Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ–ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյան

ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցուցակում հայտնվելու համար հայտերն անհեթեթ են դառնում

35
(Թարմացված է 19:51 06.12.2016)
ՅՈՒՆԵՍԿՕ կոնվենցիան և դրա ներկայացուցչական ցանցերը սեփական պատմությունն ու մշակույթը չունեցող որոշ երկրների համար սողանցք են դարձել։ Այս հնարավորությունից օգտվելով` նրանք տարբեր հայտեր են ներկայացնում` այդպիսով փորձելով փաստացի «ամրագրել» իրենց «պատմական անցյալը»։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Տարբեր երկրների կողմից ՅՈՒՆԵՍԿՕ ոչ նյութական արժեքների ցանկում ներառվելու համար ներկայացված հայտերն էլ ավելի անհեթեթ են դարձել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը։ Նրա խոսքով` անհրաժեշտ է հիշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ու ՅՈՒՆԵՍԿՕ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կոմիտեն իրենց ցուցակում չեն ներառում ուղղակի կերակրատեսակներ, հացեղեն, այլ գրանցում են այն ուտեստները, որոնք մշակութային կամ պատմական արժեք ունեն։

«Անհեթեթ է, երբ պետություններն իրենց ուշադրությունն ուղղակի սևեռում են հացի կամ կերակրատեսակի վրա։ Այս թեման քննարկել են նաև Կոմիտեում` նշելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում կերակրատեսակներ ներառելու հայտերի հետ կապված իրավիճակը ծիծաղելի է դառնում», — ասաց Կաժոյանը։

Նա նշեց, որ, օրինակ, 2014 թվականին Հայաստանի ներկայացրած հայտով լավաշը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում։ Բայց այս տարի Բաքվի նախաձեռնությամբ կրկին լավաշի հայտ էր ներկայացվել, այս անգամ արդեն ոչ միայն Ադրբեջանի, նաև այլ պետությունների` Իրանի, Թուրքիայի, Ղրղըզստանի և Ղազախստանի անունից` որպես տարածաշրջանային արժեք։ Կաժոյանի խոսքով` հայկական պատվիրակությունն առաջարկել է վերանայել հայտերը։ Իրանն ու Ղազախստանը կողմ են եղել, Թուրքիան և Ադրբեջանն ավանդաբար դեմ են հանդես եկել։ «Հայկական կողմի ջանքերով վերը նշված երկրների կողմից ներկայացված հայտը առայժմ չի ընդունվել` հաշվի առնելով 2014 թվականին ընդունված մեր հայտը։ Սա նախադեպ կարող է դառնալ։ Այնտեղ նշված էր, որ նման լավաշ թխում են տարբեր երկրներում», — ասաց Կաժոյանը։

Նրա նշեց, որ ցանկացած երկրից ցանկացած հայտի ընդունումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի առանձնահատկություններից է։ Այս կազմակերպությունն իրավասու չէ պատմական հարցերով զբաղվել։

Կոմիտեի փորձագիտական մարմինը միայն ստուգում է` համապատասխանում է արդյո՞ք հայտը կոնկրետ չափանիշներին, թե՞ ոչ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կոմիտեի 11-րդ նիստը անցկացվում էր Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում, նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը։ Հայաստանը, որպես Կոմիտեի անդամ, առաջին անգամ էր մասնակցում նիստին։ Տարբեր երկրների կողմից ներկայացված 51 հայտերից հաստատվեց 43-ը։

 

35