ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Արմենուհի Մխոյան. Նիկան 11 տարեկան է՝ Իրանից։ Նա նման է հրեշտակի` բարություն ու խաղաղություն ճառագայթող խորիմաստ աչքեր, թավշա աստվածային ձայն։ Երկու հյուսքով, անչափ բարի սևաչյա աղջնակը փխրուն տեսք ունի, սակայն համամարդկային բեռն է իր ուսերին է կրում՝ խաղաղության կոչ հնչեցնելով աշխարհի տարբեր երկրներում:
Նիկան տարբեր երկրներում մենահամերգներ է ունենում «Երաժշտությունը հանուն խաղաղության» հիմնադրամի նախաձեռնությամբ, որի հիմնադրիրը մայրն է՝ Նազլի Բախշայեշը: Մայրը նաև բեմում աղջկա կողքին է՝ նվագակցելով փոքրիկ երգչուհուն:

Նիկան իր համերգներով դատապարտում է մարդածին բոլոր աղետները՝ պատերազմներն ու ցեղասպանությունը, չի մոռանում նաև ներկայացնել 20-րդ դարի մեծագույն ողբերգությունը` Հայոց ցեղասպանությունը: Նիկան ասաց, որ մայրիկն է իրեն պատմել Հայոց ցեղասպանության մասին, որից հետո ինքն իր ծրագրում ընդգրկել է նաև «Գարուն» ու «Կռունկ» երգերը: Սա այն եզակի դեպքերից է, երբ հայկական արմատներ չունենալով` արվեստագետը խոսում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Նիկան երգում է տարբեր լեզուներով՝ պարսկերեն, ռուսերեն, ճապոներեն, հայերեն և այլն:
Օգոստոսի 25-ին Նիկան Գյումրիում էր՝ ներկայացրեց 6 երգ, իսկ որպես եզրափակում` հնչեցրեց «Կռունկը»: Յուրահատուկ թավշյա ձայն ու մեծահասակին հատուկ կատարողական վարպետություն, իսկ ամենակարևորը՝ համամարդկային կոչ, և հանդիսատեսն անկարող է հիացմունքն ու արցունքները զսպել:
Հետաքրքրվեցի՝ դժվար չէ՞ «Կռունկը» կատարել:
«Ոչ,-նշեց աղջնակը` հավելելով,- «Կռունկը» ոչ միայն Հայաստանում եմ երգելու, այլև այն բոլոր երկրներում, ուր գնալու եմ՝ որպես ցեղասպանությունը դատապարտող կոչ»:
Բոլոր երկրներում Նիկան պատրաստում է թղթե կռունկներ և համերգից հետո` որպես խաղաղության խորհրդանիշ, բաժանում է հանդիսատեսին:

Նիկան առաջին անգամ չէ Հայաստանում. արդեն հասցրել է Գյումրիում մասնակցել երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» փառատոնին՝ գրավելով առաջին հորիզոնականը: Նիկայի համար մենահամերգներով շրջագայության ողջ տարվա ծրագիրն արդեն կա՝ դրա մասին ավելի շատ խոսում է մայրը:
«Մոտ 5 տարի աշխատում ենք քարոզել խաղաղություն և դատապարտել պատերազմներն ու ցեղասպանությունը: «Երաժշտություն հանուն խաղաղության» հիմնադրամի միջոցով նախագծեր ենք իրականացրել Ճապոնիայում ու Իրանում: Արդեն 4-րդ անգամ եմ գալիս Հայաստան և ամեն անգամ նորանոր բաներ եմ իմանում ցեղասպանության մասին: Ահա այդ պատճառով իմ դուստրը երկու երգ է երգում ցեղասպանության թեմայով»,- նշեց Նազլի Բախշայեշը՝ փաստելով, որ Գյումրին շատ է հավանում՝ քանի որ մշակութային քաղաք է, ուր յուրաքանչյուր քար մշակույթ է շնչում:
Կատարողական բարձր արվեստի և հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդման համար Նիկան պարգևատրվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պատվոգրով և Գյումրու Երիտասարդական պալատի շնորհակալագրով ու հուշանվերով՝ իր գծանկարը, որն ամենաշատն ուրախացրեց փոքրիկ երգչուհուն, և նա չթաքցրեց անկեղծ զարմանքն ու հիացմունքը:

Համերգի ավարտին՝ ի նշան խաղաղության և համերաշխության, Նիկան իր պատրաստած թղթե կռունկները նվիրեց հանդիսատեսին:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» ծրագրում ներառվել է 2021թ․-ի արտադրության «Սև Բախ Արցախ» ֆիլմը, ինչը համացանցում բացասական արձագանքի է արժանացել ադրբեջանցի օգտատերերի կողմից։ Ֆիլմը հիմնված է Արցախի բնակիչների հետ հարցազրույցի վրա։
Ադրբեջանցի օգտատերերը զայրույթով են արձագանքել ֆիլմի վերնագրին և կողմնակալ են համարել Բեռլինալեի կայքում հրապարակված նախնական սցենարը, որը ներկայացրել են ֆիլմի հեղինակները։
Ֆիլմը պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին և հիմնված է Արցախի բնակիչների հարցազրույցների վրա, որոնք նկարահանվել են դեռևս 2007թ․-ին՝ երկու պատերազմների միջև։ Ֆիլմի ռեժիսորներն են Այրին Անաստասը և Ռենե Գաբրին։
Բախի կանտատների ռիթմը կրկնող 13 ակտի բաժանված ֆիլմում բնապատկերները միահյուսված են կադրից դուրս ձայնի հետ, որն արտացոլում է պատերազմի, ինքնության և պատկանելիության բնույթը։
Բեռլինալեի կայքում ֆիլմի նկարագրությունը թուրքերի և ադրբեջանցիների կատաղի արձագանքն է առաջացրել․ նրանք այն անվանում են «քարոզչական ֆիլմ»՝ «միակողմանի պատմությամբ»։
Սկանդալ Արցախի մասին ֆիլմի շուրջ. ինչու Մոսկվայի կինոփառատոնից հանեցին «Դրախտի դարպասը»
1990-ականների Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ֆիլմում անվանում են «պայքար հանուն ազատության և ինքնորոշման», իսկ 2020թ․-ի պատերազմը՝ «Ադրբեջանի բռնապետի ներխուժում»։
Փառատոնը մերժել է ֆիլմը ծրագրից հանելու կոչերը։ Վիրտուալ ցուցադրությունից հետո արդեն ամռանը Բեռլինում ֆիլմը կցուցադրվի օֆլայն ձևաչափով:
Փառատոնի հայտարարության մեջ ասվում է, որ բոլորն անհամբերությամբ են սպասում ամռանը ֆիլմի ցուցադրմանը և պանելային քննարկմանը, որի ընթացքում բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել կառուցողական երկխոսությանը։
6 ֆիլմ` նվիրված արցախյան պատերազմին․ «Ոսկե ծիրանը» ևս կմիանա համազգային դրամահավաքին
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` գյուղեգյուղ շրջած, տարիներ շարունակ հավաքած և հիմա էլ թշնամու ձեռքից փրկած 71 գորգ է ցուցադրության հանվել։

«Եթե քանակական առումով նայենք, ապա մեր հավաքածուի 2/3-րդն ենք փրկել, սակայն որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել ենք։ Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասաց Ասծատրյանը։
Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը
Նա պատմեց, որ հոկտեմբերի 20-ին ինչպես Երևանի, այնպես էլ Արցախի մշակույթի ոլորտի պատասխանատուները զանգահարել և խորհուրդ են տվել, որ գորգերը թանգարանից տարհանեն։ Ասծատրյանը, սակայն, որոշել է մի քիչ էլ սպասել` չի ուզել թանգարանը դատարկել։ Բայց դրան հաջորդող օրերին նկատել է` ադրբեջանական զորքը մոտեցել և Քարինտակ է հասել։ Պատերազմի վերջին օրերին էլ մեծ հրթիռ է պայթել թանգարանի մոտ` կոտրելով դուռ-պատուհանը։ Հենց այդ պահին Ասծատրյանը զանգել է Արցախի մշակույթի նախարարին և խնդրել, որ մեքենա տրամադրի գորգերը տեղափոխելու համար։

Շուշիի գորգերի հավաքածուն Ասծատրյանի շնորհիվ է հավաքվել։ Նա անձամբ է շրջել տնետուն ու գնել դրանք։ «Երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, ադրբեջանցիները շրջում էին գյուղերով և հայկական հին գորգերը գնում ու տեղը նորերն էին առաջարկում։ Այդ ամենը տանում էին Բաքվի թանգարան և ցուցադրում որպես ադրբեջանական մշակույթի մի մաս։ Դա տեսնելով` հասկացա, որ փրկության միակ ձևը դրանք գնելն է։ 2000-ականներին սկսեցի գնել գորգերը»,–ասում է Ասծատրյանը։
Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն
Մարդիկ Ասծատրյանին սիրով են իրենց գորգերը վաճառել, երբ իմացել են, որ նա պատրաստվում է Շուշիում թանգարան բացել։ Ավելին, եղել են դեպքեր, որ մարդիկ պատմել են` նախկինում իրենցից ավելի բարձր գնով էլ ուզել են գորգ գնել, սակայն քանի որ իմացել են, որ այն Արցախից դուրս պետք է հանեն, չեն վաճառել։ Արդյունքում Ասծատրյանը 2011-ին Շուշիում բացել է գորգերի թանգարանը։

Ասծատրյանը հավաքածուում բավական հին գորգեր ունի` անգամ 17-րդ դարին վերագրվող։ Հիմնականում 19-րդ դարի գորգեր են, որոնք աչքի են ընկնում իրենց սիմվոլներով, և մասնագետներն առաջին իսկ հայացքից տարբերակում են, որ դրանք արցախյան գորգեր են։
Ասծատրյանն ասում է, որ յուրաքանչյուր գորգ իր պատմությունն ունի։ Արցախյան գորգերի մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Ասծատրյանն ասում է` մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

«Հիմա միակ ցանկությունս է, որ մի տարածք հատկացնեն և Երևանում թանգարան բացենք։ Այստեղ ցուցադրության ժամանակ մարդկանց մոտ ես հետաքրքրություն եմ նկատում։ Ավելին, շատերը գալիս և ասում են, որ ուզում են իրենց տոհմական գորգերը մեզ նվիրեն, որպեսզի հավաքածուն հարստանա»,–ասաց Ասծատրյանը։

Նա կարծում է, որ թանգարանը կարող է հարթակ դառնալ, որպեսզի արցախյան գորգերը գիտականորեն ուսումնասիրվեն։
Նշենք, որ Երևանում գորգերը կցուցադրվեն առաջիկա ամիսներին, իսկ ցուցադրության մուտքն ազատ է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ՀՀ վարչապետի առաջարկին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում։
«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, որն այլևս անկարող է դիմանալ այս պայմաններին։
«Ես մեկ ժամ խոսակցություն եմ ունեցել և պատրաստ եմ ցանկացած այլ ուժի հետ էլ այդ խոսակցությունն ունենալ»,– ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման դեռ չի գնացել ու հայտարարել է, որ նրանից հրավեր չի ստացել։



