՏՎ հեռուստաալիքը, Հայաստանի մասնակցին աջակցելու է եկել հայտնի հումորիստ, Comedy Club շոուի պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը, որը աղջկան զվարճալի փափուկ պինգվին է նվիրել։ Սակայն այսքանով անակնկալները չեն ավարտվել։ Ռուսերենի վատ տիրապետող Անգելինան դժվարություններ է ունեցել ժյուրիի հետ շփման ժամանակ, Գարիկը օգնության է հասել և դարձել նրա անձնական թարգմանիչը։

«Այժմ կարող եմ պաշտոնապես թարգմանիչ աշխատել։ Հուսով եմ, փոքր հասակի իմ մեծ ղեկավարը գոհ է մնացել մատուցածս ծառայությունից։ Անգելինային մաղթում եմ հաղթել մրցույթում և ամբողջ Հայաստանի անունից ասում եմ նրան՝ մենք հպարտանում ենք քեզնով, առա՛ջ», — ասել է Գարիկը։

Մանկական երաժշտական շոուի առաջին թողարկումը ՆՏՎ հեռուստաալիքի եթերում տեղի կունենա փետրվարի 11-ին ժամը 20:00-ին։ Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը և ռադիոն հետևում է տաղանդավոր երեխաների հաջողություններին։ Ընթերցողները կկարողանան ծանոթանալ մրցույթի արդյունքներին գործակալության կայքերի օնլայն-օրագրերի ձևաչափով և ուղիղ հեռարձակումների միջոցով։

Русская версия

134