Sputnik Արմենիայի թղթակիցները եղել են Հաղթանակի զբոսայգում և հետաքրքիր փաստեր իմացել «Մայր Հայաստանի» մասին։
Կար ժամանակ, որ Երևանի գլխավոր փողոցներից մեկը` Արմյանսկայան, Ստալինի անունով էր կոչվում։ Այստեղ միհարկանի և երկհարկանի տներ էին` այգիներով շրջապատված, որոնք հետագայում կտրեցին, և սկսվեց Ստալինի պողոտայի լայնածավալ շինարարությունը` «ստալինյան» հինգհարկանի շենքերով։
Ստալինը, ավելի ճիշտ` առաջնորդի բրոնզե քանդակը, նայում էր հենց պողոտային։ Քանդակը տեղադրվել է 1950թ-ին (հեղինակներն են Սերգեյ Մերկուրովը և Ռաֆայել Իսրայելյանը)։ Ավելի ուշ, երբ Իոսիֆ Ստալինի անձի պաշտամունքը վերացավ, հուշարձանը հանեցին, պողոտան էլ կոչվեց Լենինի անունով, շատերին թվաց, որ այդտեղ կհայտնվի Վլադիմիր Իլյիչի հուշարձանը, բայց հնգամյա դատարկությունից հետո` 1967թ-ին, որոշվեց տեղադրել «Մայր Հայաստան» քանդակը, որի հեղինակը նկարիչ-մոնումենտալիստ Արա Հարությունյանն էր։
«Մայր Հայաստան» հուշարձանի նախատիպ է դարձել սովորական մի աղջիկ` Եվգենիա Մուրադյանը, որը նվաճել է մեծ քանդակագործ Արա Հարությունյանի սիրտը և ոգեշնչման աղբյուր դարձել։
Եվգենիան հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչպես է բանջարեղենի խանութում մի տղամարդ անթարթ նայել նրան, հետո մոտեցել է Եվգենիային ու նրա մորը, պատմել քանդակի ստեղծման ծրագրի մասին և աղջկան առաջարկել բնորդուհի դառնալ։
«Նա խնդրեց մորս թույլ տալ կեցվածք ընդունել իր արվեստանոցում։ Մայրս վրդովված մերժեց այդ առաջարկը. այդ տարիներին ընդունված չէր, որ երիտասարդ աղջիկը (իսկ ես այդ ժամանակ 17 տարեկան էի) բնորդուհի լինի։ Երբ տանը պատմեցինք այդ հանդիպման մասին, պարզվեց, որ մեզ հանդիպած մարդը եղել է եղբորս ղեկավարը` հայտնի քանդակագործ Արա Հարությունյանը, որի մասին եղբայրս մեծ հարգանքով խոսեց և առաջարկեց ինձ հետ գալ արվեստանոց»,- պատմել է նա։
Ու աղջիկը որոշել է բնորդուհի դառնալ։ Ընդհանուր առմամբ վեց անգամ է եղել արվեստանոցում ու ապշել է, երբ տեսել է գիպսե ծեփապատճենի ավարտուն տեսքը։
«Նկարիչը խորաթափանցորեն տեսնել և արտահայտել էր այն, ինչ թաքնված էր իմ մեջ, այն, ինչ անհասկանալի էր նույնիսկ ինձ համար»,- խոստովանել է նա։
Ասում են, որ Ստալինը մի անգամ գիշերով ժամանել է Երևան, որպեսզի անձամբ տեսնի իր քանդակը, և գոհ է մնացել։
Եվս մեկ տպավորիչ պատմություն։ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի ֆոնդապահ Լիլյա Անտոնյանը Sputnik Արմենիային պատմեց, որ 1988թ-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ քանդակը սկսել է ճոճվել։ Թանգարանի աշխատակիցները շատ են վախեցել, վազել են դուրս, բայց ավելի սարսափելի տեսարանի են ականատես դարձել. «Մայր Հայաստանն» այսուայն կողմ է ճոճվել։ Անտոնյանի խոսքով` բնական աղետից հետո ոչ ոք այդպես էլ չի ստուգել քանդակի ամրությունը…
Հուշարձանի պատվանդանի վրա մինչև հիմա էլ պահպանվել են խորհրդային խորհրդանիշներն ու նախշերը։ Այսօր էլ մարդիկ ու մասնագետները զարմանում են, թե ինչպես են խորհրդային տարիներին նման մեծ հուշարձան տեղադրել։ Անտոնյանը պատմեց, որ վերջերս փորձել են լվանալ հուշարձանը, բայց անգամ ժամանակակից սարքավորումներով չեն կարողացել լիովին մաքրել 56-մետրանոց քանդակը։
«Մայր Հայաստանի» հուշարձանի հետ կապված լեգենդներից մեկի համաձայն` հուշարձանի ոտքերի տակ գտնվող վահանի տակ Ստալինի ոտքերն են։ Ասում են, որ հենց նրա բրոնզե ոտքերի վրա են կառուցել նոր հուշարձանը։ Թանգարանի աշխատակիցները պնդում են, որ այս խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում։
Քանի որ ոտքերին հասնել հնարավոր է, Sputnik Արմենիայի թղթակիցներն օգտվեցին եզակի հնարավորությունից և բարձրացան պատշգամբ, որը գտնվում է քանդակի ոտքերի մոտ։ Այդտեղից բացվում է Երևանի հիասքանչ տեսարանը։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` գյուղեգյուղ շրջած, տարիներ շարունակ հավաքած և հիմա էլ թշնամու ձեռքից փրկած 71 գորգ է ցուցադրության հանվել։

«Եթե քանակական առումով նայենք, ապա մեր հավաքածուի 2/3-րդն ենք փրկել, սակայն որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել ենք։ Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասաց Ասծատրյանը։
Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը
Նա պատմեց, որ հոկտեմբերի 20-ին ինչպես Երևանի, այնպես էլ Արցախի մշակույթի ոլորտի պատասխանատուները զանգահարել և խորհուրդ են տվել, որ գորգերը թանգարանից տարհանեն։ Ասծատրյանը, սակայն, որոշել է մի քիչ էլ սպասել` չի ուզել թանգարանը դատարկել։ Բայց դրան հաջորդող օրերին նկատել է` ադրբեջանական զորքը մոտեցել և Քարինտակ է հասել։ Պատերազմի վերջին օրերին էլ մեծ հրթիռ է պայթել թանգարանի մոտ` կոտրելով դուռ-պատուհանը։ Հենց այդ պահին Ասծատրյանը զանգել է Արցախի մշակույթի նախարարին և խնդրել, որ մեքենա տրամադրի գորգերը տեղափոխելու համար։

Շուշիի գորգերի հավաքածուն Ասծատրյանի շնորհիվ է հավաքվել։ Նա անձամբ է շրջել տնետուն ու գնել դրանք։ «Երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, ադրբեջանցիները շրջում էին գյուղերով և հայկական հին գորգերը գնում ու տեղը նորերն էին առաջարկում։ Այդ ամենը տանում էին Բաքվի թանգարան և ցուցադրում որպես ադրբեջանական մշակույթի մի մաս։ Դա տեսնելով` հասկացա, որ փրկության միակ ձևը դրանք գնելն է։ 2000-ականներին սկսեցի գնել գորգերը»,–ասում է Ասծատրյանը։
Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն
Մարդիկ Ասծատրյանին սիրով են իրենց գորգերը վաճառել, երբ իմացել են, որ նա պատրաստվում է Շուշիում թանգարան բացել։ Ավելին, եղել են դեպքեր, որ մարդիկ պատմել են` նախկինում իրենցից ավելի բարձր գնով էլ ուզել են գորգ գնել, սակայն քանի որ իմացել են, որ այն Արցախից դուրս պետք է հանեն, չեն վաճառել։ Արդյունքում Ասծատրյանը 2011-ին Շուշիում բացել է գորգերի թանգարանը։

Ասծատրյանը հավաքածուում բավական հին գորգեր ունի` անգամ 17-րդ դարին վերագրվող։ Հիմնականում 19-րդ դարի գորգեր են, որոնք աչքի են ընկնում իրենց սիմվոլներով, և մասնագետներն առաջին իսկ հայացքից տարբերակում են, որ դրանք արցախյան գորգեր են։
Ասծատրյանն ասում է, որ յուրաքանչյուր գորգ իր պատմությունն ունի։ Արցախյան գորգերի մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Ասծատրյանն ասում է` մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

«Հիմա միակ ցանկությունս է, որ մի տարածք հատկացնեն և Երևանում թանգարան բացենք։ Այստեղ ցուցադրության ժամանակ մարդկանց մոտ ես հետաքրքրություն եմ նկատում։ Ավելին, շատերը գալիս և ասում են, որ ուզում են իրենց տոհմական գորգերը մեզ նվիրեն, որպեսզի հավաքածուն հարստանա»,–ասաց Ասծատրյանը։

Նա կարծում է, որ թանգարանը կարող է հարթակ դառնալ, որպեսզի արցախյան գորգերը գիտականորեն ուսումնասիրվեն։
Նշենք, որ Երևանում գորգերը կցուցադրվեն առաջիկա ամիսներին, իսկ ցուցադրության մուտքն ազատ է։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի -Sputnik, Կարեն Ավետիսյան. Համավարակի օրերին անխափան գործող մշակութային ինստիտուտներից էին համաշխարհային արվեստի միջազգային աճուրդները, որոնք բարեհաջող հարմարվեցին հեռահար խաղի կանոններին և շարունակում են անխափան ծավալել իրենց գործունեությունը։
Կարևոր է հասկանալ, որ առցանց ձևաչափը նոր չէ այս ոլորտում, այն զարգացած և տարածված էր դեռ 2000–ականներից ի վեր, երբ Սոդբիսը, Բոնհեմսը, Քրիստիսը և մի շարք այլ աճուրդային տներ աճուրդներն անցկացնում էին օնլայն։
«Աճուրներն ունեն հաճախորդների, գնորդների հանրություն, որի համար թիվ մեկ նախապայմանը` երաշխիքներ ունենալն է. դա նաև օնլայն վաճառքի առաջին կարևորագույն գործոնն է», – մեզ հետ զրույցում ասում է «ԱԱԱուկցիոն» աճուրդային տան տնօրեն Աննա Գրիգորյանը։
Հայաստանն ունի ճանաչման խնդիր` չունենալով աճուրդների անցկացման փորձ դեռ խորհրդային տարիներից։ Ու չնայած Ռուսաստանը հաջողեց համեմատաբար զարգացնել այդ բացը, հետխորհրդային մյուս երկրներում այն շարունակվեց մնալ չլրացված։
«Հարցը հայ արվեստը կամ արվեստագետները չեն, տաղանդի հարց էլ չկա։ Խնդիրը ճանաչման մեջ է և երկրորդ փաստն այն է, որ ոչ մի ինստիտուտ չկա, որ զբաղվի դրանով։ Եթե նայենք Կատարի, Սաուդիան Արաբիայի կամ Արաբական Միացյալ Էմիրությունների փորձը, կտեսնենք, որ չնայած մեծ մշակույթ չունեն, բայց անցկացնում են աճուրդներ, էքսպոներ, որովհետև պետական ռեսուրսներ են դրվում ոլորտի զարգացման համար»,–ասում է նա։

Խոսելով առանձին արվեստագետների մասին` Գրիգորյանը առանձնացրեց Երվանդ Քոչարին, Մարտիրոս Սարյանին, ֆրանսահայ նկարչներին` Ժան Գառզուին (Գառնիկ Զուլումյան), Լևոն Թութունջյանին, Ժանսեմին (Հովհաննես Սեմերջյան`վերջինս նաև հատկապես սիրված է ճապոնական աճուրդներում), սակայն նշեց, որ նրանք հայտնվում են միջազգային աճուրդներում հիմնականում ֆրանսիացի կամ ֆրանսահայ դիլերների շնորհիվ։
Աճուրդներում հնարամիտ ու ճարպիկ միջնորդ լինելու համար պարտադիր չէ լինել նկարիչ. Միրզոյան
«Ինչ վերաբերում է ժամանակակից արվեստագետներին, ապա շատ- շատերը իրենց նկարներն իրենց իսկ ուժերով են ներկայացնում որոշ միջազգային աճուրդներում, կամ ավելի շուտ` առցացանց պատկերասրահներում։ Որքանով են վաճառվում` դժվարանում եմ ասել, բայց նաև կարևոր եմ համարում բարձրաձայնել այն փաստը, որ մենք մինչ օրս չունենք բանկային համակարգ, որը կհամագործակցի PayPal-ի հետ, ինչը նշանակում է, որ չունենք երաշխիքներ արտասահմանյան գնորդների համար։ Չիմանալով Հայաստանը որտեղ է գտնվում` պոտենցիալ գնորդն անգամ ցանկության դեպքում ընկնում է կասկածների և անվստահության գիրկը»,–ասում է Գրիգորյանը։
Հիշելով ոչ վաղ անցյալում Հայաստանում անցկացված աճուրդը` Գրիգորյանն առանձնացնում է Լևոն Թութունջյանի «Դեղին դիմակը», որը վաճառվեց մոտ 300 000 դոլարով։
«Սա անկասկած հաջողություն էր, բայց այդ ամենը մեծ ծախս է ` գովազդ, կատալոգ, միջազգային PR և այլն։ Ամեն բան կախված է մեծ ներդրումներից, որոնք, ցավոք սրտի, չկան»,–ընդգծում է նա։
Արվեստաբան, Գաֆեսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների տնօրեն Արմեն Եսայանցը չի համարում, որ անհրաժեշտ է մեծ կարևորություն տալ և ինքնանպատակ համարել հայկական արվեստի ամեն գնով ներկայությունը միջազգային աճուրդներում, քանի որ այլ շուկաների համեմատ, աճուրդները բավականին փոքր ու սահմանափակ են, դրանք ավելի շատ կոլեկցիոներների համար են։ Իսկ հայկական արվեստը մեծ հաջողություններ չի գրանցում` որպես հենց «հայկական»։ Հիմնականում, եթե լինում են հայ նկարիչների գործեր, դրանք ընդգրկվում են ընդհանուր շարքի մեջ, օրինակ, ռուսական արվեստի, ինչպես Սարյանն ու Այվազովսկին։
«Չնայած երբեմն լինում են առանձին դեպքեր, օրինակ` ինքս 2019–ի աշնանը մասնակցել եմ Սոդբիսի նախագծին, որը նվիրված էր Միջին Արևելքի արվեստին, սակայն կատալոգում կար առանձին բաժին, որտեղ ներկայացված էին միջինարևելյան հայ արվեստագետները` Մարկոս Գրիգորյանը կամ Սոնյա Բալասանյանը, Տիգրան Դադերյանը, Փոլ Կիրակոսյանը։ Եթե խոսենք ժամանակակից արվեստի մասին, ապա կրկին շատ քիչ անուններ կային նույն Սոդբիսում` Սոնյա Բալասանյանի ստեղծագործությունը, բայց կրկին` Միջին Արևելքի բաժնում», – նկատեց Եսայանցը` ավելացնելով, որ երբեմն նաև հանդիպում են նմուշներ միջնադարի արհեստավորներից` ձեռագրեր, արծաթագործ իրեր, եկեղեցական կահ–կարասի և այլն։
Արվեստաբանի հավաստմամբ` չի կարող միանգամից մի արվեստագետ առանց ընդհանուր պատմության հայտնվել մեծ աճուրդում։ Սկզբում անհրաժեշտ է ներթափանցել մեծ շուկա, որպեսզի հետո հերթը հասնի աճուրդներին։

Եսայանցի կարծիքով` պետական քաղաքականությունը նախևառաջ պետք է ուղղված լինի այն արվեստագետներին, որոնք աշխատում և ստեղծագործում են Հայաստանում։ Պետք է ստեղծվի այնպիսի դաշտ, որտեղ հնարավոր կլինի ազատ ստեղծագործել, վաճառել, հայտնվել կոլեկցիաներում, պատկերասրահներում, իսկ աճուրդներն արդեն կլինեն այդ ամենի արդյունքը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ բնակավայրի շրջանում իրականացրած ականազերծման աշխատանքների ընթացքում ավելի քան 30 152 մմ բեկորային-ֆուգասային հրետանային արկեր են վնասազերծել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«2020թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1 548 հա տարածք, 484 կմ ճանապարհ, 1 524 շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ, հայտնաբերվել ու վնասազերծվել է 24 994 պայթուցիկ առարկա», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հայտնաբերված պայթուցիկ առարկաները դուրս են բերվել և ոչնչացվել հատուկ սարքավորված զորավարժարանում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվել է տեղում. պայթեցման աշխատանքների ժամանակ պահպանվել են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները:
Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Լեռնային Ղարաբաղում տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքները:
Հաղորդագրության համաձայն՝ մարտական գործողություններից տուժած շրջաններում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է կենսական կարևորություն ունեցող հաղորդակցությունների վերականգնումը:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են



