Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին

Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» եկեղեցու գաղտնիքները. պատմական եզակի փաստեր

108
(Թարմացված է 12:26 14.01.2017)
Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին Վրաստանի առաջին քրիստոնեական եկեղեցին է: Կառուցվել է 13-րդ դարում դեռ 7-րդ դարի Սուրբ Գևորգի Բերդ եկեղեցու տեղում:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Ժամանակակից Թբիլիսին անհնար է պատկերացնել առանց Վրաստանի ամենակոլորիտային եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Գևորգի, որը հարյուրամյակներ շարունակ վրացահայերին օգնել է պահպանել ազգային ինքնությունը:

Եկեղեցին վերակառուցվել է 2013-2015թթ.-ին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի նախաձեռնությամբ՝ հայտնի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և ուրիշների աջակցությամբ:

«Վերակառուցումից հետո զբոսաշրջիկներն ավելի հաճախ են այցելում եկեղեցի, որը գրավում է իր ճարտարապետությամբ և պատմությամբ: Մենք ամեն օր զբոսաշրջիկներին պատմում ենք հայերի հավատի, ավանդույթների և սովորույթների մասին», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրբ Գևորգ եկեղեցու քահանա Նարեկ Կուշչյանը:

Եկեղեցին յուրահատուկ էներգետիկա և մթնոլորտ ունի, առանձնահատուկ կոլորիտ են հաղորդում վերականգնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերված որմնանկարնները, դրանցից ամենահները պատկանում են 14-15-րդ դարերին:

Армянская Апостольская церковь Сурб Геворг в Тбилиси
© Sputnik/ Laura Sarkisyan
Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին

Թբիլիսիի տաճարի պատերը նկարազարդված են Հին կտակարանի պատմություններով, այստեղ պատկերված են թե՛ «Ադամի և Եվայի դրախտից վտարումը», թե՛ «Գայթակղումը», որոնք պատկանում են Հովնաթանյան նկարիչների տոհմին: Գմբեթի տակ պատկերված է Քրիստոսի դեմքը, որի կողքին գտնվում են առաքյալները: Ավելի ուշ շրջանի որմնանկարները նկարել է 20-րդ դարի սկզբի հայ գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանը:

«Որմնանկարները հայտնաբերվել են վերականգնողական աշխատանքների ժամանակ: Մենք ինքներս չգիտեինք դրանց գոյության մասին: Մասնագետները պնդում են, որ դա առաջին շերտն է, իսկ տակը մի քանի շերտեր կան, և այդ կոմպոզիցիան չփչացնելու համար մենք որոշեցինք ռիսկի չգնալ և չշարունակել մաքրումը», — ասաց Կուշչյանը:

Եկեղեցին փոխվել է նաև դրսից. նախկին սվաղի փոխարեն պատերը ծածկվել են աղյուսով:

Սուրբ Գևորգը կառուցվել է 1251թ-ին իշխան Ումեկի միջոցներով, որը ծագումով Մանազկերտից էր: Նա մեծահարուստ վաճառական էր Կարին (այժմ՝ Էրզրում) քաղաքում։ Նա ընտանիքի հետ տեղափոխովել է Տփխիս (այժմ Թբիլիսի), երբ 1242թ-ին Կարինը ենթարկվել է մոնղոլների արշավանքին:

Պատմաբանների կարծիքով՝ Ումեկը պատահական չի ընտրել եկեղեցու վայրը, քանի որ Սուրբ Գևորգից առաջ 631թ-ին այդ տեղում եղել է Սուրբ Գևորգի Բերդ եկեղեցին:

  • Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին
    Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին
    © Sputnik/ Laura Sarkisyan
  • Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին
    Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին
    © Sputnik/ Laura Sarkisyan
  • Եկեղեցուն հարող տարածքում տարբեր ժամանակներում մի շարք նշանավոր հայ գործիչներ են թաղվել։
    Եկեղեցուն հարող տարածքում տարբեր ժամանակներում մի շարք նշանավոր հայ գործիչներ են թաղվել։
    © Sputnik/ Laura Sarkisyan
  • Այստեղ է հանգչում նաև Հովհաննես Լազարյանցը
    Այստեղ է հանգչում նաև Հովհաննես Լազարյանցը
    © Sputnik/ Laura Sarkisyan
  • Եկեղեցուն հարող տարածքում տարբեր ժամանակներում մի շարք նշանավոր հայ գործիչներ են թաղվել։
    Եկեղեցուն հարող տարածքում տարբեր ժամանակներում մի շարք նշանավոր հայ գործիչներ են թաղվել։
    © Sputnik/ Laura Sarkisyan
1 / 5
© Sputnik/ Laura Sarkisyan
Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին

Վիրահայերը եկեղեցին կառուցել են վրացական և հայկական եկեղեցիների պառակտումից հետո, որը տեղի է ունեցել 607թ-ին: Մինչև պառակտումը եկեղեցին միասնական էր, իսկ վրացի քահանաները ձեռնադրվում էին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում:
Հայկական և վրացական եկեղեցիների բաժանումը Վրաստանի կաթողիկոս Կյուրիոն 1-ինի քաղաքական որոշումն էր. վրացական հոգևորականությունը ցանկանում էր հարել առավել հզոր Բյուզանդիային:

«Այդ ժամանակ էլ կառուցվել է Սուրբ Գևորգ Բերդը, որի տեղում 13-րդ դարում Ումեկը նոր տաճար է կառուցել, որը գտնվում է Թբիլիսիի հրապարակներից մեկում՝ Մայդանում: Ավելի ուշ եկեղեցու մոտակայքում կառուցել են Սուրբ Գևորգ Բերդը, որի տեղում այսօր գտնվում է վրացական ուղղափառ եկեղեցին», — ասաց Նարեկը:

13-րդ դարում Սուրբ Գևորգ Բերդը կիսավեր էր, և հենց այդտեղ Ումեկը կառուցեց գմբեթավոր դահլիճ ունեցող մի եկեղեցի, որը տարածված էր Հայաստանում 7-րդ դարից (Զովունի, Պտղնի, Արուճ): Այս եկեղեցիներում գմբեթը բարձրանում է կենտրոնական չորս հզոր որմնասյուների վրա։

Սուրբ Գևորգ եկեղեցին այսօր Վիրահայոց թեմի նստավայրն է: Եկեղեցուն հարող տարածքում տարբեր ժամանակներում մի շարք նշանավոր հայ գործիչներ են թաղվել։ Կառույցի վերանորոգման ժամանակ գտել են աճյուններ, որոնք վերահուղարկավորվել են քրիստոնեական ծեսի համաձայն:
Այստեղ են թաղվել աշուղ Սայաթ-Նովան, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանը, ռուսական բանակի հայ զորահրամանատարներ կոմս Միխայիլ Լորիս-Մելիքովը, Հովհաննես Լազարյանցը, Արշակ Տեր-Ղուկասովը և Բեյբութ Շելկովնիկովը, ինչպես նաև ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գևորգ Սերայդարյանն ու այլ նշանավոր մարդիկ:

108